Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Թայմս-Սքվեր փողոցում պայթյունի փորձի հեղինակը

Մայիս 05,2010 00:00

\"\"Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են այն մարդուն, ով կասկածվում է անցած շաբաթ Նյու Յորքի բանուկ փողոցում մեքենա պայթեցնելու փորձի մեջ:
BBC-ի մատուցմամբ, ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Խոլդերը հրապարակել է ձերբակալվածի ինքնությունը. ԱՄՆ քաղաքացի, ծագումով պակիստանցի Ֆեյզալ Շահզադ: Վերջինս ձերբակալվել է Նյու Յորքի Քենեդիի օդակայանում՝ Դուբայ ուղեւորվող ինքնաթիռ նստելու պահին: Հիշեցնենք, որ Թայմս-Սքվերում պայթեցման անհաջող այդ փորձից հետո Պակիստանի «Թալիբան» խմբավորումը ստանձնել էր ավարտին չհասցված այդ ահաբեկչության պատասխանատվությունը՝ պնդելով, թե դա իր առաջնորդի եւ Իրաքում «Ալ-Քաիդայի» ղեկավարներից մեկի սպանության վրեժն է, բայց Նյու Յորքի իշխանություններն ու ոստիկանության պետը այդ հայտարարությունը համոզիչ չէին համարել: Փոխարենը երեկ համացանցում հայտնվել է պակիստանցի թալիբների առաջնորդ Հակիմուլլա Մեհսուդի կողմից ԱՄՆ-ի հասցեին սպառնալիք պարունակող արդեն երկրորդ տեսագրված հայտարարությունը: Ամերիկացիները վերջինիս դեռ 2010թ. հունվարին համարել էին սպանված. նրանց հայտարարությունների համաձայն, Մեհսուդը ոչնչացվել էր ամերիկյան անօդաչու ինքնաթիռի իրականացրած հարվածի արդյունքում: «France Press»-ի մատուցմամբ, սակայն, Մեհսուդը ապրիլի 4-ով թվագրված իր տեսաուղերձում հայտարարել է, թե «շատ շուտով կգա այն ժամանակը, երբ մեր մարտիկները հարձակումների կենթարկեն Ամերիկայի գլխավոր քաղաքները»:
Ընդսմին, ինչպես փոխանցում է նույն աղբյուրը, երեկ ԱՄՆ-ում հայտնաբերվել է նաեւ երկրորդ պայթուցիկ սարքը, որը եւս հնարավոր է եղել վնասազերծել: Ռումբը հայտնաբերվել է մեծ ժողովրդականություն վայելող Պիստբուրգի մարաթոնի վերջնագծից ոչ հեռու գտնվող մայրուղու մայթին թողնված միկրոալիքային վառարանի մեջ: Ռումբը հայտնաբերվել է մարաթոնային վազքի հենց մեկնարկի ժամանակ: Ոստիկանները ստիպված են եղել դադարեցնել մրցավազքը մինչեւ ռումբի ականազերծումն ու մարաթոնի մոտ 500 հազար մասնակիցներին տարածքից տարհանել են: Ավելի ուշ, մարաթոնային վազքը կայացել է, իհարկե, փոքր-ինչ փոփոխված երթուղով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել