Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱՎԱԽՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏ ՃՆՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

Մայիս 06,2010 00:00

Վրաստանի այդ տարածաշրջանում սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին ասում է «Բազմազգ Վրաստան» հ/կ-ի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:

Մայիսի 30-ին Վրաստանի ողջ տարածքում այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում, տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այդ ընտրությունները, ինչպես Վրաստանի ազգային փոքրամասնություններին միավորող «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն է ասում, առաջինն են, որոնց վրա մասնավորապես հայ համայնքը փորձում է կազմակերպված ազդեցություն ունենալ: Բայց, ավաղ: Հայ համայնքը մինչեւ ընտրությունները բանակցում էր ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ կողմնորոշվելու համար, թե առաջիկա ընտրություններում նրանցից որի՞ն է սատարելու, բնականաբար՝ նկատի ունենալով նրանց կողմից համայնքի խնդիրների նկատմամբ ուշադրության եւ դրանք լուծելու հանգամանքը։ Համայնքի մի մասը պաշտպանում է երկրում իշխող՝ Սահակաշվիլիի ղեկավարած «Ազգային շարժում» կուսակցությանը, մյուս մասը՝ բանակցություններ էր վարում այլ՝ ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ «Ալյանս՝ Վրաստանի համար», որին անդամակցում են, ինչպես Առնոլդ Ստեփանյանն ասաց «Առավոտի» հետ զրույցում, հին եւ ավելի կազմակերպված քաղաքական ուժերը՝ Ալասանիայի գլխավորությամբ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ու նաեւ իշխանական կուսակցության հետ։ Վերջին երկուսի հետ լեզու գտնել չի հաջողվել։ «Ալյանս՝ Վրաստանի համար» քաղաքական ուժը միակն էր, որ արձագանքել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայ համայնքի կոչերին եւ իր ներկայացուցիչների մակարդակով մասնակցել է Ցեղասպանության տարեդարձին նվիրված միջոցառումներին եւ մամուլում ու հեռուստատեսությամբ հանդես է եկել մեկնաբանություններով։ «Այսուհանդերձ, ես չէի ասի, թե մենք խաղադրույք ենք անում որեւէ կուսակցության վրա, որովհետեւ հայ համայնքի ներկայացուցիչների համար սա առաջին ընտրություններն են, որոնց վրա մենք փորձում ենք կազմակերպված ազդեցություն ունենալ։ Մենք հիմա, այսպես ասած, ճակատամարտից առաջ հետախուզական գործողություններ ենք իրականացնում, եւ հույս ունեմ, որ հաջորդ ընտրություններն այս իմաստով ավելի հաջողված կլինեն»։
Ինչ վերաբերում է կոնկրետ Սամցխե-Ջավախքում կայանալիք ընտրություններին, ապա Ա. Ստեփանյանի ասելով, որի գլխավորած «Բազմազգ Վրաստան» հ/կ-ն իր 300 անդամներով առաջիկա ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու, դրանք վերահսկվում են կենտրոնական իշխանությունների կողմից։ Հայերով կոմպակտ բնակեցված այս տարածաշրջանում, որտեղ հայերը կազմում են բնակչության շուրջ 80 տոկոսը, ընթացող նախընտրական արշավի մասին խոսելով՝ Ա. Ստեփանյանն ասաց, թե՝ ընդդիմադիր կուսակցությունները ինչպես այս, այնպես էլ այլ տարածաշրջաններում, ըստ էության, զրկված են ակտիվ քարոզարշավ ծավալելու հնարավորությունից, թեեւ, ի տարբերություն համապետական ընտրությունների, այնքան էլ հետաքրքրված չեն տարածաշրջանների ՏԻՄ ընտրություններով: «Այնպես որ, ընտրությունների ելքը, թերեւս, կանխորոշված է, եւ կարելի է ասել, որ իշխող կուսակցությանը կհաջողվի այդ ընտրություններում մեծամասնություն ստանալ»,- ասաց Ա. Ստեփանյանը՝ նկատի ունենալով նաեւ Ջավախքում սպասվող ընտրությունները։ Նրա ասելով, Թբիլիսիից դուրս՝ տարածաշրջաններում, ճնշումները առավել նկատելի են, եւ դա փաստ է։ «Բայց այս ընտրությունների պարագայում մենք դեռ բաց, ակնհայտ ճնշման դեպքեր չենք արձանագրել։ Մենք տեղեկություններ ունենք ինչ-ինչ ճնշումների մասին, բայց դրանք այս պահին գոնե թաքնված բնույթ են կրում  եւ բացահայտ չեն»,- փաստեց Ա. Ստեփանյանը: Նրա ասելով, հայ համայնքը առաջիկա ընտրություններին միասնական չէ ոչ միայն Թբիլիսիում, այլեւ Ջավախքում, որտեղ մի զգալի հատվածին պաշտպանում են իշխանությունները, բայց դա հիմնականում այն հատվածն է, որը իշխանամետ կլանների մաս է կազմում։ «Իսկ Ջավախքում հասարակությունը պայմանականորեն կարելի է բաժանել ըստ կլանների, որոնք ղեկավարում են շրջանը, իհարկե, մեծ շրջապատ եւ կապեր ունեն եւ իրենց հերթին պաշտպանում են իշխանություններին եւ պայքարում են միմյանց դեմ: Նրանցից շատերը, եթե նույնիսկ կուսակցական էլ են, ապա չգիտեն էլ այն կուսակցության անունը, որին անդամակցում են, տեղյակ չեն ոչ միայն կուսակցության ծրագրին, այլեւ՝ թե կոնկրետ ում օգտին են քվեարկելու։ Նրանք գիտեն, որ ընտրելու են Սահակաշվիլու կուսակցությանը կամ թեկնածուին, որը քվեաթերթիկում այսինչ համարի տակ է: Այստեղ ավելի սրված է ոչ թե իշխանություն-ընդդիմություն, այլ միջկլանային պայքարը»,- ասաց Ստեփանյանը:
Բայց սրանից զատ մի կարեւոր հիմնախնդիր էլ կա Ջավախքում՝ խտրականությունը: «Բանն այն է, որ ընտրատարածքները համամասնորեն չեն բաժանված։ Այն գյուղերը, որտեղ էթնիկ վրացիներ են ապրում, ավելի շատ տեղ ունեն խորհրդարանում, քան այնտեղ ապրող հայերը: Այսինքն՝ նրանք ավելի շատ թվով պատգամավորներ ընտրելու հնարավորություն ունեն, քան հայերը: Դա վաղուց հայտնի փաստ է, բայց դրա դեմ ոչինչ անել չի հաջողվում»,- ասաց Ա. Ստեփանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել