Մայիսի 17-24-ը Երեւանի Նորարարական-փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կընթանա «Մեկ կադր՝ մեկ րոպե» 8-րդ միջազգային կինոփառատոնը: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է փառատոնի նախագահ Գագիկ Ղազարեն, փառատոնում ներկայացված կլինեն Բելգիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսրայելի, Անգլիայի եւ այլ երկրների ռեժիսորների շուրջ 300 ֆիլմեր: Մեկրոպեանոց ֆիլմերի ծրագիրը ներառում է ավելի քան 60 նկար, իսկ կարճամետրաժ ֆիլմերինը՝ 22: Բացի այդ, շուրջ 200 ֆիլմ կներկայացվի արտամրցութային ծրագրի շրջանակներում: «Մեկ կադր՝ մեկ րոպեն» պատրաստել է նաեւ ավանդական նվեր՝ անկախ եւ փոքր բյուջեով կինոյի միջազգային փառատոների մասնակից-ֆիլմերի ցուցադրություն: Բացի այդ, առաջին անգամ առանձին ծրագրով կներկայացվի մանկական «Գժուկ» հումորիստական հանդեսը: Մայիսի 24-ին կկայանա մրցանակների հանձնման արարողություն:
Որպես փառատոնի կազմակերպիչ՝ հանդես է գալիս ՆՓԱԿ-ը: Առաջին անգամ այն անցկացվել է 2003 թվականին՝ ընդամենը 13 հեղինակների մասնակցությամբ: