Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՀՈՂԸ ՄՇԱԿԵՍ, ՈՐ ՄԹԵՐՔ ՏԱ

Մայիս 04,2010 00:00

\"\"«Արմենիան թեքնոլոջի գրուպ» ընկերությունը համոզված է, որ կա ավելի քիչ ծախսատար մեթոդ, քան այն, ինչ կիրառում են մեր ֆերմերները:

«Մեկ հեկտարի մեկ ոռոգման արժեքը այսօր կազմում է շուրջ 40 հազար դրամ, 4 ոռոգման դեպքում միայն ջրի արժեքը կկազմի 160 հազար դրամ: Բացի այդ, վարի ու մնացած գործողությունների համար անհրաժեշտ դիզելային վառելանյութը, քսայուղերը, թունաքիմիկատներն ու պարարտանյութերը բարձրացնում են հողի մշակման աշխատանքների գումարային արժեքը եւ անհնարին դարձնում հողի շահավետ օգտագործումը: Վերջին տեխնիկան, որ այսօր օգտագործվում է գյուղատնտեսների կողմից, մեր երկիր ներկրվել է ավելի քան 20 տարի առաջ, այն գտնվում է բարոյապես ու ֆիզիկապես մաշված վիճակում, դրանով անհնար է ապահովել գոնե ավանդական տեխնոլոգիաների կատարումը: Ուստի մենք առաջարկում ենք անցնել աշխարհում արդեն բազմաթիվ անգամ փորձված հողի խոնավության եւ ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման ռեժիմին, երբ հողագործները կարող են առանց վարի, ոռոգման ու բազմաթիվ տեխնոլոգիաների կիրառման՝ ցան անել եւ բերք ստանալ»,- այսպես բացատրեց «Արմենիան թեքնոլոջի գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Մկրտչյանն իրենց շահագրգռությունն այն հարցում, թե ինչո՞ւ են ցանկանում նոր մեթոդով գյուղատնտեսական ապրանքներ աճեցնել Հայաստանում: Նրա խոսքերով՝ հողի մշակման նոր մեթոդի շնորհիվ, գյուղացիները բավականին մեծ խնայողություններ կանեն. «Անվար ցանքը նվազեցնում է վառելանյութի ներդրման ծախսերը՝ 50%-ով, աշխատուժի ներդրման ծախսերը՝ 40%-ով, մեքենատրակտորայինը՝ մոտ 48%-ով ու հողի ողողամաշումը՝ 95-99%-ով: Արդեն շատ երկրներում այս մեթոդով են մթերքներն աճեցնում: Եթե 1999-ին անվար ցանքի ծավալներն աշխարհում կազմում էին 45,5 միլիոն հեկտար, ապա 2009 թվականին այն արդեն կիրառվում էր 95,480 միլիոն հեկտարի վրա: Այս տեխնոլոգիան կարելի է դիտել որպես կարեւորագույն, տնտեսող եւ հակաճգնաժամային քայլ՝ մեր տնտեսության մեջ: Ուստի մենք արդեն 1 տարի առաջ այս ծրագիրը ներկայացրել ենք կառավարություն, որպեսզի այդ մեթոդով հողօգտագործման համար անհրաժեշտ տեխնիկան կարողանանք ներկրել: Ծրագրին ծանոթանալու նպատակով մեր հիմնադրամի արտադրական բազա եւ Արմավիրում այս տեխնոլոգիայով մշակված դաշտերն այցելեցին էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, որոնք թեեւ դրական կարծիք ունեին, սակայն վերջնական պատասխան դեռ չեն տվել»:
Բացի այն, որ այդ մեթոդը քիչ ծախսատար է, նաեւ բնապահպանական առումով է արդյունավետ, քանի որ, ըստ ընկերության գործադիր տնօրենի, այս համակարգը պահպանում է հողի միկրոկառուցվածքը, պայմաններ է ստեղծում միկրոբակտերիաների, անձրեւաորդերի գործունեության համար, որոնք վերամշակելով բերքահավաքից հետո թողնված մնացորդները, վերածում են դրանք բիոհումուսի եւ հարստացնում հողը. «6-7 տարվա ընթացքում տեղի է ունենում հողի արմատական վերակառուցում եւ բարելավում: Անձրեւաորդերի գործունեության արդյունքում ստեղծվում է ստորգետնյա անցքերի համակարգ, որն ինտենսիվ կլանում է տեղումների խոնավությունը: Դաշտի վրա տեղաբաշխված մնացորդները առաջացնում են մուլչեցում (ծածկ)՝ թույլ չտալով խոնավության գոլորշիացում: Անվար տեխնոլոգիայով մշակվող չոռոգվող տարածքներում երաշտային տարիներին նորմալ դաշտեր են ձեւավորվում եւ տալիս են բերք, չի կատարվում հողի տեղաշարժ՝ նախորդ մշակաբույսի փտող արմատային համակարգի առկայությունը կապում է հողաշերտը՝ կանխելով նրա հոսքը»:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են ընդունում հենց իրենք՝ ֆերմերներն ու հողագործներն այս նոր մեթոդը՝ պարոն Մկրտչյանը պատասխանեց, որ իրենք այս ոլորտում աշխատում են արդեն 6 տարի. «Հանրապետության 3 տարածքներում կատարված մեր փորձը ցույց է տալիս, որ ֆերմերները սկզբում տարակուսանքով են մոտենում մեթոդին: Նրանք պետք է համոզվեն ցանքերի արդյունավետության մեջ, որից հետո միայն կանցնեն այս տեխնոլոգիայի կիրառմանը: Մենք տարբեր գոտիներում՝ Առատաշենում (դաշտավայրային) եւ Տալվորիկում (նախալեռնային) ստեղծել ենք 2 մշտական գործող տեղամասեր, որտեղ ֆերմերներն իրենց անձնական մասնակցությամբ կուսումնասիրեն նոր մեթոդը արտադրական պրոցեսներում: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում ներգրավվեցին կամավոր խորհրդատուներ, որոնք երկար տարիներ մասնագիտացած են առանց վարի հողագործության բնագավառում: Ներկրելով հատուկ սարքավորումներ՝ Շիրակում, Լոռիում, Արմավիրում, Արարատում ֆերմերների մասնակցությամբ կատարեցինք ցուցադրական ցանքեր: Տեխնոլոգիայի հետագա զարգացումը եւ ընդլայնումն ապահովելու նպատակով մենք կհամագործակցենք նաեւ այն ֆերմերների հետ, ովքեր կցանկանան կիրառել անվար ցանքը, համատեղ կընտրենք համապատասխան ցանքատարածքներ, կտրամադրվեն հատուկ սարքավորումներ՝ ցանքեր կատարելու համար, պարբերաբար կվերահսկենք ցանքերի վիճակը եւ կմատուցենք մասնագիտական խորհրդատվություններ՝ հանրապետության ողջ տարածքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել