Ապրիլի 30-ին տեղեկացրել ենք, որ մայիսի 23-ին Սյունիքի 7 գյուղերում՝ Ալվանք, Եղեգ, Լեհվազ, Նռնաձոր, Վարդանիձոր, Նժդեհ, Տորոնիք, կայանալու են ՏԻՄ հերթական ընտրություններ: Թեկնածուների առաջադրումներն ավարտվել են: Մարզի թիվ 37 եւ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների տվյալների համաձայն՝ 7 գյուղերից 6-ում առաջադրվել են գործող գյուղապետերը: Միայն Եղեգ գյուղում գործող գյուղապետն իր թեկնածությունը չի առաջադրել:
Եղեգ եւ Տորոնիք գյուղերում գյուղապետի պաշտոնի համար պայքարելու են 2-ական թեկնածուներ, իսկ մնացած գյուղերում միայն գործող գյուղապետերն են: Մարզի 7 գյուղերում առաջադրված գյուղապետերի 9 թեկնածուներից 6-ը ՀՀԿ անդամներ են, երկուսը՝ անկուսակցական եւ մեկը՝ ԲՀԿ անդամ: Ալվանքում համայնքի ղեկավարի համար առաջադրվել է Վարուժան Թումանյանը (ՀՀԿ), Եղեգում՝ Սլավիկ Գրիգորյանը (ՀՀԿ) եւ Վյաչեսլավ Մարկոսյանը (ԲՀԿ), Լեհվազում գյուղապետի թեկնածու է առաջադրվել Սասուն Զաքարյանը (ՀՀԿ), Նռնաձորում՝ Մկրտիչ Մկրտչյանը (անկուսակցական), Վարդանիձորում՝ Ալբերտ Բեկլարյանը (ՀՀԿ), Նժդեհում՝ Գեղամ Օհանյանը (ՀՀԿ), իսկ Տորոնիքում՝ Անահիտ Հակոբյանը (ՀՀԿ) ու Վարդան Ստեփանյանը (անկուսակցական):