Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր տեղի կունենա հանդիպում Եվրոպայի ՖԽՎ անդամ խորհրդարաններից մոտ 80 ֆրանսախոս պատգամավորների հետ: Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը եւ ուսանողները հյուրընկալելու են ՀՀ Ազգային ժողովի կազմակերպած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային 23-րդ՝ «Սոցիալ-տնտեսական եւ մշակութային փոփոխությունների ընթացքում գտնվող մեր հասարակություններում կրթական համակարգերի խնդիրները եւ մարտահրավերները» ընդհանուր թեմայով համաժողովի շրջանակներում Եվրոպայի ՖԽՎ անդամ խորհրդարաններից մոտ 80 ֆրանսախոս պատգամավորների:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում է նաեւ մեր համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Ս. Զոլյանի գլխավորությամբ: Համալսարանում հանդիպման ժամանակ կքննարկվեն համաժողովի հետեւյալ երեք ենթահարցերի հիմնախնդիրները՝ կապված ԵրՊԼՀ կրթական գործունեության հետ. «Դպրոցի դերը եւ առաքելությունը, նրա արժեքները եւ մանկավարժական նպատակները», «Դպրոցը եւ անհավասարությունները (ռազմավարությունների կիրառում մի շարք հարցերում՝ դրական խտրականությունը, իրական արդարությունը եւ հավասարությունը դպրոցում եւ այլն)», «Դպրոցը եւ նրա անկախությունը շուկայից»: