Մայիսը հաղթանակների ամիս է եւ ամուսնանալ այդ ամսին նորմալ է
Ժողովուրդն ասում է՝ մայիս-վայիս… Ասում է նաեւ՝ մայիս ամսին ամուսնանալ չի կարելի, այլապես կյանքդ կվերածվի տառապանքի: Մայիսին հարսանիքներ գրեթե չեն լինում: Շատերը, տուրք տալով սնոտիապաշտությանը, ասում են, որ մայիսը դժբախտություն է բերում նորապսակներին: Դարերի ընթացքում ժողովրդական հարսանյաց ծիսակատարությունները փոփոխվել են: Նախկինում ժողովուրդը հարսանիք արել է հիմնականում աշնան եւ ձմռան ամիսներին, որովհետեւ գարնանն ու ամռանը զբաղված են եղել գյուղատնտեսական աշխատանքներով:
Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ծիսակատար քահանա տեր Վարդան Գաբոյանը հավատացնում է՝ մայիս ամսին ամուսնանալը չի խաթարի երջանկությունը: Նրա խոսքով՝ «Եկեղեցին չի արգելում մայիսին ամուսնանալ: Պարզապես մայիսին ամուսնանալու վախը խորը արմատավորված է ժողովրդի մեջ, ինչն էլ մարդկանց մեջ տարածված սնահավատություններից մեկն է: Մարդիկ վախենում են, բայց չգիտես ինչից: Կարեւորը ամիսն ու ամսաթիվը չէ, կարեւորը սերն է, երեխաների ճիշտ դաստիարակությունը, առողջ ծնող լինելը, այնպես որ՝ մայիս ամսվա մասին մտածելը երկրորդական է դառնում»:
Նա գտնում է, որ խնդիրը սնահավատությունն է. «Մարդիկ վախենում են, բայց ինչի՞ց… Իրականում ոչնչից: Անիմաստ է վախենալ մի բանից, որը չգիտես թե ինչ է: Դա պարզապես ներշնչանք է, ինքնահամոզում, որ եթե ամուսնանանք մայիսին, դժբախտ կլինենք: Ու երբ ինչ-որ բան է պատահում, անպայման պատճառները փնտրելիս սեւեռվում են մայիս ամսվա վրա: Մայիսը հաղթանակների ամիս է, գարնան, ծաղկման շրջան: Ասում են՝ մայիս-վայիս, եթե այդպես է, պետք է ուրեմն ասենք՝ ապրիլ-չապրիլ… Սա անառողջ մոտեցում է»:
Մայիսին ամուսնանալու վախը, ըստ տեր Վարդանի, ներմուծվել է ռուսական միջավայրից՝ «նման սովորություն ունեն ռուսները, եւ հնարավոր է, որ ռուսական ազդեցությունն է նպաստել այս ավանդույթի ձեւավորմանը: Ռուսների մոտ մայիսին հարսանիքներ չանելը կապված է եղել այն բանի հետ, որ այդ ամսին բոլոր պաշարները վերջանում են: Զուտ ունեցվածքի, հնարավորությունների տեսանկյունից մայիսին արարողություններ չեն եղել: Մայիսը միստիկական բնութագիր է ստացել՝ համարվելով աղքատիկ ամիս եւ տարիների ընթացքում քչացել են այդ ամսվա պսակադրությունները»:
Խորհրդային տարիներին ամուսնական արարողությունները հիմնականում տեղի էին ունենում աշնանը կամ ամռանը, քանի որ աշունը համարվել է բերքի շրջան, որն էլ կապել են բարեբեր եւ հաջող ամուսնության հետ:
Ինչպես նշում է քահանա Գաբոյանը, այժմ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, եւ վերջին մի քանի տարիների ընթացքում արդեն ակտիվություն է նկատվում՝ մայիսին պսակադրությունների հետ կապված. «Անձամբ ես մայիս ամսին կատարել եմ պսակադրություններ եւ խորհուրդ տվել կարեւորել միայն սերը»:
Քահանայի բնութագրմամբ, ժողովրդին ընդամենը վախն է խանգարում. «Կարեւորն այդ վախից ազատվելն է, հաղթահարելը, որովհետեւ այն պատճառ չունի»:
Հարսանյաց ծիսակատարության մեջ ժողովրդի հոռետեսական վերաբերմունքը անդրադարձել է նաեւ շաբաթվա օրերի եւ ամսաթվերի վրա: Օրինակ, ընդունված է համարել, որ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին չի կարելի կազմակերպել հարսանյաց հանդիսություն, քանի որ այդ օրերն անհաջողակ են ամուսնության համար:
Իսկ ամենամեծ հոռետեսությունը ամսվա 13 -ին ամուսնանալուց խուսափելն է:«Ասում են՝ ամսվա 13-ին ամուսնանալը վատ նշան է: Բայց սա օտարամուտ մտածողություն է: Շատերը տարբեր բացատրություններ են տալիս դրան՝ ուրբաթ, 13, Քրիստոսը խաչվեց, Քրիստոսը 13-րդն է, այսինքն՝ 12 առաքյալ եւ գլխավորը՝ 13-րդը, նա: Եթե այդպես մտածենք, ուրեմն հակառակը պետք է լինի, որովհետեւ Աստված հաղթեց մահվանը: 13-ը Քրիստոսի խորհուրդն է, եւ չպետք է վախենալ: Ընդհանրապես, Աստված մարդուն շնորհում է սիրելու ունակություն, որն ամենակարեւորն է, մնացածը սին բաներ են»,-ասաց քահանան: