Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ 1914Թ.

Մայիս 04,2010 00:00

Բիլեջիք գավառ

\"\"

20-րդ դարասկզբին Քարասու գետի ափամերձ հատվածում գտնվող Բիլեջիք գավառում ընդհանուր բնակչության թվաքանակը կազմում էր 10. 519 բնակիչ, որից 4. 080-ը հայեր էին: Այսինքն, բնակչության շատ խառը տեղաբաշխման պայմաններում կարելի է ասել, որ բուն հայկական բնակավայրերից մեկն էր, քանի որ այստեղ բնակչության մեծամասնությունը՝ ազգային պատկանելության տեսակետից, կազմում էին հայերը: Այստեղ հայերը հիմնականում բնակվում էին խիստ եվրոպական ճաշակով կառուցված Բալըփաշա թաղամասում, որտեղ կառուցված էր նաեւ Սբ. Թորոս մայրավանքը: Այս թաղամասում էր գտնվում նաեւ 2 կարեւոր քոլեջ: Տեղի հայերի հիմնական զբաղմունքը մետաքսագործությունն էր, որի մեջ հայերը ունեին իրենց հարուստ ներդրումն ու ավանդույթները: 
Բիլեջիքի գավառը հարուստ էր բուն հայկական մի շարք գյուղերով, որոնցից էին Լեֆքեն, Գյոլփազարը, Նոր գյուղը, Դեջիր-Հանլարը, Թերքմալ գյուղը: Այս գյուղերը բացառապես հայաբնակ էին, իսկ յուրաքանչյուր գյուղ ուներ մի քանի եկեղեցի  ու դպրոց:
Բիլեջիքի Էրթուղրուլ սանջաք:
Գավառի շրջակայքի 13 հայկական գյուղերը հիմնադրվել են 17-րդ դարի սկզբներին: 1865 թ. ի վեր Բիլեջիքում հաստատված եպիսկոպոսությանն էին  ենթարկվում տեղի հայկական համայնքի  25. 380  հայեր:  Բիլեջիք տեղափոխված Բուրսայի եւ Իզմիրի հայությունը 18-րդ դարից սկսած գործածում է թուրքերեն լեզուն: Սակայն, երբ 1830 թ. այստեղ սկսեցին բացել հայկական դպրոցներ, զուգահեռաբար երիտասարդ սերնդի մոտ սկսեցին նկատվել մայրենին տիրապետելու եւ մայրենիով արտահայտվելու ձգտումներ: Երիտասարդ սերունդը սկսեց գործածել հայերենը՝ որպես հիմնական հաղորդակցության լեզու:
Յենիշեհիր:
Այստեղ կար 3 հայկական գյուղ՝  Յենիքյոյ, որն ուներ մեկ՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի, Մարմարաջըք՝ Սուրբ Առաջավորաց եկեղեցի,  երկու դպրոց, եւ Յենիշեհիր գյուղը՝ Սուրբ Հակոբ եկեղեցով հանդերձ:
Ինեգյոլ կամ Այնե-Գյոլ:
Այս անտառապատ շրջանում հայերն ունեին երկու գյուղ. Յենիջե գյուղը, որը 20-րդ դարասկզբին ուներ 2000 բնակիչ, մեկ դպրոց եւ մեկ՝ Սուրբ Հակոբ եկեղեցին, եւ Չերան գյուղը, որն ուներ 17-րդ դարում կառուցված Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին՝ 2.500 հայ բնակիչներով հանդերձ:
Սիղերթ:
Սաքարի գետի երկու ափերին ընկած այս  գավառակում հայերն ունեին չորս բուն հայկական գյուղեր: Դրանք էին՝ Չալգարան, Մուրջան, Ասրճեքը, Յենի Բազառ գյուղերը:
Չալգարանն ուներ մեկ եկեղեցի եւ մեկ դպրոց: Մուրջայում բնակչությունն ավելի խիտ էր բնակեցված, այդ իսկ պատճառով այստեղ գործում էր երկու հայկական դպրոց: Գյուղն ուներ մեկ եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին անունով: Ասրճեք գյուղում էր Սուրբ Առաջավորաց եկեղեցին, որին կից գործում էր նաեւ մեկ դպրոց: Ընդհանրապես դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, որովհետեւ աշակերտների համար շատ կարեւոր էր նաեւ կրոնական կրթությունը եւ հոգեւոր դաստիարակությունը: Յենի Բազառ գյուղում կային մեկ դպրոց եւ մեկ եկեղեցի: Սիղերթի կենտրոնում հայերի թվը հաշվվում էր մոտ 1472 անձ: Այստեղ գործում էին չորս նախակրթարան եւ մեկ եկեղեցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել