Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատից Սիոն»

Մայիս 05,2010 00:00

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի նկարահանած «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ռեժիսորը Էդգար Բաղդասարյանն է, պրոդյուսերն ու սցենարի հեղինակը՝ տեր Մեսրոպ քահանա Արամյանը, գլխավոր օպերատորը՝ Ռուբեն Գասպարյանը: «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունը ֆիլմի եւ դրա հայաստանյան ցուցադրության հովանավորն է:
«Արարատից Սիոն» ֆիլմը ներկայացնում է հայ ժողովրդի դերը եւ ներդրումը մարդկության պատմության մեջ: Երբեմն փոքր ժողովուրդներն իրականացնում են զարմանալիորեն մեծ, իրենց սահմաններից դուրս համամարդկային առաքելություններ: Այդպիսին է հայերի հոգեւոր ներկայությունը Սուրբ Երկրի ժառանգության մեջ: Ֆիլմի հերոսը հայ ուխտավորն է, ով անցել է մահվան մեծ հավանականություն ունեցող ճանապարհներով եւ իրեն կոչել «մահտեսի»՝ «մահը տեսնող»: 18-րդ դարի Երուսաղեմի պատմիչ Հանա եպիսկոպոսը խորհուրդ է տալիս հայ ուխտավորներին այս կենաց եւ մահու ճամփան բռնելուց առաջ խոստովանել մեղքերը քահանային եւ կտակ գրել, որովհետեւ վերադառնալու հավանականությունը մեծ չի եղել: Այս մեծագույն հոգեւոր սխրանքի եւ զոհաբերության շնորհիվ հայերն այսօր աշխարհի կենտրոնում են եւ քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից են:
«Արարատից Սիոն» ֆիլմը նաեւ պատկանելության եւ արժանապատվության կոչ է հայ մարդուն՝ դուրս գալու փոքրության բարդույթից եւ սեփական պատմության տերը դառնալու: Ֆիլմի բնօրինակը անգլերեն է, տեքստը կարդում է հոլիվուդյան անվանի դերասան Էյդան Քուինը: Ֆիլմում հնչում է համաշխարհային կինոյի երաժշտական հանճար Լիզա Ջերարդի ձայնը:
Ֆիլմը մտել է 8 միջազգային կինոփառատոների եզրափակիչ մրցանակային փուլ: Մայիսի 12-ից Միացյալ Թագավորությունում կայանալիք համաշխարհային պրեմիերայով սկսվում է ֆիլմի շրջագայությունը աշխարհում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել