Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կադաստրին թաքնված տեսախցիկն էլ չի «փրկում»

Մայիս 04,2010 00:00

Սեփականության վկայական ստանալը քաղաքացիների առողջության ու նյարդերի հաշվին է լինում

Հիմա մարդիկ ում ուզում են իսկապես անիծել, ասում են՝ «Կադաստրի դռներն ընկնես»: Այս անեծքն «արդիական» է դարձել հատկապես վերջին տարիներին, երբ շատերը ստիպված եղան սեփականաշնորհել իրենց բնակարանները, հողամասերը եւ վկայական ձեռք բերելու համար առնչվեցին Կադաստրի պետական կոմիտեի հետ:
Լիովին պատկերացնելու համար, թե ինչ հոգեկան ապրումների եւ նյարդային ցնցումների մեջ են մարդիկ ընկնում կադաստրի հետ գործ ունենալու դեպքում՝ պետք է սեփական գործով մտնել կադաստր եւ սեփական մաշկի վրա զգալ կադաստրի՝ առողջությունը քայքայող ողջ ուժը:
Հայտնի է, որ Կադաստրի պետական կոմիտեի տարբեր աշխատասենյակներում տեսախցիկներ են տեղադրված, որպեսզի աշխատակիցների գործողությունները, ողջ օրվա անցուդարձը, քաղաքացիներին ընդունել-ճանապարհելը ձայնագրվի եւ նրանք ավելի վերահսկելի լինեն: Սակայն պարզ է, որ կաշառք տվողը չի բերի տեսախցիկի առջեւ փողը հաշվի ու տա կադաստրի աշխատակցին, որ «վերեւները» նկատեն ու նրան իր «տեղը դնեն»: Իրականում տեսախցիկները, կարելի է ասել, ոչ մի դեր էլ այդտեղ չեն խաղում, որովհետեւ քաղաքացիների նկատմամբ այնպիսի խախտումներ են անում, որ ոչ մի տեսախցիկ չի կարող արձանագրել ու կանխել:
Կադաստրից տուժածներից մեկը՝ Արմեն Առաքելյանը, օրերս «Առավոտին» է դիմել բողոքով, որ Ն. Շենգավիթի 11 փ. 40/3 հասցեում գտնվող իր տարածքի համար պետական գրանցում եւ սեփականության վկայական չեն տալիս: Ա. Առաքելյանի խոսքերով՝ «Արդեն այնքան եմ գնացել-եկել, որ մինչեւ կոկորդս կուշտ եմ կադաստրից: Ճանաչում եմ նրանց գրեթե բոլոր աշխատակիցներին, բոլոր պետերի, տեղակալների, աշխատակիցների սենյակներում եղել եմ, անընդհատ քաշքշում են, հարցը ձգձգում են ու վկայական չեն տալիս»: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կադաստր ներկայացնելուց, երկար քաշքշուկներից հետո Արմեն Առաքելյանին կադաստրից հորդորել են վճարումները կատարել ու, ինչպես օրենքն է պահանջում՝ եռօրյա ժամկետում գալ վկայականը ստանալ: Քաղաքացին պարտաճանաչորեն բոլոր վճարումները կատարել է (վճարման կտրոնները ներկայումս խմբագրությունում են), սակայն 3 օր չէ՝ նույնիսկ 3 ամիս հետո կադաստրը վկայականն այդպես էլ չի տվել. «Անընդհատ գնում-գալիս էի, հա ասում էին էսօր-էգուց ու այդպես էլ չէին տալիս, ես խնդրում էի գրավոր մերժել, որ հասկանամ պատճառն ի՞նչ է: Հիմա եմ հասկանում, որ ժամանակ էին շահում, մինչեւ տարածքի վրա աչք ունեցողներին գտնեն ու տեսնեն՝ ում են վկայական տալիս»:
Չնայած հունվարի 12-ին կատարած բոլոր մուծումներին, մինչ օրս Արմենին վկայական չեն տվել: Ապրիլի 8-ին նոր միայն կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանման ղեկավար Ս. Կարապետյանը քաղաքացուն գրավոր մերժել է տվյալ հասցեի պետական գրանցումը՝ պատճառաբանելով, որ դա վիճելի տարածք է, Վերաքննիչ դատարանում վարույթ է ընդունվել եւ գործի քննություն է նշանակված: Նշենք, որ, ըստ Ա. Առաքելյանի ներկայացրած փաստաթղթերի, դատարանում վարույթը է ընդունվել վերջերս, այսինքն, դա ոչ մի կերպ չի արդարացնում կադաստրի՝ վկայականը տալու եռօրյա ժամկետն ուշացնելը, հատկապես որ՝ քաղաքացին արդեն բոլոր վճարումները կատարած է եղել:
Հիմա կադաստրի աշխատակիցները Ա. Առաքելյանից պահանջում են, որ վկայականի համար վճարած իր գումարը հետ վերցնի: «Չեմ հասկանում՝ փո՞ղս էին ուզում շրջանառության մեջ դնել, թե՞ ինձ խաղալիքի տեղ են դրել»,- զարմանում է քաղաքացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել