Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողբերգությունների պատճառները ներքին են»

Մայիս 06,2010 00:00

Ժիրայր Սեֆիլյանը առաջարկում է հրաժարվել դրսի օգնությունից, ձեւավորել օտարից անկախ քաղաքական էլիտա, անցնել համահայկական քաղաքական կառավարման, իսկ Արցախը պետք է դատապարտի Հայաստանի իշխանություններին:

«Առավոտը» տեղեկացրել է, որ սույն թվականի փետրվարի 28-ից մարտի 3-ը Վաշինգտոնում կայացել է Policy Forum Armenia-ի՝ PFA երկրորդ տարեկան համաժողովը՝ «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. անկախությունից 20 տարի անց» թեմայով:  PFA-ն շահույթ չհետապնդող կառույց է, փորձագետների միավորում, որ փորձում է լուծումներ առաջարկել եւ աշխատում է «Ավելի լավ քաղաքականություն, ավելի ապագա» կարգախոսով: «Սարդարապատ» շարժումը երեկ տարածել է շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանի գրավոր զեկույցը՝ ուղղված համաժողովի մասնակիցներին:
Ժիրայր Սեֆիլյանը նկատել է, որ «յուրաքանչյուր ազգ, ժողովուրդ մարդկային հասարակության առաջընթացի եւ զարգացման մեջ ունի առաքելություն՝ ինքնուրույն նպատակ եւ առանձնահատուկ ներդրում: Փորձեմ ներկայացնել հայ ազգի հարատեւման համար անհրաժեշտ մեր մոտեցումները»:
Ըստ Սեֆիլյանի, «վերլուծելով հայության ներկա վիճակը, փնտրելով մեր ողբերգությունների բուն պատճառները՝ կարող ենք արձանագրել, որ դրանք առաջին հերթին ներքին են եւ հետո, որպես մեր թույլ եւ խոցելի վիճակի հետեւանք, արտաքին: Ժողովրդավարություն, ազատականություն, արդարականություն, անկախություն, պետականություն, մարդու իրավունքներ. ահա հակիրճ թվարկումն այն արժեքների, որոնք միջոցից վերածվել են նպատակի: Մինչդեռ անկախությունն ընդամենը անհրաժեշտ միջոց է, պետությունը՝ լոկ կազմակերպման ձեւ, ժողովրդավարությունը սոսկ  կառավարման եղանակ է եւ ոչ նպատակ, ի տարբերություն իրական նպատակների եւ արժեքների՝ բարոյականության, մարդասիրության, ինքնատիպության պահպանման, կատարելագործման: Մեր տարածաշրջանում տարատեսակ շահեր ունեցող կենտրոնները Հայաստանում գործող հասարակական, քաղաքական, կրոնական, բարեգործական եւ այլ կազմակերպությունների միջոցով քաղաքական զանազան ներարկումներ են իրականացնում: Կուսակցությունները, ուղղակի կամ միջնորդավորված, կառավարելի եւ վերահսկելի են հիշյալ կենտրոնների կամ նրանց կողմից կառավարվող «Հայաստանի իշխանություն» կոչվող խամաճիկային վարչախմբի կողմից: 1991 թվականից իշխանությունները որդեգրեցին նաեւ այն վնասակար մոտեցումը, թե Հայաստանով պիտի զբաղվեն հայաստանցիները, իսկ արտերկրով՝ այնտեղ բնակվող հայերը: Այս մոտեցումը ժամանակի ընթացքում դարձավ կարծրատիպ, ինչը, դժբախտաբար, մինչ օրս շարունակվում է: Օր առաջ անհրաժեշտ է փշրել այդ կարծրատիպը ու հռչակել, որ յուրաքանչյուր հայ, ուր էլ որ նա բնակվի, իրավունք ու պարտականություն ունի զբաղվելու իր հայրենիքի ներքին անցուդարձով, ազգային խնդիրներով, որոնք ուղղակի կապ ունեն մեր երկրի ու ժողովրդի լինելիության հետ: Յուրաքանչյուր մտահոգ հայ մարդ թե՛ Հայաստանում եւ թե՛ արտերկրում պիտի ջանա գտնել այն առողջ ազգային միավորը հայրենիքում, որին օժանդակելով՝ հնարավոր կլինի վերջ դնել այլոց կողմից եւ Հայաստանի վարչախմբի ձեռքերով մեր երկրի  ղեկավարումը: Ինչ վերաբերում է Հայաստան-արտերկիր տնտեսական կապերին, ապա կարծում եմ, որ ժամանակն է դադարեցնել արտերկրից Հայաստան մտնող այն բարեսիրական կամ տնտեսական ներդրումների հոսքը, որոնք սնուցում են օրվա ռեժիմին՝ երկարաձգելով նրանց կործանարար իշխանությունը:
Համոզված եմ, որ նոր զարթոնք ապրող հայ հասարակությունը, ի դեմս հայ երիտասարդության, թե՛ Հայաստանում եւ թե՛ արտերկրում փնտրում է նոր ազգային-քաղաքական գաղափարներ, ծրագրեր եւ առաջնորդներ: Առկա քաղաքական ճգնաժամը կարող է հաղթահարել միայն այն քաղաքական ընտրանին, որն անկախ է օտարից, չի կառավարվում եւ ֆինանսավորվում նրա կողմից եւ ազգային շահը գերադասում է հատվածականից»:
Իսկ Երեւանում երեկ «Սարդարապատ» շարժումը Արցախի ներկայացուցչությանն է փոխանցել «Զգաստության կոչ»՝ ուղղված Արցախում ապրող մեր հայրենակիցներին: «Սարդարապատը» նկատելով, որ «Արցախում բնակվողներդ առաջին հերթին պետք է որ լավ իմանաք, թե ինչ արժեն թուրքի կամ այլոց կողմից տրված խոստումները, ազնիվ խոսքերը, ստորագրած փաստաթղթերը», ահազանգում է. «Պարբերաբար ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը միջազգային տարբեր ատյաններում, տարբեր հանդիպումներում առիթը բաց չի թողնում աշխարհին ապացուցելու, որ ազատագրված տարածքները մեր հայրենիքը չեն, եւ ինքը այն պատրաստ է վերադարձնելու Ադրբեջանին՝ ինչ-ինչ պայմանների դեպքում, հպարտորեն փաստում է, որ այդ տարածքները առ այսօր չեն բնակեցվում, չեն շահագործվում: Ցավոք, առ այսօր Ձեր կողմից ազատագրված տարածքները չհանձնելու վերաբերյալ, բացառությամբ մեկ–երկու հայտարարության, որեւէ լուրջ, պետական մակարդակով դատապարտող հայտարարություն չի հնչել, ընդվզող պահվածք չի եղել: Այնինչ, այդպիսի կեցվածքի դրսեւորումն այլեւս հրամայական անհրաժեշտություն է»:
«Սարդարապատի» ներկայացուցիչները փորձել են կոչը հանձնել Հայաստանում Արցախի ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանին, նրանց ասել են, որ Ավետիսյանը տեղում չէ, սակայն դրանից մի քանի րոպե անց Արցախի ներկայացուցչության միջանցքներում «Սարդարապատ» շարժման անդամները տեսել են Կառլեն Ավետիսյանին ու փոխանցել կոչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել