Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ

Մայիս 04,2010 00:00

«Սա վարչատարածքային բաժանում չէ. սա հողերի զավթում է»

\"\"

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների ընդունման դեպքում՝ ՀՀ կառավարությունը իրավասու է լինելու փոփոխել համայնքների սահմանները, այլ խոսքով, այսօր մի համայնքին պատկանող հողերը վաղը կարող են պատկանել հարեւան համայնքին: Նախագիծն ընդունվել է միայն առաջին ընթերցմամբ, դեռ օրենք չէ, բայց Արմավիրի մարզի Գայի համայնքի բնակիչները վրդովված են: Վստահելի աղբյուրներից իմացել են, որ կառավարությունը համայնքի 2-րդ հատված համարվող Շոռքաշվան կոչվող հողատարածքը հանձնելու է հարեւան Հայկաշենին: Շոռքաշվանը Գայի եւ Հայկաշենի արանքում է: Գյուղացիներն ասում են, իբր կառավարությունն այդ քայլով ուզում է մեծացնել Հայկաշենի վարչական տարածքը՝ որպես սահմանամերձ գյուղ: «Բայց ո՞նց կարա Հայկաշենը սահմանամերձ լինի, երբ սահմանի ու Հայկաշենի արանքում Արաքս գյուղ էլ կա: Այստեղ ուրիշ խնդիր է լուծվում. ըստ ամենայնի՝ եթե փոքրանա Գայի վարչական տարածքը, կփոքրանա նաեւ համայնքի բյուջեն, ինչի արդյունքում էլ ավելի ուշ, համայնքների միավորման ժամանակ փոքր համայնքը կձուլվի մեծին»,- իր ենթադրությունը «Առավոտի» հետ կիսեց Գայի նախկին կոլտնտեսության ղեկավար Խաչիկ Միքայելյանը:
Նախկինում գոյություն ունեցող, իսկ վերջին շրջանում փոքր-ինչ մարած Գայ-Հայկաշեն հարաբերությունների լարվածությունը կրկին գլուխ է բարձրացրել: Բորբոքված կողմը՝ Գայի բնակիչները, ասում են, որ ոչ մի դեպքում թույլ չեն տա՝ իրենց պապերի ձեռքով մշակության համար պիտանի դարձրած հողը տալ հարեւանին: «Էդ տարածքը շոռ, անապատ է եղել: Մեր պապերը մաքրել-հարթեցրել են, լվացել են աղուտները եւ դարձրել մշակության համար պիտանի: Մենք էլ, սերնդեսերունդ մեր ապրուստն այդ հողից ենք ստանում: Հիմա ի՞նչ է ստացվում՝ եկել ու մեզ մեր տարածքից քշել են ուզո՞ւմ»,- ասաց գայեցի Քաջիկ Վարդանյանը:
Գայի գյուղատնտեսական նշանակության հողերը 872 հեկտար են, որից միայն 350 հեկտարը՝ Շոռքաշվանում, մնացածը տնամերձեր եւ այգիներ են: Շոռքաշվանի 350 հեկտարից 250-ը մասնավոր սեփականություն է եւ պատկանում է 534 ընտանիքի: Գայի բնակիչը հիմնական եկամուտը ստանում է Շոռքաշվանի հողերից: Հարցին, թե գյուղացու համար տարբերություն կա՞, թե որ համայնքի սահմաններում է իր հողը, Եղիշե Հայրապետյանն ասաց. «Տարբերությունն այն է, որ հողի հարկը կմուծեմ ոչ թե Հայկաշենի բյուջե, այլ՝ Գայի, որտեղ ապրում եմ: Մեր գյուղը հարյուրավոր խնդիրներ ունի, ինչը փողի պատճառով չի լուծվում: Ինչի՞ պիտի ես ապրեմ մի համայնքում, աշխատեմ ու վարձ վճարեմ այլ համայնքի, եթե տասնյակ տարիներ Գայի հարկատուն եմ եղել»:
Գայի 7 միլիոնանոց բյուջեի միայն 3 միլիոնը Շոռքաշվանի հողերից է հարկվում: Համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանն անհանգստացած է. «Եթե 7 միլիոնով մի կերպ ենք համայնքի հարցերը հոգում, ինչպե՞ս ենք աշխատելու 4 միլիոնով: Կամ, ո՞նց եք պատկերացնում՝ մարդն ապրի, օգտվի մեր գյուղի ծառայություններից, իսկ հարկ վճարի այլ գյուղի: Գյուղական համայնքներում էլ, գիտեք՝ բյուջեն հիմնականում հողի հարկից է գոյանում: Դրանից էլ զրկելով՝ աքցանի մեջ են առնում գյուղն էլ, գյուղացուն էլ, գյուղապետին էլ: Հետո էլ ասում են՝ ինքնակառավարում: Ինչպե՞ս ինքնակառավարվես, երբ հնարավորություններդ սահմանափակում են, երբ որոշումներ կայացնելիս՝ ոչ համայնքի բնակիչների կարծիքն են հաշվի առնում, ոչ՝ ղեկավարի: Կողքից ենք իմանում գլխներիս գալիքը, իսկ երբ փորձում ենք գոնե պաշտոնական գրություններով տեղեկանալ եղելության մասին, պատասխան չենք ստանում: Բա սա վերաբերմո՞ւնք է: Արդյո՞ք սա բացահայտ արհամարհանք չէ հողի մարդու նկատմամբ»: Համայնքի ղեկավարի՝ ՀՀ վարչապետին ու տարածքային կառավարման նախարարին ուղղված գրությունները մինչ օրս մնացել են անպատասխան, իսկ Արմավիրի մարզպետը զարմացել է՝ լսելով Գայ-Հայկաշեն հողային խնդրի մասին: Մտահոգված գյուղի հետագա ճակատագրով, նախկին կոլտնտեսության ղեկավար Խաչիկ Միքայելյանն էլ հեգնեց. «Մեր բյուջեի կեսը տանք Հայկաշենին, նրանց հարստացնենք, մենք սնանկանա՞նք: Հազար ծախս ունենք. ակումբ, գրադարան, երաժշտական դպրոց, դրանք լրիվ խնամքի կարիք ունեն: Եթե փող չլինի, ինչ ե՞նք անելու, դրանք էլ փակե՞նք: Հետո էլ գյուղի վրա կողպեք դնե՞նք»:
Գայն իր տարածքով ու բնակչության թվով Արմավիրի մարզի երկրորդ գյուղն է՝ Արշալույսից հետո: 3860 բնակիչ ունեցող համայնքի վարչական տարածքը՝ առանց Շոռքաշվանի կրկնակի զիջելու է Հայկաշենին, որը բնակչության թվով երեք անգամ պակաս է Գայից: «Ի՞նչ տրամաբանությամբ են մեզնից վերցնում հողն ու նրանց տալիս, երբ հայկաշենցիները նույնիսկ իրենց հողերը լիարժեք չեն մշակում»,- ասաց Գրիգոր Արզումանյանը:
1828 թվականին երբ Խոյից ու Իգդիրից տեղահանված հայերը եկել, բնակություն են հաստատել Ներքին Խաթունարխ, այժմ՝ Գայ գյուղում, մշակության համար հող անգամ չեն ունեցել: Տարածքը, որտեղ հաստատվել են, ճահճուտ է եղել: Եվ որպեսզի գյուղացիները ապրուստի միջոց ունենան, 1830 թվականին նրանց է հատկացվել ներկայիս «կռվախնձոր» Շոռքաշվանը: Սա էլ այնքան աղուտ է եղել, որ գյուղացիներն իրենք են մաքրել-մշակել եւ հողը հող դարձրել: Ու դա է պատճառը, որ գայեցիներն այդ հողատարածքը համարում են իրենց պապենականը: Ասացին, որ սա նաեւ պատվի հարց է, ամբողջ բնակիչներով կելնեն ու իրենց գյուղի միջով անցնող Հայկաշենի միակ ճամփեն կփակեն: Կգնան կառավարություն, կբողոքեն՝ որտեղ հնարավոր է:
Հայկաշենը մարտունեցիներով վերաբնակեցված գեներալաշատ գյուղ է: Այստեղ է գտնվում նաեւ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի հայրական տունը: Գայի գյուղապետը ենթադրում է, որ ՌԴ-ում գտնվող պատգամավորը տեղյակ չէ այս պատմությանը, «այլապես թույլ չէր տա»: Իսկ «Առավոտի» տեղեկություններով, այս ամենի պատճառը Շոռքաշվանի տարածքով հոսող Սեւջուր գետի տակ գտնվող ավազահանքն է, որի վրա աչք ունեն որոշ օլիգարխներ: Այստեղ 2 քմ տարածքից մեկ բեռնատար ավազ են դուրս բերում:

Հ. Գ. Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ մատույցներում հավաքվել եւ այս նույն՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների ընդունման դեմ բողոքում էին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները՝ գյուղապետի գլխավորությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել