Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարն այն աշխարհն է, որտեղ ես ապրում եմ»

Մայիս 04,2010 00:00

Եզդիների ազգային երաժշտությունը լսելիս հնարավոր չէ անտարբեր անցնել եւ չզարմանալ այդ երաժշտության ներքո պարողների պարով: Ազիզ Թամոյանի անվան եզդիների ազգային պարի համույթի ղեկավար Խդըր Հաջոյանի պարը դիտելիս անհնար է չհետաքրքրվել եզդիների մշակույթով:
«Սիրիր քո մշակույթը եւ պահպանիր այն»,- այսպես է արտահայտվում Խդըրը, երբ հարցը վերաբերում է իրենց մշակույթին: Նա հարգում եւ գնահատում է բոլոր ազգերի մշակույթը եւ ազգային փրկությունը տեսնում է միմիայն իրենց մշակույթի պահպանման մեջ:
19-ամյա Խդըր Հաջոյանը ծնվել է Զովունիում, որտեղ ծանոթացել է իրենց ազգային պարի էլեմենտներին, որից հետո, դրանց մեջ նոր շունչ դնելով՝ արդեն ստեղծում է իր սեփական պարային շարժումները:
Խդըրը իր պարով հանդիսատեսի առաջ բացում է իր պապերի աշխարհը, նրանց կենցաղը, ավանդույթները: Նա պատմում է իրենց պատմությունը: Ինքնըստինքյան ուզում ես հասկանալ, թե ինչ խորհուրդ ունեն այդ պարային էլեմենտները:
«Եզդին եզդի է»,- հպարտությամբ ասում է Խդըրը: Նրա կարծիքով՝ ազգային մշակույթը ծնվում է մարդկանց կյանքի պայմաններից, նրանց մղած պայքարից, հաղթանակներից, այն կերտում է տվյալ ազգի պատմությունը, այնպես որ, եզդիների երաժշտությունն էլ իր յուրահատկությունը ունի, եւ պատմում է եզդիների անցած ուղու մասին:
«Եթե իմ խմբից որեւէ մեկը դեռ չի հասկանում, թե ով է եզդին, չի գիտակցում իր ազգային պատկանելությունը, ապա դա շատ է խանգարում պարի լիարժեք կատարմանը»,- ասում է Խդըրը՝ պարի մեջ կարեւորելով ազգային շունչն ու ոգին:
Պարն օգնում է նրան հաղթահարել իր  բոլոր հուսահատությունները: Երբ նա խնդիր է ունենում, մտնում է տուն, սկսում պարել եւ կյանքը, ինչպես ինքն է ասում, նորից ժպտում է իրեն:
Խդըրը մասնակցում է բոլոր մշակութային երկխոսություններին, որտեղ, ներկայացնելով իր ազգի մշակույթը, ստիպում է հարգել այն, ծանոթանալ եզդի ազգին՝ նրանց ներքին օրենքներին եւ յուրօրինակ ավանդույթներին:
«Պարն այն աշխարհն է, որտեղ ես ապրում եմ, եւ ինձ այդ աշխարհից դուրս չեմ պատկերացնում»,- վստահեցնում է նա, հիշելով իր մանկությունը, որը ամբողջովին կապված է եղել պարի հետ:
Մեր զրուցակցի խոսքերով, եզդիական համայնքի բոլոր հարսանիքները ուղեկցվում են Խդըրի պարերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել