Վստահ է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը
– Ինչո՞վ են պայմանավորված վերջին ակտիվ փոփոխությունները ձեր կուսակցությունում, նախարարներին փոխեցիք, հիմա էլ խմբակցության կազմում եք փոփոխություն կատարել: Դժգո՞հ եք ձերոնցից:
– Ընդհանուր առմամբ, մենք մեր կուսակցական պաշտոնյաներից դժգոհ չենք, պարզապես փոփոխությունները միտված են կուսակցական շինարարությունը արդյունավետ իրականացնելու եւ առաջնորդվելու ժամանակի հրամայականով: Երբ հետադարձ հայացք նետեցինք եւ գնահատեցինք կատարված աշխատանքը, հասկացանք, որ կուսակցության ներսում պետք է ուժերի վերադասավորում կատարել եւ գնալ առաջ, ինչը, ինչ խոսք, կուժեղացնի նաեւ կուսակցությունը:
– Ըստ որոշ տեղեկությունների, այլ քաղաքական ուժեր փորձում են իրենց կողմը գրավել ձեր այն կուսակիցներին, որոնք ընտրությունների ժամանակ բավականին ակտիվ են եղել եւ կարողացել են ձայներ ապահովել ՕԵԿ-ի համար: Այս մարդկանց այլ կուսակցություններ փորձում են գրավել՝ աշխատանք եւ ֆինանսական աջակցություն խոստանալով: Իր այս վերադասավորումներով ՕԵԿ-ը փորձում է իր համակիրներին կամ անդամներին նորի՞ց գրավել:
– Իսկ մեր տեղեկություններով եւ մեր շարքերի համալրման գործընթացից երեւում է, որ այդ պրակտիկան ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումներ: ՕԵԿ-ը, ինչպես բոլորին է հայտնի, այն քաղաքական ուժերից է, որ մարդկանց իր կողմը փողի կամ այլ խոստումների միջոցով գրավելու խնդիր չունի: Մարդիկ համոզմունքով են միանում մեզ՝ գնահատելով կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ քաղաքական մեծ ճանապարհ անցած եւ մեծ վաստակ ունեցող գործչին, ինչպես նաեւ գնահատելով կուսակցությունը որպես անհանգիստ քաղաքական ուժ, որը բարեփոխումների ջատագովն է այս երկրում: Մենք աշխատում եւ պայքարում ենք լավ եւ դրական փոփոխությունների համար: Եվ եթե որոշ մարդկանց աշխարհընկալումը սկսվում եւ վերջանում է միմիայն անձնական շահով եւ փողով, ապա այդպիսի մարդիկ, ըստ էության, մեզ պետք չեն, եւ որքան շուտ հեռանան մեզանից, այնքան ավելի լավ:
– Մեզանում կա ավանդույթ՝ ընտրությունների շեմին իշխող ուժերից մեկնումեկը դառնում է, այսպես կոչված, ընդդիմադիր, ՕԵԿ-ը եւս ժամանակին դարձավ ընդդիմություն: Չի բացառվում, որ հիմա եւս կոալիցիայի ուժերից մեկը ընտրությունների շեմին կդառնա ընդդիմադիր: Նման սցենար ՕԵԿ-ի համար կարո՞ղ է լինել:
– Ոչ, չի կարող: Բացի այդ, ՕԵԿ-ը երբեք նման սցենարներով չի առաջնորդվում, եւ մեր հրաժարականը եղել է օբյեկտիվ պատճառներով, այլ ոչ թե ստիպված: Քաղաքական ուժերի տեղն ու դերը պայմանավորված են ընտրություններով, ու ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերն են որոշում դառնալ իշխանություն, թե ընդդիմություն, որը քաղաքական մշակույթ է:
– Երբ ՕԵԿ-ը իր երկու նախարարներին փոխեց, ես մի հաղորդման հյուր էի, որի վարողը շարունակ փորձում էր հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ դուք փոխեցիք ձեր նախարարներին: Ես, իհարկե, առաջարկեցի այդ հարցն ուղղել ՕԵԿ-ին, այնուամենայնիվ, օգտվելով այս հարցազրույցի հնարավորությունից՝ խնդրում եմ ասեք, թե ինչ տրամաբանությամբ փոխեցիք ձեր նախարարներին, եւ արդյոք այդ փոփոխությունը նշանակո՞ւմ է, որ ՕԵԿ-ը փորձեց ուժեղանալ եւ ուժեղացնել ՀՀ նախագահին, քանի որ, ըստ որոշ գնահատականների, նորանշանակ ձեր նախարարներն առաջին հերթին նախագահին անվերապահորեն նվիրված մարդիկ են:
– Հարցին, թե ինչ տրամաբանությամբ փոխեցինք մեր նախարարներին, ես արդեն պատասխանել եմ: ՕԵԿ-ի կատարած փոփոխությունները, ինչ խոսք, ուժեղացրին թե կուսակցությունը եւ թե նախագահին: Մի՞թե այսօր կան նախարարներ եւ պաշտոնյաներ, որոնց նշանակումը կատարում է նախագահը եւ իրենք կողմնակից չեն նախագահի վարած քաղաքականությանը: Կարծում եմ՝ չկան: Եթե ձեռք են բերվում քաղաքական պայմանավորվածություններ, ապա պետք է ազնիվ լինել, վստահությամբ եւ հարգանքով պետք է անցնել այդ ճանապարհը: Իսկ մենք մեր որոշումների մեջ ազնիվ ենք եւ սկզբունքային: