Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինչ կառավարությունը հորդորում է

Մայիս 04,2010 00:00

«Գրանդ Հոլդինգը» առաջարկում է կոնկրետ քայլեր  

Օրերս ՀՀ կառավարությունը ընդունեց 2010-15թթ. ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը եւ դրա կատարումն ապահովող առաջնահերթ միջոցառումների ցանկը: Իհարկե, ողջունելի է, որ ծխելու դեմ պայքարը կառավարության ուշադրության կենտրոնում է, սակայն համոզված ենք, որ նշված միջոցառումների անմիջական ազդեցությունը ծխողների թիվը կրճատելու գործում՝ արդյունավետ չի լինի: Նախ ասենք, որ «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ Տոբակո» եւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները սիգարետների հայրենական արտադրության առաջատարներն են, սակայն միշտ հանդես են եկել սիգարետների գովազդի դեմ: 2001 թվականին «Գրանդ Տոբակո» ընկերությունը, ծխախոտի հեռուստագովազդն արգելող օրենքի ընդունումից մեկուկես տարի առաջ, միակողմանիորեն դուրս եկավ հեռուստագովազդի դաշտից, որպես բարի կամքի դրսեւորում: Մասնակցել ենք ծխելու դեմ պայքարի գովազդային արշավին, ՀՀ ԱԺ-ում «Ծխելու մասին» օրենքի քննարկումների ընթացքում «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը իր ելույթում հանդես է եկել սիգարետի ամեն տեսակի գովազդի արգելման օգտին: Իսկ ինչ վերաբերում է կառավարության կողմից հաստատված ծրագրին, ապա ասենք, որ միայն խորհրդատվություններով եւ ծխողների տարբեր կատեգորիաները հաշվառելով՝ ծխելու դեմ չեն պայքարում: Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ արվում է ընդամենը ինչ-որ գրանտներ ստանալու եւ ինչ-որ ստանձնած պարտավորություններ կատարելու համար: Այդ միջոցառումները պետք են, բայց մինչեւ դրանց իրագործմանն անցնելը՝ կան ավելի առաջնահերթ եւ հրատապ միջոցառումներ:
Առաջինը, որ պետք է իրականացվի, վաճառակետերում ծխախոտի գովազդի արգելումն է: Այսօր վաճառակետերում թույլատրված է սիգարետների գովազդը՝ գովազդային պաստառների վրա: Սա համարում ենք մեծ խթան ծխելու խրախուսման գործում: Աշխարհի ոչ միչ քաղաքակիրթ երկրում նման գովազդ թույլատրված չէ:
Երկրորդը՝ ծխախոտի վաճառքի ցուցադրական պահարաններն են: Աշխարհի շատ քաղաքակիրթ երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Կանադա, նման ցուցադրական պահարանների կիրառությունը արգելված է, եւ ծխախոտը վաճառվում է փակ, անթափանց պահարաններում, որոնց վրա բացակայում է ցանկացած գովազդային ինֆորմացիա: Իսկ Հայաստանի բոլոր վաճառակետերում ծխախոտը վաճառում են բաց ցուցափեղկերի վրա, էլ չեմ խոսում հատուկ ծխախոտի համար նախատեսված ցուցադրական պահարանների մասին, որոնց վրա առկա են բավականին մեծ մակերեսով գովազդային հատվածներ: Ցանկացած գնորդ, հատկապես մեզ հետաքրքրում են երեխաները, այցելելով խանութ՝ գնումների, տեսնում է այդ գովազդային կրիչները եւ գրավիչ ձեւով ցուցադրված սիգարետները: Սա անթույլատրելի է:
Մյուս առաջարկն այն է, որ պետք է փոխվի սիգարետների տուփերի դիզայնը: Ինչպես ողջ քաղաքակիրթ աշխարհում, սիգարետի տուփի վրա պետք է լինեն ոչ միայն գրառումներ ծխելու վնասակարության մասին, այլ նաեւ այդ փաստը հաստատող լուսանկարներ: 1 եւ 2 լուսանկարներում դուք տեսնում եք Մեծ Բրիտանիայում եւ Կանադայում կիրառվող տարբերակները: Համաձայնեք, որ ամեն անգամ տուփը բացելիս այս լուսանկարները տեսնելով, դժվար թե ծխելու մեծ ցանկություն առաջանա, մանավանդ ընտանիքի եւ երեխաների ներկայությամբ:
Մեր առաջարկած միջոցառումները արդյունավետ են նաեւ այն առումով, որ շատ հեշտ է դրանց իրականացումը եւ կատարման վերահսկողությունը: Վերահսկողությունը կարող են իրականացնել թե Պետական եկամուտների նախարարությունը, թե ՀՀ ոստիկանությունը: Ցանկացած վաճառակետ, մեկ անգամ տուգանք վճարելուց հետո, այլեւս չի ցանկանա իր տարածքում տեղադրել ցուցադրման պահարան կամ գովազդային պաստառ: Իսկ տուփերի վրա լուսանկարների առկայությունը պետք է ամրագրել օրենսդրորեն եւ փոխել գործող պետստանդարտը, ինչը պետության համար մեծ դժվարություն չի ներկայացնում: Պատկան մարմինները կհաստատեն, որ դրա իրագործումը եւ վերահսկողությունը շատ հեշտ է: Մենք ամեն ինչում սիրում ենք ընդօրինակել Եվրոպայից եւ ԱՄՆ-ից, սակայն մեր քաղաքացիների առողջությանն առնչվող այս կարեւորագույն հարցում, չգիտես թե ինչու, խուսափում ենք: Կառավարության կողմից առաջարկված միջոցառումների ցանկում տեղ է գտել նաեւ ծխախոտի արտադրատեսակների որակի վերահսկողության խնդիրը: Սակայն հասկանալի չէ, թե ինչպես է կատարվելու այդ վերահսկողությունը, երբ իսպառ բացակայում են անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաները: Նման լաբորատոր սարքավորումների համալիրն արժե մոտ $600 000, սակայն համոզված ենք, որ պետությունը պետք է կատարի նման ծախսեր՝ Հայաստան ներմուծվող եւ տեղում արտադրվող ծխախոտի որակի լիարժեք վերահսկողությունն իրականացնելու համար: Այսօր Հայաստանի տարածքում նման լաբորատորիա ունի միայն «Գրանդ Հոլդինգը»:
Պետք է ընդգծենք այն փաստը, որ հանրապետության ողջ տարածքում սիգարետների վաճառակետերում, մեր սիգարետների ցուցադրական պահարանների թվով մենք գերազանցում ենք բոլորին, այսինքն՝ շուկայում այս առումով առավելությունը մեր կողմն է: Նույնը կարելի է ասել գովազդային պաստառների առումով: Սակայն մենք կարծում ենք, որ մեր քաղաքացիների առողջության պահպանումը երկրի համար ռազմավարական նշանակության խնդիր է, որը գերակա է ցանկացած այլ շահերի նկատմամբ: Մենք մեր կառավարությանը առաջարկում ենք՝ նախ իրականացնել այս միջոցառումները, որոնց իրականացումը եւ վերահսկողությունը բավականին դյուրին է եւ որոնք ավելի արդյունավետ են, քան, ասենք, ծխողների հաշվառումը կամ տարբեր խորհրդատվությունների անցկացումը:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել