Ասում է ՀՀ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը՝ Հայաստանում օտար լեզուներով ուսուցման դպրոցներ հիմնելու նախաձեռնության վերաբերյալ:
Մայիսի 4-ին բլոգերների հետ հանդիպման ժամանակ հիմնավորելով «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել էր, թե ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում կան մարդիկ, ովքեր հսկայական գումարներ են վճարում, որ իրենց երեխաները կրթություն ստանան արտասահմանում՝ միջազգային հեղինակավոր դպրոցներում. «Ինչո՞ւ Հայաստանում չեն կարող լինել նման դպրոցներ, առավել եւս, որ դրանք արդեն կան տարածաշրջանում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում»: Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Բագրատ Եսայանին խնդրեցինք անդրադառնալ Արմեն Աշոտյանի այս հիմնավորմանը. «Մինչ այդ հարցադրմանն անցնելը՝ կցանկանայի անդրադառնալ մեկ այլ հարցի, թե ինչից է առաջացել այս նախաձեռնությունը: Այն մտահոգությունը, որն արտահայտում է նախարարն այս կապակցությամբ՝ 100%-ով կիսում եմ եւ համաձայն եմ, որ ՀՀ հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդումը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա: Սա հետագայում ազդում է թե մեր բարձրագույն կրթական համակարգի մակարդակի, թե գիտական ներուժի ձեւավորման, թե ընդհանրապես հասարակության մտածողության եւ աշխարհին ինտեգրվելու վրա: Ականատես եմ եղել բազմաթիվ դեպքերի, երբ մեր երկրի նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներ արտասահմանում անգամ երկու բառ օտար լեզվով չեն կարողացել իրար կապել: Եվ սա անթույլատրելի է:
Այժմ՝ երկրորդ մտահոգության մասին, որ Հայաստանում ստեղծվեն նաեւ միջազգային ծրագրեր իրականացնող դպրոցներ: Նման մի քանի ծրագրեր կան՝ առաջինը միջազգային բակալավրիատի ծրագիրն է, երկրորդը՝ «միջազգային որակի դպրոց» ծրագիրը, որը ողջ աշխարհում ունի ցանցեր: Խնդիր է դրված, որ Հայաստանում ստեղծվեն ամբողջությամբ այս ցանցերի մաս կազմող դպրոցներ: Եվ այս մտահոգությունը նույնպես կիսում եմ եւ հիշեցնում, որ Սերգո Երիցյանի պաշտոնավարման օրոք Թաիլանդի «Ռեգենտների դպրոցի» հետ կնքվեց համաձայնագիր, որի իրականացումն ակտիվորեն շարունակվել է մեր շրջանում, երբ ՀՅԴ-ն էր ստանձնել կրթության եւ գիտության նախարարության պատասխանատվությունը:
Այլ հարց է, որ վերոհիշյալ երկու խնդիրների լուծման ձեւն, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չի ընտրված: Եթե ցանկանում ենք բարձրացնել օտար լեզվի դասավանդման մակարդակը՝ անպայման չէ, որ դա լինի հայերենի հաշվին: Այլ լուծումներ են պետք: Լուծումների մասին մենք մտածել ենք նաեւ այնժամ, երբ ընթանում էր «Հանրակրթության մասին» օրենքի քննարկումը: Կրթության համակարգին լավատեղյակները շատ լավ գիտեն, որ Հայաստանում գործում է միջազգային որակի դպրոց, որն այլ կերպ անվանվում է «ամերիկյան դեսպանատան դպրոց»: Մենք խնդիր էինք համարում, որ այս դպրոցը կարծես մաս չի կազմում Հայաստանի կրթական համակարգին: Բայց վստահ էինք, որ պետք է լինի հակառակը՝ ոչ թե պետք է թույլ տանք, որ այն մաս չկազմի, այլ մեխանիզմներ ստեղծենք, որ ինտեգրվի: Եվ օրենքում մենք այդ մեխանիզմները նախատեսել ենք՝ հանրակրթության պետական չափորոշիչը հոդվածում նշված է. «Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում՝ 30%-ից պակաս»: Սա բավական լուրջ ծավալ է եւ հնարավորություն է տալիս միջազգային ծրագրեր իրականացնող դպրոցներին՝ բավարարելով պետական պարտադիր ժամաքանակը, մնացած 50-70%-ը տրամադրել միջազգային ծրագրերին: Գործող օրենքն այդ հնարավորությունը տալիս է, եւ կարծում եմ, առանց օրենքում այս նոր փոփոխությունների՝ հնարավոր է լուծել վերոհիշյալ խնդիրները:
Բացի այդ՝ ինքս նաեւ բանակցություններ եմ վարել Ժնեւում միջազգային բակալավրիատի դպրոցների ցանցի կենտրոնի հետ, որ Հայաստանում ստեղծվի այդպիսի մի դպրոց: Եվ նշեմ, որ նրանց պահանջների մեջ ամենեւին չի մտնում, թե դա պետք է լինի անգլերենի կամ այլ օտար լեզվի հիմքի վրա գործող դպրոց: Նրանց համար միանգամայն ընդունելի է, որ դպրոցի հիմնական լեզուն լինի հայերենը: Ուղղակի օտար լեզուների դասավանդման մակարդակը պետք է համապատասխանի իրենց պահանջներին, որոնք խիստ բարձր են: Այսինքն՝ օտար լեզվին լավ իմացության չափանիշները չեն հակասում պետական՝ ազգային լեզվի հիմքի վրա դպրոցի ստեղծմանը:
Նաեւ ինչու եմ կարծում, թե ճիշտ չէ օտար լեզվի հիմքի վրա դպրոց ստեղծելը՝ քանի որ ծանոթ եմ մեր հասարակության մտածողությանը: Փոխնախարար իմ պաշտոնավարման շրջանում մարդիկ հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով փորձում էին իրենց երեխաներին խցկել ռուսերեն դասավանդման դասարաններ՝ հրաժարվում էին իրենց զավակից, եւ եթե որեւէ օտարազգի ազգական ունեին՝ նա որդեգրում էր երեխային, որպեսզի ռուսական դասարանում սովորելու հնարավորություն ստեղծվեր: Այս մնացուկային, քաղքենիական մտածողությունը, թե ռուսական դասարանում սովորողը կամ ռուսական դպրոց գնացողն ավելի արիստոկրատ է, ավելի բարձրաշխարհիկ է՝ քանդում էր մեր կրթական համակարգի հիմքերը»:
Կրթության եւ գիտության նախարարը նաեւ նշել էր, թե օտար լեզուներով ուսուցման դպրոցները զանգվածային չեն կարող լինել՝ դրանց թիվը չի կարող գերազանցել ընդհանուր դպրոցների թվի 2%-ը, ու յուրաքանչյուրի ստեղծման համար ՀՀ կառավարությունն առանձին որոշում պետք է կայացնի. «Այդ դպրոցներում եւս մայրենի լեզվի եւ հայագիտական առարկաների առումով գործելու են նույն կրթական չափորոշիչները»: Մեր խնդրանքով անդրադառնալով նաեւ այս փաստարկներին՝ Բագրատ Եսայանը նախ ասաց. «Խորապես հարգելով պրն Աշոտյանին՝ հավատում եմ, թե չեն գերազանցի 2%-ը եւ կգործեն նույն չափորոշիչները: Այնուամենայնիվ, եթե մի հարց թողնվում է կառավարության որոշմանը՝ դա մի սկզբունք է, իսկ եթե կարգավորվում է օրենքով՝ երկրորդ սկզբունքը: Ես որեւէ երաշխիք չեմ տեսնում, թե հաջորդ կառավարությունը եւ հաջորդ նախարարը չեն ունենա այլ դիրքորոշում, թե քանի տոկոս պիտի կազմեն օտարալեզու դպրոցները եւ արդյոք այնտեղ գործելո՞ւ են նույն չափորոշիչները»: Կրթության եւ գիտության նախկին փոխնախարարը նաեւ հավելեց. «Մի տարվա սերունդը 35 հազար հոգի է: Համարենք, որ իրոք ընդամենը 2%-ը՝ 700 հոգի են սովորելու օտար լեզվով ուսուցման դպրոցներում: 35 հազարի համար դասագիրք տպելը մեզ արժենում էր յուրաքանչյուրը՝ 2 հազար դրամ: Հիմա այդ 700-ի համար դասագիրքը կարժենա մոտ 100 հազար դրամ, եթե նույնիսկ 5 տարի օգտագործեն՝ մի դասագիրքը՝ 20 հազար դրամ: Նման արժեքով դասագիրք կտպագրե՞ն: Վստահ եմ, որ ոչ: Վստահ եմ, որ ուղղակի կբերեն այն երկրի դասագիրքը, որտեղ դա մայրենի լեզու է, այսինքն՝ եթե ռուսական է դպրոցը՝ կբերեն Ռուսաստանից: Իսկ դա նշանակում է, որ մենք մեր դպրոցների 2%-ն ուղղակի դարձնում ենք այլ երկրի դպրոց»: