Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը կավարտվի»

Մայիս 05,2010 00:00

Ահազանգում է Աշոտ Մանուչարյանը՝ պահանջելով վերանայել մեր գոյության փիլիսոփայությունը

«Թեքեյան» մշակութային միության դահլիճում երեկ հռչակվեց նոր՝ Ժողովրդահայրենասիրական շարժման ձեւավորման մասին։ Շարժումը, կարելի է ասել, պտուղն է մոտ մեկ տարի առաջ սկսված Սոցիալիստական կոնֆերանսի հավաքների, որոնք տեղի էին ունենում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի «կնքահայրությամբ»: Ի դեպ, վերջինս 2008-ի նախագահական ընտրություններից հետո հրապարակային գործունեություն չէր ծավալում: Թե ինչո՞ւ է որոշել նորից ակտիվանալ՝ այս եւ «Առավոտի» այլ հարցերի պատասխաններն Աշոտ Մանուչարյանը խոստացավ տալ առաջիկա օրերին: Հիշեցնենք, որ պարոն Մանուչարյանը վերջերս պատահականորեն հայտնվել էր նաեւ Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության համագումարին եւ ելույթ էր ունեցել:
Իսկ մինչ այդ նշենք, որ ըստ հանդիպումը վարող ԱԺ պատգամավոր, նորընծա հնչակյան Վարդան Խաչատրյանի, շարժումն անհատների, քաղաքացիական նախաձեռնություն եւ միություն է: Հավաքին ներկա էին պերկուպերկյանական հնչակյանները, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, Արկադի Կարապետյանը (ԱԳՈ), Միքայել Ապրեսյանը եւ արցախյան ազատամարտի այլ մասնակից հրամանատարներ ու շարքայիններ: Կարկառուն եւ հանրահայտ քաղաքական գործիչներ, բացի Ա. Մանուչարյանից եւ Վ. Խաչատրյանից, չկային: Վահան Շիրխանյանը, որն այս թիմի ակտիվիստներից է, հավաքին ներկա չէր, ինչպես «Առավոտին» փոխանցեցին իր կուսակից ընկերները՝ վատառողջ լինելու պատճառով:
Իսկ Շարժմանը հուզող խնդիրները Հայաստանում տիրող եւ ներքին իրավիճակն է, եւ մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում առկա խնդիրները: «Ժողովրդահայրենասիրական ուժերի շարժումը՝ որպես հավաքական ուժ, իր առաքելությունը տեսնում է հասարակական զարգացմանը խոչընդոտող արատավոր երեւույթների դեմ պայքարով, հասարակության ներուժի համախմբմամբ՝ երկիրը զարգացման ակոսին վերադարձնելու մեջ»,- ասված է հայտարարության մեջ։
«Մեղք է մեր ժողովուրդը, որ իրար չենք սիրում, որ իրար ատում ենք, որ չորս կողմը ատելություն է»,- իր ելույթում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատարը՝ հիշելով նաեւ Իսահակյանին, ով իր ժամանակին հայրենասիրության կոչ էր հնչեցրել եւ պատգամել, որ համախմբվելու եւ իրար սիրելու մեջ է հայի փրկությունը: Ի դեմս այս միավորման, Մանվել Եղիազարյանը կոչ է անում համախմբվել երկիրն այս իրավիճակից դուրս բերելու կարող ուժերի շուրջ: Նա իշխանությունների հասցեին թթու խոսքեր չհնչեցրեց, ասաց, որ այսօր հայի լինել-չլինելու խնդիր պետք է լուծենք, բայց խոստացավ, որ կգա ժամանակը, եւ ինքը շատերի մասին «շատ բան» կասի:
Աշոտ Մանուչարյանը խոսեց ընդդեմ փողի իշխանության եւ փողի սրբացման: Նրա կարծիքով, այսօր մեր երկրում տիրող իրավիճակը ոչ այլ ինչ է, քան «մարդկային բնության բացարձակ նվաստացում»: Առկա բացարձակ սպառողի հոգեբանությունը, նրա կարծիքով, մարդուն դարձրել է «ամենավտանգավոր գիշատիչը»: «Այդ մարդը 20 տարի առաջ Հայաստանում չկար: 1988-90-ը նույն կաշառակեր դատավորները, գործ սարքող ոստիկանները կային, բայց նման բաներ չկային, քանի որ ժողովուրդն էր երկրի տերը: Ծնվեց փողի «աստվածը» ու ոչնչացրեց ամեն ինչ՝ կրթություն, գիտություն, մշակույթ, մարդկային հարաբերություններ, ջերմություն՝ հանուն մի «սրբության»: Ի՞նչ Արցախ, ի՞նչ հայ-թուրքական սահման. ցանկացած բան վաճառքի առարկա է»,- ասաց նա՝ քննադատելով «հարստամոլների» հանցագործությունները եւ տարակուսելով, որ այս ամենի արդյունքում արցախյան պատերազմը վերածվեց Հայաստանի կողմից ինչ-որ հողերի նվաճման, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշումը դարձավ չորրորդական մի բան: Իրավիճակից պատվով դուրս գալու համար  Աշոտ Մանուչարյանն առաջարկում է մրցավազքի մեջ չմտնել եւ իշխանությունը չտալ այսօրվա մուրացկանին, ով փափագում է միայն հարստանալ, ոչ թե արժանապատիվ կյանք է երազում: Սեփական անձի առջեւ դնելով՝ «հանուն ինչի՞ ենք պայքարի դուրս գալիս, ի՞նչ ենք փոխելու» խնդիրները, Մանուչարյանը խորհուրդ է տալիս գնալ իրական գաղափարներ կրողների ետեւից: Նախկին մանկավարժը նույնիսկ մի դրվագ հիշեց անցյալից. «30 տարի առաջ, երբ երեխաներին հարցնում էինք՝ ի՞նչ եք ուզում դառնալ, ասում էին՝ գիտնական, բժիշկ, տիեզերագնաց, իսկ հիմա՝ թաղային, օլիգարխ, օլիգարխի թիկնազորի ղեկավար, հարկային տեսուչ: Մենք Հայաստանում մի ինքնակործանման մեխանիզմ ենք միացրել եւ ժողովրդին դարձրել այդ մեխանիզմի ճորտն ու գործիքը: Եթե այս փիլիսոփայությունը չվերանայվեց՝ Հայաստանն ավարտված է: Հարցն այն է՝ կա՞ն Հայաստանում մարդիկ, ովքեր պատրաստ են նոր փիլիսոփայություն ներմուծել եւ դա սկսել իրենցից»: Նա կոչ է անում բոլորին, անկախ քաղաքական եւ կրոնական դավանանքներից, միավորվել՝ հանուն նրա, որ մարդը նորից արժեք դառնա:
Շարժումը մայիսի 8-ին, Երեւանում Արցախի ներկայացուցչության շենքի առջեւ, համերաշխության ցույց է կազմակերպելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել