Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը հավասար են, ոմանք՝ ավելի

Մայիս 04,2010 00:00

Հայաստանում խոսքի ազատության ժամանակը դեռ չի եկել: Երեկ Մամուլի ազատության օրվա առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը: Նրա խոսքով. «Մոտակա ժամանակներում լրագրողների նկատմամբ բռնությունները չեն դադարի մի պարզ պատճառով՝ Հայաստանում քաղաքացին ընդհանրապես պաշտպանված չէ, մեզ մոտ բոլորը հավասար են, իսկ ոմանք «ավելի հավասար» են, քան մյուսները, եւ քանի որ լրագրողները հիմնականում գործ ունեն «ավելի հավասարների» հետ, բնականաբար՝ ավելի վտանգված են»: «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ ասաց, որ Հայաստանը մամուլի անազատության առումով դեռ մրցում է աֆրիկյան պետությունների հետ. «Շրջապատը հաճելի չէ: Այն պահից, երբ «Ա1+»-ը փակվեց, մենք անազատության առումով հայտնվեցինք այդ երկրների շարքում: Ոչ միայն հրապարակումից դժգոհ լրատվամիջոցների ու լրագրողների հետ են փորձում հաշվեհարդար տեսնել, այլեւ շատ հաճախ հրապարակումը կանխելու նպատակով են բռնություններ կատարում»: Ա. Աբրահամյանը նաեւ նկատեց, որ մամուլի անազատության պատճառներից մեկն էլ լրատվամիջոցների համախմբված չլինելն է՝ իշխանություններին հեշտ է պայքարել մեկի կամ երկուսի դեմ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն էլ նկատեց, որ լրագրողական գործունեության ցանկացած օր սկսվում եւ ավարտվում է պաշտոնյաների կամայականությունների հետ բախումով. «Նախ եւ առաջ, լրագրողները իրենք պետք է իմանան եւ պաշտպանեն իրենց իրավունքները: Կոչ եմ անում լրագրողներին եւ լրատվամիջոցներին՝ ստեղծել նախադեպ, եւ այն պաշտոնյաներին, ովքեր խախտել են տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը, բերել դատարան եւ պատասխան պահանջել»: Պարոն Նավասարդյանն էլ հավելեց, որ վերջերս 11 հեռուստաընկերություն հեռուստաեթերի կարգավորման խարտիան ստորագրեց՝ նույնիսկ այն առանց կարդալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել