Գեղանկարիչ, պրոֆեսոր Գեորգի Թովմասյանին բուհի ղեկավարությունը «անակնկալ» է մատուցել
Գեղանկարիչ, կերպարվեստի բազմամյա մանկավարժ Գեորգի Թովմասյանը Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտն ավարտելուց հետո հաստատվում է Վանաձորում: 1960-ականներին տեղի Հովհ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտում հիմնում է կերպարվեստի ամբիոնն ու այն ղեկավարում 40 տարի: Բուհի 40-ամյա հոբելյանի օրերին (2009թ. դեկտեմբեր) նրան ազատում են իր հիմնած ամբիոնի վարիչի պարտականություններից, պատճառաբանելով, թե նոր կադրեր են պետք: Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, երեւում է, իր օրենքներն ունի. նույնիսկ հաշվի չի նստել այն հանգամանքի հետ, որ 70-ամյա պրոֆեսորը դեռ կարող էր ղեկավարել: Այս կարծիքն «Առավոտին» փոխանցեցին մանկավարժականի այն դասախոսները, որոնք սիրով խոսեցին գեղանկարչի մասին եւ ափսոսանք հայտնեցին կատարվածի համար: Հետաքրքրվեցինք, թե Գ. Թովմասյանն ինչպես է գնահատում կատարվածը: «Վանաձորի մանկավարժականի կերպարվեստի ամբիոնը իմ ճակատագիրն է ու կենսագրությունը… Չի կարելի մարդուն կտրել կենսագրությունից եւ կատարած աշխատանքը գնահատելու փոխարեն մատուցել ազատման հրամանը»,- ասաց մեր զրուցակիցը: Արդարության դեմ չմեղանչելու համար Գ. Թովմասյանի գործընկերներն էլ հայտնեցին, որ ինստիտուտի 40-ամյա հոբելյանի օրը բուհի ռեկտորատը՝ ի թիվս այլ դասախոսների, շնորհակալություն է հայտնել նաեւ Թովմասյանին: Վերջինս Վանաձորում շատ դպրոցների կողմից սիրված ու ամենակարեւոր հյուրերից մեկն է: Ասում են՝ աշակերտները նույնիսկ գեղանկարչին նվիրված «բաց դասեր» են կազմակերպում, իսկ նա էլ իր հերթին սիրով ծանոթացնում է սեփական նատյուրմորտներին, կոմպոզիցիոն կտավներին, դիմանկարներին…
Գ. Թովմասյանի աշխատանքների կենտրոնում հայրենի բնաշխարհն է, մասնավորաբար՝ պատմաճարտարապետական հուշարձանները: Նա հաճույքով է նկարել Ամբերդի, Կեչառիսի, Սանահինի, Օձունի վանքերը. «Բնությունն ինձ համար երգ է, որն ապրում է իմ մեջ եւ արտացոլվում կտավի վրա՝ գունային անդրադարձումներով»:
2001թ. հրատարակվել է նկարչի ստեղծագործությունների ալբոմը, որտեղ նրան բարձր են գնահատել նշանավոր արվեստաբաններ Լուիզա Սամվելյանը, Հենրիկ Իգիթյանը, Ռուբեն Դրամբյանը եւ այլք: Մեզ հետ զրույցում պարոն Թովմասյանը հայտնեց նաեւ, որ կյանքն ու կերպարվեստը միաձույլ են նրա համար. «Հայաստանում ու արտերկրում ունեցել եմ բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ, աշխատանքներս գնվել են ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ Արեւմուտքի հեղինակավոր պատկերասրահների կողմից: Հպարտ եմ, որ դեռ «սառը» պատերազմի տարիներից «բնակվում» եմ Սփյուռքում: 1979թ. Լոս Անջելեսում կայացավ Հայաստանի հատուկենտ նկարիչների լավագույն աշխատանքների ցուցահանդեսը, 8 յուղաներկ ստեղծագործություններից 7-ը գնվեցին ու դարձան հայկական ընտանիքների համար հայրենիքի կանչ»: Նա հիշեց, որ կային ժամանակներ, երբ նկարների հետ էր շրջագայում, իսկ հիմա կտավներն առանց իրեն են ճամփորդում: Դրա պատճառը, ըստ կոլեգաների, սիրած աշխատանքից հեռանալու պատճառով առողջության վատթարացումն է: