Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՀԱՋՈՂՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

Մայիս 04,2010 00:00

\"\"ԱՄՆ-ի ոստիկանությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն շարունակում են փնտրել Նյու Յորքի կենտրոնական փողոցներից մեկում՝ Թայմս-Սվերում, որտեղ տեղակայված է «New York Times» թերթի խմբագրության շենքը, ինքնաշեն ռումբ պայթեցնելու անհաջող փորձի հեղինակին: Հիշեցնենք, որ շաբաթ օրը ռումբը պատահաբար հայտնաբերել էր աֆրոամերիկացի Լենս Խորտոնը, որը սպորտային հագուստներ վաճառելու ժամանակ տեսել էր մայթի վրա, արգելված վայրում կայանված «Nissan Pathfinder» մակնիշի մուգ կանաչ գույնի լքյալ, բայց շարժիչն աշխատող մի հեծանիվ: Առեւտրականը, որ Վիետնամի պատերազմի մասնակից էր եղել, մեքենային մոտեցել եւ տեսել էր, որ դրանից ծուխ է բարձրանում եւ վառոդի հոտ էր զգացել: Նա անմիջապես դեպքի վայր էր հրավիրել ձիավոր ոստիկաններին: Շուտով փողոցի բոլոր մուտքերը փակվել եւ տեղանքը շրջափակել էին ոստիկանության աշխատակիցները:
Հետաքննությունը հանգել է այն եզրակացության, որ պայթուցիկ սարքը ինքնաշեն է եւ բավականին պարզունակ կառուցվածք ունի: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի պատգամավոր, հանրապետական Պիտ Խոկստերան նույնիսկ կարծիք է հայտնել, թե խոսքը ոչ թե ահաբեկչական ակտի, այլ ավելի շուտ չարաճճիության մասին է, բայց Նյու Յորքի ոստիկանության ղեկավար Ռեյմոնդ Քելլին շեշտել է, որ թեեւ ռումբը «սիրողական» ոճի է, բայց եթե բանուկ այդ փողոցում հեծանիվը պայթեր՝ շատ մարդ կտուժեր:
Պակիստանի թալիբներն արդեն հայտարարել են, որ պայթյուն կազմակերպելու այդ փորձն իրենց ձեռքի գործն է, բայց հետաքննությունը հենց սկզբից այդ վարկածը համոզիչ չի համարել: Բանն այն է, որ պակիստանցի թալիբները նախկինում էլ փորձել էին այլոց կազմակերպած ահաբեկչական ակտերն իրենց վերագրել: Այդուհանդերձ, եթե այդ վարկածն ապացուցվի, ապա ԱՄՆ-ի տարածքում դա կլինի պակիստանցի թալիբների կողմից ահաբեկչության փորձի առաջին դեպքը: Մեկ այլ վարկածի համաձայն, միջադեպը կապված է «Հարավային այգի» մուլտսերիալի հետ, որի հեղինակները վերջերս ստեղծել են Մոհամմեդ մարգարեի տեսքով մի արջուկ, ինչը մահմեդականները սրբապղծություն են համարել: Բոլոր դեպքերում հետաքննական մարմինները, ըստ BBC-ի, բոլոր հնարավորություններն ունեն հանցագործին բացահայտելու համար. փողոցին նայող թվով 82 տեսախցիկներ նկարահանել են տեղի ունեցած անցուդարձը եւ հետաքննական մարմինը ձայնագրված տեսաերիզներից երեքը օգտակար է համարել:
Իսկ մինչ այս դեպքը կբացահայտվի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսել է Լուիզիանա նահանգում, Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի պատճառով ստեղծված աղետալի վիճակի մասին: Նախօրեին Օբաման եղել է տեղում եւ խոստացել, որ Միացյալ Նահանգների իշխանություններն ամեն ինչ կանեն վթարի հետեւանքները չեզոքացնելու եւ տեղի ունեցածի համար մեղավոր BP բրիտանական նավթային ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար: Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում ընկերության 11 աշխատակից զոհվել էր, իսկ 6 մլն լիտր նավթ լցվել էր ծովը:
ԱՄՆ-ի հարավային նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում զոհվածների թիվը հասել է 15-ի, վնասվել են հարյուրավոր տներ, ջրի տակ են անցել տեղական նշանակության, նաեւ կենտրոնական համարվող ավտոմայրուղիների զգալի մասը: Ջրհեղեղից հիմնականում տուժել են Թեննեսի եւ Միսիսիպի նահանգները, որտեղ արտակարգ իրավիճակ է հայտարարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել