Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԲԱՔՈՒ ՄԵԿՆԵԼ

Մայիս 04,2010 00:00

\"\"Օրեր առաջ «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը համոզմունք էր հայտնել, որ Հայաստանի լավագույն շախմատիստ, ՖԻԴԵ-ի վերջին վարկանիշային ցուցակում 5-րդ տեղն զբաղեցնող Լեւոն Արոնյանը կմասնակցի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցամարտին, եթե այն ընդունի անգամ Բաքուն:
Իլյումժինովի խոսքերով, այդ մրցաշարի անցկացման վայրի վերջնական ընտրությունը պետք է կատարվեր ապրիլի վերջին: Սակայն այսօր արդեն մայիսի 4-ն է, ու մրցամարտը հյուրընկալող քաղաքի կամ երկրի անունը տակավին անորոշ է: Անհայտ է նաեւ, թե կոնկրետ անուն ե՞րբ կտրվի: Առաջ անցնելով՝ ասենք, որ սա առաջին դեպքը չէ, որ պարոն Իլյումժինովի արած հայտարարություններն ու իրականությունը միմյանց «չեն բռնում»: Ավելին, տակավին անհայտ է նույնիսկ այդ մրցաշարի անցկացման ժամանակը: Սկզբում պաշտոնապես հայտարարվել էր, թե այն կայանալու է այս տարվա վերջին: Բայց հավակնորդները, ըստ ամենայնի, մեկտեղ կկարողանան հավաքվել լավագույն դեպքում եկող տարվա առաջին կեսում:
Վերադառնանք Իլյումժինովին: Նա հարցազրույցում հայտարարել է, ու ՖԻԴԵ-ն Բաքվից այդ մրցաշարը կազմակերպելու պաշտոնական առաջարկ իսկապես ստացել է: Եվ ավելացրել է, թե ինքը շատ է շփվել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ Դրեզդենում, եւ Ջերմուկում: Մեր նախագահն այդ ընթացքում երբեք անհանգստություն չի արտահայտել Բաքվի մրցաշարում (կրկնում ենք, որ հավակնորդների մրցաշարի անցկացման վայրի կոնկրետ ընտրություն դեռ չի կատարվել) Արոնյանի հնարավոր մասնակցության մասին: Եվ դրանից ՖԻԴԵ-ի մեծարգո ղեկավարը սեփական երեւակայությանը զոռ տալու եւ միջազգային մարզական կառույցների մի քանի ղեկավարների նման Բաքվին հաճոյանալու իրավունք է վերապահել՝ կասկածելի այդ մոտիկության դրսեւորումները «հիմնավորելով», իբր թե Արոնյանը երբեք չի հայտարարել, թե ինքը Բաքվում չի խաղա:
Տեղին է «Regnum» գործակալության այն հիշեցումը, որ Արոնյանը դեռ անցած տարվա նոյեմբերին հայտարարել է, թե ինքը Բաքու մեկնելու ցանկություն ամենեւին չունի: «Եկեք իրատես լինենք,- այն ժամանակ ասել է աշխարհի հինգերորդ շախմատիստը:- Որքան էլ հարգում եմ Բաքուն եւ Ադրբեջանը, դժվար թե այնտեղ ես ինձ հարմարավետ կկարողանամ զգալ: Շախմատիստի համար ամենածանրը հոգեբանորեն տրամադրվելն է: Եվ եթե ինձ թարմանալու համար անհրաժեշտ լինի դուրս գալ ու զբոսնել, Բաքվում դժվար թե դա ինձ հանգիստ պայմաններում հաջողվի: Մի բան, որը չափազանց մեծ ազդեցություն կունենա արդյունքներիս վրա: Այնպես որ, իմ՝ Բաքու մեկնելը իրատեսական չէ»:
Մարզասեր ընթերցողին տեղեկացնենք նաեւ, որ հավակնորդների մրցաշարին, բացի Արոնյանից, մասնակցելու են շախմատային այնպիսի տիտաններ, ինչպիսիք են Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Գատա Կամսկին, այս օրերին ընթացող Անանդ-Տոպալով մրցամարտի պարտվողը, այս ամիս Աստրախանում անցկացվելիք ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի հաղթողը եւ… կազմակերպիչ երկրի լավագույն գրոսմայստերը:
Ներկայիս դեռ անորոշ դրության մեջ Ադրբեջանն արդեն սկսել է պղտոր ջրում ձուկ որսալու իր քաղաքականությունը: Մասնավորապես, այդ երկրի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էլման Ռուստամովը արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ իրենք հրավիրել են Լեւոն Արոնյանին (դեռ տեսեք մրցաշարը ձեզ մո՞տ է անցկացվում) եւ նրան անվտանգության երաշխիքներ են տալիս: «Բայց Արոնյանն ինքը չցանկացավ ժամանել, իսկ մենք ոչ ոքի հարկադրել չենք պատրաստվում»,- ասել է նա:
Այս ամենի արդյունքում Լեւոն Արոնյանը մեկ անգամ էլ հանդես է եկել հայտարարությամբ, որ ինքը երբեք Բաքվում հնարավոր կայանալիք այդ մրցաշարին մասնակցելու համաձայնություն չի տվել ու չի էլ տալու: Այդ հայտարարության տեքստը մեր շախմատի ֆեդերացիան պաշտոնական նամակով ուղարկել է ՖԻԴԵ-ի  նախագահ Կիրսան Իլյումժինովին, նախագահական խորհրդի բոլոր անդամներին եւ աշխարհի խոշորագույն զանգվածային լրատվամիջոցներին՝ այդպիսով հերքելով պարոն Իլյումժինովի՝ «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում հնչեցրած խոսքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել