Մեծ Բրիտանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ երկրի երեք խոշոր կուսակցությունները՝ Պահպանողական, Լեյբորիստական եւ Լիբերալ-դեմոկրատական, նկատելիորեն ակտիվացրել են ընտրողների համար իրենց պայքարը: Հանգստյան օրերը, իսկ Մեծ Բրիտանիայում երկուշաբթի ոչ աշխատանքային օր է, երեք կուսակցությունների ղեկավարներն էլ՝ գործող վարչապետ Գորդոն Բրաունը, պահպանողականների առաջնորդ Դեւիդ Քամերոնն ու լիբերալ-դեմոկրատների ղեկավար Նիկ Կլեգգը, նվիրել են այցելություններին, հանդիպումներին եւ ելույթներին: Մի քանի օր հետո վերջիններիս մասնակցությամբ նաեւ հեռուստատեսային ուղիղ եթերով հեռարձակվող բանավեճեր կլինեն:
Ինչպես փոխանցում է BBC-ն, երկրում տարբեր կազմակերպությունների կողմից անցկացված հարցումները վկայում են, որ քվեարկության արդյունքները հեռու են կանխորոշված լինելուց: Այս ընտրությունները, վերլուծաբանների համոզմամբ, երկրում ամենաանկանխատեսելի ընտրություններն են լինելու, եւ եթե մայիսի 6-ին քվեարկությունն անցնի այնպիսի պայմաններում, ինչպիսիք առկա են այսօր, ապա կուսակցություններից որեւէ մեկին չի հաջողվի միանձնյա կերպով կառավարություն ձեւավորել, եւ նրանք ստիպված կլինեն պայմանավորվածությունների գալ: Բրիտանական ընտրական համակարգի պայմաններում նման դեպքեր խիստ հազվադեպ են լինում: