Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

60 ԿԳ ԹՈՒՂԹԸ 1 ԾԱՌԻ ԿՅԱՆՔ Է ՓՐԿՈՒՄ

Մայիս 04,2010 00:00

Որքան էլ փնովենք խորհրդային ժամանակները, պետք է նաեւ ընդունենք այն լավը, որ հիմա երանությամբ ենք հիշում: Այն ժամանակ մշտապես գործում էին ապակե տարաների, մետաղի ջարդոնի եւ թղթի թափոնի ընդունման կետեր, որտեղ հանձնում էինք տանը հավաքված հին թերթերը, ամսագրերը, գրքերը, տետրերը եւ ստանում կտրոններ, որով Երեւանի գրախանութներից գնում էինք մեծ պահանջարկ ունեցող գրքեր: Անգամ դպրոցականները տարվա մեջ մի քանի անգամ հատուկ օրերին թափոն էին հավաքում եւ գիտեին, որ 60 կգ թղթի թափոնը փրկում է անտառում մեկ ծառի կյանքը՝ կտրելուց:
Այսօր ապակյա շշերը գոնե հավաքում են աշխատանք չունեցող մարդիկ, իսկ թղթի թափոնների հարցը ոչ մի կերպ չի լուծվում: Թղթի ընդունման կետեր չլինելու պատճառով ստիպված ենք լինում կիլոգրամներով թուղթ նետել աղբարկղ: 3 տարի առաջ բնակարանս նորոգելու ժամանակ 4 մեծ արկղ թղթի եւ ստվարաթղթի թափոն էր հավաքվել, որը ես ափսոսեցի թափել եւ խնդրեցի հարեւանուհուս իր մեքենայով գյուղ տանել, որտեղ էլ այն օգտագործվեց վառարանները եւ թոնիրը վառելիս: Ամիսներ անց հեռուստատեսությունից տեղեկացա, որ «Գրանդ Տոբակոն» բացել է թղթի վերամշակման արտադրամաս եւ քաղաքացիներից նույնպես թափոն է ընդունում: Դա հրաշալի ձեռնարկ էր եւ օգտակար մեր աղքատ, ճգնաժամի մեջ գտնվող երկրի համար, սակայն չգիտենք՝ կուտակված նոր թափոնները ինչպես հանձնել այդ ձեռնարկությանը: Առավել դժվար է այն մարդկանց համար, որոնք մայրաքաղաքում չեն ապրում: Ուստի կուզենայի առաջարկել այդ ընկերությանը, որ տարվա մեջ գոնե մի քանի օր այցելի մերձակա քաղաքներ եւ օգնի մարդկանց՝ լուծելու թափոնի տեղափոխման հարցը: Արդյունքում  թղթի ավելորդ կորուստներ չենք ունենա եւ մասամբ կլուծվեն Հայաստանում առկա բնապահպանական խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել