Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեռ փոխվում են փականները

Մայիս 04,2010 00:00

\"\"Միայնակ կենսաթոշակառու, աշխատանքային 2-րդ խմբի հաշմանդամ Վեներա Անտոնյանը բնակվում է Ազատության 2ա շենքում, աշխատել է ԽՍՀՄ եւ ՀՀ էներգետիկայի նախարարության համակարգում՝ «Հայատոմէներգամոնտաժ» ՓԲԸ-ում՝ մինչեւ հիմնարկի 2002թ. սնանկ ճանաչվելը: Ինչպես ինքն է հավաստում ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ ոստիկանապետին ուղղված բողոքներում՝ 1990-92թթ. բնակարանը հանձնել էր պահակային պահպանության ծառայությանը եւ մի օր, երբ ոստիկանության աշխատակիցներն ահազանգ ստանալով գալիս են դեպքի վայր, բնակարանի դուռը տեսնում են փակ: Վ. Անտոնյանը մեզ հետ զրույցի ժամանակ պատմեց, որ 1994թ. հունիսին, երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս իրենց շենքի հարեւանները՝ ամուսիններ (որոնց նա մեղադրում է իր տնից գողություն կատարելու մեջ), հարձակվել են վրան եւ սկսել հարվածել գլխին: «Ուղեղի ցնցումով 25 օր պառկեցի հիվանդանոցում: Գործով զբաղվող ոստիկանը խնդրեց, թե կողք կողքի ապրող հարեւան եք, մենակ եք ապրում, պետք չէ դատի տալ, այլեւս գողություն չեն անի, բայց նրանք մինչեւ օրս շարունակում են գողություն անել»,- ասում է Վ. Անտոնյանը: Նա բազմաթիվ անգամ փոխել է տան կողպեքները. «Գողի համար կողպեք բացելը խաղ ու պար է: Ընդհանուր առմամբ տնիցս գողացվել է շուրջ 5 մլն դրամ արժողության ապրանք՝ 25 կգ արծաթյա իրեր, ճաշի, թեյի, սուրճի սպասք, բյուրեղապակյա բաժակներ, 25 մետր կոստյումի կտոր, նույնքան չեխական մետաքս, 16 մետր դրապ, 80 մետր սպիտակ կտոր, 30 մետր բյազ, նոր կարած վերմակ, սպիտակեղեն, սրբիչներ, ծածկոցներ, ֆրանսիական օծանելիք, եվրոպական օճառների հավաքածու եւ այլն»:
2009թ. Վ. Անտոնյանը դիմել է նաեւ ոստիկանության Երեւանի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժին եւ խնդրել քրեական գործ հարուցել 17 տարի շարունակ իր տնից կատարվող գողությունների առիթով: Սակայն պատասխանել են, որ քրեական գործի հարուցումը մերժում են ՀՀ քրդատօրի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ Գ. Վարդանյանը գրավոր պարզաբանել է քաղաքացուն, որ առգրավվել են նրա բնակարանի փականները, նշանակվել է հետքաբանական փորձաքննություն, սակայն դրանք եղել են սարքին. եւ արտաքին, եւ ներքին մակերեսին օտար մարմնի գործադրման հետքեր չեն հայտնաբերվել:
Վ. Անտոնյանը հետագայում հայտնում է, թե 2008թ. նոյեմբերի 5-ին տեսել է իր բնակարանում թաքնված հարեւանին, նաեւ նշում, թե «հարեւանները փոխել են իր ննջարանի երկու մահճակալները»: Սակայն փաստերի ստուգմամբ պարզվել է, որ «կասկածյալ» հարեւանը (անուն-ազգանունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում- Ա. Գ.) 2005թ.-ից բնակվում է Մոսկվայում եւ 2008թ.-ին նա ընդհանրապես ՀՀ-ում չի եղել: Ի դեպ, նշված մահճակալների լուսանկարները տեսնելով՝ պարզվել է, որ դրանց նույնատիպերը գտնվում են նաեւ հարեւանի բնակարանում: Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է նաեւ դատահոգեբուժական փորձաքննություն եւ, ըստ բժշկական եզրակացության՝ «Վեներա Անտոնյանը հաղորդում տալու պահին եւ ներկայումս տառապում է ծերունական փսիխոզ հոգեկան հիվանդությամբ»:
Սրանով պատմությունը չի ավարտվել. Վիկտորյա Անտոնյանը դեռ փոխում է փականներն ու կողպեքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել