Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերմանական վարկով կնորոգվեն ՀԷԿ-երը

Մայիս 04,2010 00:00

Գերմանա-հայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի շրջանակներում գերմանական KfW բանկի եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ ստորագրվել են նոր պայմանագրեր ծրագրի երկրորդ փուլի՝ 18 միլիոն եվրոյի վարկային եւ 1,5 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցների տրամադրման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ վարկը գերմանական KfW բանկի կողմից տրամադրվելու է ԿԲ-ին սուբսիդավորվող տոկոսադրույքով, 12 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ: Դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող փոքր ՀԷԿ-երին եւ գործընկեր բանկերին տեխնիկական եւ ֆինանսական խորհրդատվական անվճար ծառայություններ մատուցելուն: KfW բանկի կողմից պայմանագրերը ստորագրել է առաջին փոխնախագահ Ռոլանդ Զիլլեռը:
Դեռեւս 2004թ. ապրիլին Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջեւ կնքված «Ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում KfW բանկի եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ 2004թ. նոյեմբերի 24-ին կնքվեցին «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրով 6 մլն եվրոյի վարկային եւ 1,5 մլն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր: Ծրագիրը իրականացվում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ համատեղ: Վարկային ծրագրի նպատակն է մրցույթով ընտրված ՀՀ առեւտրային բանկերի միջոցով վարկեր տրամադրել գործող հիդրոէլեկտրակայաններին (ՀԷԿ)՝ վերակառուցման եւ վերազինման, ինչպես նաեւ նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար, ինչը կնպաստի էլեկտրաէներգիայի արտադրման եւ մատակարարման բարելավմանը եւ, որպես արդյունք, տնտեսության հետագա զարգացմանը: Առ այսօր ԳՀՀ-ՎԷԱ ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորվել է 14 ՓՀԷԿ, ինչի արդյունքում ծրագրին հատկացված վարկային միջոցները ամբողջությամբ տեղաբաշխվել են: Գործընկեր բանկերին վարկային միջոցները տրամադրվել են ՀՀ դրամով, տարեկան 5.5% տոկոսադրույքով, իսկ ՓՀԷԿ-ների վարկավորումը իրականացվել է առավելագույնը 10.5% տոկոսադրույքով, նույնպես ՀՀ դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել