Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերակատարումների քառամսյակ

Մայիս 04,2010 00:00

2010թ.-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել եւ շարունակում է գերակատարումներով. 2010թ. չորս ամիսների հավաքագրումները գերակատարվել են ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել 218 մլրդ 106 մլն դրամ, այսինքն՝ պլանային ցուցանիշը գերակատարվել է 22 մլրդ 071 մլն դրամով: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվական վարչության հաղորդագրությունից: Ընթացիկ տարվա չորս ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցում են 2009թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին հավաքագրվել է 37 մլրդ 534 մլն դրամով ավելի գումար: Իսկ 2008թ. չորս ամիսների համեմատությամբ՝ այս տարվա չորս ամիսների հավաքագրումները գերակատարվել են շուրջ 11,2 մլրդ դրամով: Սոցիալական ապահովության վճարների մասով եւս արձանագրվել է գերակատարում՝ ինչպես 2008-ի եւ 2009-ի առաջին չորս ամիսների, այնպես էլ այս տարվա չորս ամիսների պլանային ցուցանիշի նկատմամբ: Մասնավորապես, 2010թ. հունվար-ապրիլ ամիսներին հավաքագրվել է շուրջ 35,8 մլրդ դրամ, ինչը պլանային ցուցանիշը գերազանցել է մոտ 5 մլրդ դրամով: 2010-ի առաջին չորս ամիսների ընթացքում հավաքագրված սոցվճարները շուրջ 6 միլիարդով գերազանցել են 2009-ի, իսկ 6,2 միլիարդով էլ՝ 2008-ի նույն ժամանակահատվածի:
Այս գերակատարումների մասին տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ա1+»-ին ասել է.«Հարկահավաքության արդյունավետություն տեղի չի ունեցել: Գերակատարումները հիմնականում ավելացված արժեքի հարկի հաշվին են: Համաշխարհային շուկայում գների աճ է տեղի ունեցել, ավելացված արժեքի հարկի հաշվին տեղի է ունեցել աճ: Տեղի է ունեցել միջազգային կոնյունկտուրայի փոփոխության արդյունքում»: Նրա գնահատմամբ՝ եթե գերակատարումը լիներ շահութահարկի հաշվին, ապա այդ դեպքում նոր կարելի էր ասել, որ տնտեսության մեջ արդյունավետությունը բարձրացել է: «2009թ-ի համեմատ 2010-ին գների աճը միանշանակ է, պաշտոնական վիճակագրությունն է ասում, որ տարին տարվա վրա 8-9% աճ է գրանցվել: Կարող ենք վերցնել ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը, այդտեղից էլ կերեւա: Ցուցանիշով գտնվում ենք, ինչպես ԱՄՀ ներկայացուցիչն էր ասել, աֆրիկական պետությունների մակարդակին, ինչը շատ ցածր մակարդակի է»,-հավելել է Վ. Խաչատրյանը: Իր հերթին մկ այլ տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Ա1+»-ին այդ մասին ասել է. «Դեռ անցած տարի, երբ բյուջեն հաստատում էին, ասել էի, որ թույլ ծրագիր է, նախատեսում է եկամուտների հավաքագրման շատ փոքր մակարդակ, որը թեեւ մեկ նպատակ կարող է հետապնդել, որ տարվա ընթացքում զեկույցներ լինեն, թե ինչ լավ են աշխատում հարկային մարմինները, ինչի հետ հիմա գործ ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել