«Առավոտը» դժգոհություններ է ստացել թիվ 114 դպրոցի աշակերտների ծնողներից, թե իրենց մինչեւ մայիսի 15-ը ժամկետ են տվել՝ դպրոցական համազգեստի համար նախատեսված 22000-30000 դրամ գումարը վճարելու համար: Ըստ նրանց, դպրոցի տնօրեն Ռուզան Կոստանյանը հայտարարել է, թե դա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պահանջն է: Ծնողների պատմելով, ներկայումս դասղեկները կատարում են տնօրենի հրահանգը. այն է՝ ստորագրություններ հավաքել իրենցից, թե իբր ոչինչ չի պարտադրվել: ԿԳ նախարարությունից պարզաբանեցին, որ նախարարը նման դրամահավաքից տեղյակ չէ, եւ նրա անունը անհարկի շահարկվել է: Թիվ 114 դպրոցի տնօրենն էլ պարզաբանեց, որ ոչ մի ծնողի ոչինչ չի պարտադրվում, նախարարությունն էլ այդտեղ կապ չունի:
Ասաց նաեւ, որ ցանկացողները կարող են ծանոթանալ առաջարկվող համազգեստի նմուշին եւ իրենք կարել իրենց երեխայի համար: Տնօրենի ասելով, «համաձայնագրի» տակ ստորագրել են միայն այն ծնողները, ովքեր ցանկացել են, եւ դպրոցին էլ էր հետաքրքիր իմանալ՝ ի վերջո քանի՞ տոկոսն է կողմ դպրոցական համազգեստին: Ռ. Կոստանյանն ասաց, որ իրենց նպատակն է վերջ դնել համազգեստային բազմազանությանը, ինչը որոշ աշակերտների հնարավորություն չի տա սեփական զգեստապահարանը ցուցադրելու. «Էլ չեն կարողանա ասել՝ իմը բրենդ է, քոնը՝ պատենտ»: