Մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգում այնքան էլ տոնական տրամադրություն չէր տիրում՝ ինչը նույնիսկ կենդանիների համար էր անսովոր. պատճառը անբարենպաստ եղանակն էր: Կենդանիների մեծ մասը անձրեւից պաշտպանվելու համար թաքնվել էր վանդակներում, բացի գայլերից եւ արջերից, որոնք անհանգիստ վերուվար էին անում, սպասելով մայրերի գրկից իրենց կերակուր նետող փոքրիկ երեխաներին, բայց, ցավոք, այգու այցելուները միայն լրագրողներն էին: Չնայած հորդառատ անձրեւին, ինչպես ամեն տարի, այս անգամ եւս Աշխատավորների օրը՝ հանդիսավոր արարողությամբ բացվեց Կենդանաբանական այգին: Այգու բացումը կայացավ փողային նվագախմբով, մարզերից հրավիրված պարային համույթով, երգ ու պարով՝ Երեւանի քաղաքապետի ներկայությամբ: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում, դժգոհելով անձրեւոտ եղանակից, ասաց. «Բայց դե ի՞նչ անենք, բնության առջեւ ոչինչ չենք կարող անել»: Անդրադառնալով Կենդանաբանական այգուն՝ քաղաքապետն ասաց, որ այս տարի բարենորոգումներ են կատարվել, այգին թարմացվել է. «Կարեւորը նախատեսված աշխատանքներն արվել են: Յուրաքանչյուր արեւոտ օր մեր բալիկները կարող են այցելել այգի, տեսնել եւ վայելել նորությունները»:
Այգու տնօրեն Սահակ Աբովյանի հավաստմամբ, գազաններն իրենց շատ լավ են զգում, իսկ Կենդանաբանական այգին այցելուներին ներկայանում է նորություններով ու նոր հարմարություններով. «Մաքրվել է 4 հա տարածք, մշակվել են սիզամարգերը, տնկվել են մի քանի տասնյակ ծառեր, թարմացվել են ինչպես կենդանիների մասին պատմող, այնպես էլ՝ նախազգուշացնող վահանակները»:
Ինչ վերաբերում է կենդանիներին, Ս. Աբովյանի փոխանցմամբ, այգու բնակիչները մի քանիսով ավելացել են՝ առյուծների ընտանիքում կորյուններ են ծնվել:
Ս. Աբովյանը նկատեց, որ միակ խնդիրը ազատավանդակների պակասն է, որի պատճառով էլ խաթարվում է գազանների բազմացումը:
Երեւանի կենդանաբանական այգի նոր կենդանիներ բերելու մասին էլ ասաց. «Արդեն բանակցություններ են վարվում նախկին ԽՍՀՄ երկրների եւ Չեխիայի կենդանաբանական այգիների հետ: Մասնավորապես, ամռանը այգի կբերվեն զեբրեր, թռչուններ, սմբակավոր կենդանիներ»:
Այժմ այգում պահվում է 210 տեսակի կենդանի՝ 2300 գլխաքանակով: