ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը անհեթեթ է համարում միության շենքի վաճառքի մասին բամբասանքները
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (ՀԹԳՄ) Հակոբ Ղազանչյանի հետ հանդիպման առիթը հունիսի 15-20-ը Հայաստանում առաջին անգամ գումարվելիք՝ Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի համաշխարհային կոնգրեսն էր: Պարոն Ղազանչյանի համոզմամբ, դա հարմար առիթ է, որ օտարները տեղեկանան ժամանակակից հայ թատրոնի մասին: Միջոցառման պայմաններից մեկն էլ այն է, որ 30 երկրից ժամանող 70 պատվիրակները իրենց երկրներում հոդվածներ են գրելու մեր հայաստանյան ներկայացումների ու թատրոնների մասին, ինչը հետագայում ամփոփվելու է մեկ ընդհանուր կատալոգում: «Ժամանողների մեծ մասը հեղինակավոր մարդիկ են, ասոցիացիայի նախագահն էլ Հյուսիսային Կորեայից է՝ Յուն-Չոլ Կիմը: Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, նույնիսկ Ավստրալիայից, Չինաստանից ու Հնդկաստանից ենք հյուրեր ունենալու: Բոլորը միջազգային թատերական փառատոների վրա լուրջ ազդեցություն ունեցող մարդիկ են: Այնպես որ, հնարավորություն է ստեղծվում, որ մեր թատրոնների ղեկավարները լուրջ կապեր հաստատեն»,- ասում է ՀԹԳՄ նախագահը: Նաեւ հավելում է, որ օրվա առաջին մասը կոնգրեսի նիստերն են լինելու, իսկ երեկոները օտարազգի թատերական քննադատները ներկայացումներ են դիտելու ու քննարկելու. «Ժամանակն է հասկանանք, թե ինչպիսին ենք մենք արտասահմանյան թատերական քննադատների համար»:
Հ. Ղազանչյանը հույս ունի, որ Շեքսպիրյան փառատոնը եւս կկայանա աշնանը, որին խոստացել է աջակցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Արդեն հեղինակավոր թատրոնների մասնակցության հայտեր են գրանցել՝ Հնդկաստանից, Շվեդիայից, Իտալիայից, Լեհաստանից, Ուկրաինայից: «Մեր սկզբունքն է, որ լինեն բարձրարժեք ստեղծագործություններ»,- ասում է Հ. Ղազանչյանը:
Նա անդրադարձավ վերջերս թերթերից մեկի այն հրապարակմանը, թե իբր ՀԹԳՄ շենքը վաճառվել է 5 մլն դոլարով: Ղազանչյանն ասում է, որ միության շենքը վաճառելու վերաբերյալ առաջարկներ միշտ էլ եղել են, ինչը զարմանալի չէ՝ շենքն այնպիսի տեղում է, որ «աչք է ծակում», բայց նման խոսակցությունները միշտ էլ «փակվել» են: Իսկ մի 20 օր առաջ ստացվել է միության շենքը Ալավերդյան փողոցում գտնվող կրկնակի մեծ տարածքի հետ հավելավճարով փոխելու առաջարկ, որի մասին ինքը հայտնել է կոլեգաներից մի քանիսին: Հետո լուրը տարածվել է այլեւայլ ձեւափոխություններով: Հ. Ղազանչյանը ծիծաղելի ու անհեթեթ է համարում նման շահարկումները: «Նախ Հակոբ Ղազանչյանը իրավունք չունի շենքը վաճառել, երկրորդ՝ 5 մլն դոլար ունեցողը այնքան հիմար չի, որ գա Հակոբ Ղազանչյանից հ/կ-ի շենք առնի, որն իր ձեռքից կվերցնեն ընդամենը վարչության որոշումով… Բարեբախտաբար, այն աժիոտաժը, որ ուզում էին ստեղծել միությունում այդ հրապարակումով, չեղավ: Նույնիսկ մեր միության այն վետերանները, որոնք ինձնից նեղացած են, ասել էին՝ Հակոբը նման բան չի անի: Ի լուր շահարկողների՝ հայտարարում եմ. Հակոբ Ղազանչյանը խելքը հացի հետ չի կերել, որ շենք վաճառի, Հակոբ Ղազանչյանը գիտի՝ որտեղ է աշխատում, առավել եւս՝ միության կանոնադրությունը եւ հ/կ-ների մասին օրենքն էլ շատ լավ գիտի: Հակոբ Ղազանչյանը տեղյակ է, որ այդ պարագայում ՀԹԳՄ անդամների 95%-ը շենքը վաճառելուց առաջ պիտի «կողմ» քվեարկի: Եվ հետո Հակոբ Ղազանչյանը վաճառքի առաջարկ կարող է ստանալ կամ իրականացնել միայն իր բնակարանի հետ կապված, իսկ միության շենքը Ղազանչյանինը չէ: Այս հրապարակման միջոցով մեր միության այն անդամներին, ովքեր թեկուզ չնչին նշույլ ունեն կասկածի, ուզում եմ եւս մեկ անգամ հանգստացնել՝ նման գործարք չկա եւ չի կարող լինել»,- հայտարարում է ՀԹԳՄ նախագահը: