Կամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների՝ «Լեոյի օրերի» ընթացքում կատարած բացահայտումները
Դեպքի վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, կազմակերպիչը՝ կրթօջախի իրավագետ-քաղաքագետների եւ արեւելագետների խորացված ուսուցման 10 Դ դասարան, առիթը՝ գրող, պատմաբան Լեոյի 150-ամյակին նվիրված օրերը: «Առավոտը» օրերս հյուրընկալվելով կրթօջախ՝ պարզեց, որ այստեղ արդեն 2 ամիս պատրաստվում են միջոցառմանը. աշակերտները Լեոյի երկերն են ուսումնասիրել, անգամ նրա ստեղծագործությունների հիման վրա ֆիլմաշար նկարել: Տնօրեն Աշոտ Բլեյանը հավաստիացրեց, որ նախաձեռնությունը ավանդական է դառնալու եւ նկատեց. «Խնդիր է դրված նման միջոցառումները դարձնել ուսումնական աշխատանք: Քանի որ օրերի կազմակերպիչը սովորողներն են, ապա այդ հանգամանքը եւս նրանց հնարավորություն է տալիս սովորել, քանի որ ձեռք են բերում հմտություններ, որոնք հետո օգտագործելու են իրենց աշխատանքում. օրինակ՝ նախաձեռնություն, պատասխանատվության զգացում, հասարակության հետ աշխատանք, միջավայրի կազմակերպում, տնտեսական, տեխնիկական հարցերի լուծում եւ այլն»: Մեր այն դիտարկմանը, թե հաճախ դպրոցներում ձեւական բնույթ է կրում մեր ազգի երեւելիների հոբելյանների կապակցությամբ միջոցառումների կազմակերպումը, պարոն Բլեյանն այսպես պատասխանեց. «Դա ոչ միայն դպրոցներում է այդպես, այլեւ այդ հոբելյանների նշումը կառավարության համար մի տեսակ բեռ է դարձել, ինչը պարզ նկատվում է: Մի կողմից դա հասկանալի է, քանի որ դեռ Թումանյանի 140-ամյակի տոնակատարությունները չավարտված՝ գալիս են Լեոյի՝ 150, Վահան Տերյանի՝ 125, Ղազարոս Աղայանի՝ 170- ամյակները: Դրանք նիստերի կվերածվեն, հեռուստաընկերություններով հատվածներ կցուցադրվեն եւ վերջ… Իսկ դպրոցների պարագայում սովորաբար կրթական ծրագրերը լինում են պարտադիր եւ արտաուսումնական: Ստացվում է, որ շատ կարեւոր բաներ մնում են արտադպրոցական՝ լրացուցիչ հատվածում, եւ բնական է, որ ծանրաբեռնված ուսուցիչը այդ լրացուցիչն ինչո՞ւ պիտի անի, ո՞վ պիտի վճարի, ո՞ր ժամանակի հաշվին: Մեր հեղինակային մանկավարժության սկզբունքների համաձայն՝ կրթական ծրագիրը մեկն է, որը պիտի ընդգրկի ամենաէականը, այդ թվում նաեւ՝ հոբելյանները, որոնք կարող են սովորողին ինչ որ բան տալ, ուստի դրանք պիտի ընդգրկվեն տվյալ տարվա ծրագրում»:
Լեոյի երկերը ուսումնասիրելիս սեբաստացիականներն օգտագործել էին մեդիայի տարբեր տեսակներ՝ համակարգչից մինչեւ ձայնագրիչ: Օրինակ՝ 6-րդ դասարանցիները Լեոյի «Մանկություն» երկի հիման վրա ֆիլմաշարը ստեղծելիս իրենց ձայնագրել էին, մոնտաժել եւ այլն: Դասավանդող Հայկազ Մարգարյանն էլ «Լեոն եւ արդի Երեւանը» թեմայով զեկուցման մեջ զուգահեռներ տարավ 16-18-րդ դարի եւ 21-րդ դարի Երեւանների միջեւ: Նաեւ համեմատեց Երեւանի խանության կառավարիչ Բեգլար բեկին Երեւանի ներկայիս քաղաքապետի հետ, հիշեց՝ եթե 16-17-րդ դարերում Երեւանի փողոցները կեղտաջրերով, ուտելիքների մնացորդներով էին աղտոտված, այժմ դրանց գումարվել են պոլիէթիլենային տոպրակներն ու շինարարական աղբը, ժամանակին Երեւանը այգիների քաղաք էր, այժմ կանաչ գոտիները ոչնչացվում են հանուն մեր քաղաքական էլիտայի «էլիտար» քմահաճույքների: 10 Բ դասարանի աշակերտուհիներ Շուշանը, Լիանան եւ Հայարփին էլ ներկայացրին «Ով է եւ ումն է Լեոն» ուսումնասիրությունը: Ասացին, որ հարցում են անցկացրել տարբեր տարիքի 80 մարդու շրջանում, որոնցից միայն 15-ն է ճանաչել Լեոյին: Աշակերտուհիները հանդիպել են նաեւ այնպիսի անձանց, որոնք Լեոյի անունը կապել են Լեոնարդո դա Վինչիի հետ կամ կարծել են, թե աշակերտուհիներն աղանդավորներ են եւ խուսափել են պատասխանել: Մի ծերունի էլ պատասխանել է, թե ինքը նույնիսկ չգիտի, թե ինքն ով է, ուր մնաց Լեոյին ճանաչի: