Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռեկտորները գոհ են բարեփոխումներից

Մայիս 04,2010 00:00

Նրանք գտնում են, որ պետական եւ մասնավոր բուհերը պիտի նույն սկզբունքով ընդունելության քննություններ հանձնեն:

«Ինտերլինգվա» համալսարանի ռեկտոր Իվետա Առաքելյանը դրական է գնահատում կառավարության՝ կրթական բարեփոխումների ծրագիրը. «Բարեփոխում բառն արդեն խոսում է իր մասին, ամեն ինչ արվում է ուսման որակը լավացնելու համար»: ՀՀ ԿԳ նախարարի առաջարկած բարեփոխումներից տիկին Առաքելյանին ամենից շատ մտահոգել է ընդունելության քննությունների միասնական կարգով կազմակերպելու որոշումը՝ այսուհետեւ մասնավորները կզրկվեն հարցազրուցային, թեթեւ քննություններ կազմակերպելու հնարավորությունից: «Այո՛, հնարավոր է մասնավորներն այս առումով շատ տուժեն եւ դիմորդների զգալի մասը դիմի պետական բուհեր»,-ասաց նա:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի խոսքով էլ. «Ընդունելության քննությունները միասնական կարգով կազմակերպելը նորություն չէ, մի երեք տարի առաջ մի այդպիսի փորձ կատարվեց՝ Գլաձորի համալսարանը նախաձեռնեց պետական բուհերի հետ ընդունելության քննություն անցկացնել եւ այս համարձակ քայլը լավ ավարտ չունեցավ, «Գլաձորն» այդ տարի ընդամենը 2 դիմորդ ունեցավ»: Պարոն Ղուկասյանը այստեղ մի մտահոգություն ունի. «Այս որոշման համաձայն, պետական եւ մասնավոր բուհերի համար մրցակցության դաշտ է ստեղծվում՝ դիմորդների 90%-ը կդիմի պետական բուհեր»: Տիկին Առաքելյանն էլ նկատեց, թե հասարակությունը այսօր ճիշտ ընկալումներ չունի պետական եւ մասնավոր բուհերի մասին. «Չեն նայում ավարտելու արդյունքը ու առաջնահերթությունը տալիս են պետականին՝ մտածելով, որ պետության հիմնածն է, ավելի վստահելի է»:
Ավելի ուշ Ի. Առաքելյանը ընդգծեց, որ թյուր կարծիք է, թե մասնավոր բուհեր են դիմում միայն պետական բուհերից դուրս մնացած դիմորդները. «Գուցե դիմորդների 40%-ն է այդպես վարվում: Ես կողմ եմ, որ մենք լինենք նույն դաշտում, ու այն զանգվածը, որ մեզ դիմում էր, կշարունակի էլի դիմել: Պետությունը, որ մեզ իրավունք է տալիս պետական նմուշի դիպլոմ տալ, պետք է այնպես անի, որ այն նաեւ պահանջարկ ունենա»:
«Առավոտի» այն դիտարկմանը, թե կառավարության նոր որոշմամբ բուհերի վճարովի համակարգում տեղերի ավելացման դեպքում շրջանավարտների՝ աշխատանք գտնելու խնդիրն էլ ավելի չի՞ բարդանա, պարոն Ղուկասյանը պատասխանեց. «2011-ին դպրոցները շրջանավարտ չեն տալու, մենք ունենալու ենք ֆինանսական մեծ ճեղքվածք, իսկ վճարովի տեղերի ավելացումը մեզ փրկություն կլինի»: Ի. Առաքելյանն էլ հավելեց, թե քանակը միշտ էլ բացասաբար է անդրադառնում որակի վրա: Երկու ռեկտորները խոսեցին նաեւ մագիստրատուրայից եւ ասպիրանտուրայից բանակ զորակոչվելու թեմայից: Նրանց համոզմամբ, սարսափելի ոչինչ չկա՝ սովորողը միշտ էլ կսովորի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել