ԱՎԱԶԸ ԹԱՓՎԵԼ Է ԲԱՆՎՈՐԻ ՎՐԱ
ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի 13 հասցեում գտնվող շինհրապարակում շրջվել է բեռնատար ավտոմեքենան: «ԳԱԶ-53» մակնիշի 20 ԼՕ 146 պետհամարանիշի բեռնատարից բեռը դատարկելիս՝ գրունտը փլուզվել է, ինչի հետեւանքով ավտոմեքենան տեղաշարժվել է, բեռնաթափվող ավազը թափվել է կանգնած բանվորի վրա, եւ ծանրության ազդեցությամբ լցվել անցնող ջրանցքը: 35-ամյա բանվոր Կարեն Շահվերդյանը զոհվել է:
«ՄԱԳԻԼԻ ՔԱՐԱՆՁԱՎԻՑ» ԸՆԿԵԼ Է
Վայոց ձորի մարզի «Մագիլի քարանձավ» կոչվող տարածքում ժայռից ընկել է Երեւանի բնակիչ՝ 37-ամյա Հայկ Հարությունյանը: Նա փորձել էր բարձրանալ քարանձավ, սակայն ոտքը սայթաքել է եւ 5-6 մ բարձրությունից ընկել է: Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձորի հիվանդանոց:
ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ ԷՐ
Մայիսի 1-ին Երեւանի Շիրակի 58/34 հասցեում հայտնաբերվել է 84-ամյա Ռոզա Գրիգորյանը՝ անգիտակից վիճակում: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո՝ տուժածը հանձնվել է 1-03 ծառայության աշխատակիցներին:
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է
Դեղորայքային թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Անի թաղամասի 31/21 հասցեի բնակչուհի՝ 19-ամյա Ն. Գրիգորյանը: Տուժածի վիճակը միջին ծանրության է: