Խոսքը հանրածանոթ եւ մարդկանց մեծ մասի համար սիրելի արեւածաղկի սերմերի մասին է: Սրանք յուրահատուկ, բնության կողմից ստեղծված «պահեստներ» են, որոնք ընդունակ են երկար ժամանակ պահպանել իրենց մեջ եւ տալ մեր օրգանիզմին բազմաթիվ պիտանի սննդանյութեր: Օրինակ՝ կիսաչհագեցած ճարպաթթուներ (լինոլաթթու եւ օլեյնաթթու), բոլոր անփոխարինելի ամինաթթուները, այդ թվում՝ մեթիոնին, որոնք օրգանիզմում կարգավորում են ճարպափոխանակությունը եւ նորմավորում խոլեստերինի քանակությունը:
Մագնեզիումի քանակը 100 գ արեւածաղկի սերմերում 311 մգ է: Այն 6 անգամ շատ է, քան աշորայի (սեւ) հացում: Մագնեզիումն անհրաժեշտ է սրտանոթային համակարգի նորմալ գործունեության համար: 50-60գ արեւածաղկի սերմը հավասարազոր է 20-30գ արեւածաղկի ձեթին եւ ամբողջովին բավարարում է կիսաչհագեցած ճարպաթթուների եւ վիտամին E-ի կարիքը: Իսկ վիտամին E-ն, որը կենսականորեն խիստ անհրաժեշտ է, կանխում է մկանային թուլությունը, հոգնածությունը, հատկապես նրանց, ովքեր զբաղվում են սպորտով, ֆիզիկական աշխատանքով:
Վիտամին E-ն համարվում է նաեւ հակաօքսիդանտ եւ թույլ չի տալիս օրգանիզմում կիսաչհագեցած ճարպաթթուների օքսիդացում, որի ժամանակ դրանք կորցնում են իրենց օգտակար հատկությունները: Արգելակում է աթերոսկլերոզի զարգացումը, օրգանիզմը պաշտպանում է ճառագայթային էներգիայից: Ունի նաեւ հակաքաղցկեղային հատկություն: Ահա այսպիսի «հրաշագործությունների» են ընդունակ այդ սեւ կամ գծավոր, փոքրիկ, բնական «պահեստները»՝ արեւածաղկի սերմերը: