Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՅՔԱՐ՝ ՀԴՄ ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ

Մայիս 04,2010 00:00

\"\"Կառավարությունն ամեն ինչ արեց, որ ՀԴՄ կտրոն հավաքող քաղաքացիներն այդ սովորությունից հրաժարվեն
«Շահում եք դուք՝ շահում է պետությունը». այս կարգախոսը մի քանի ամիս առաջ ամեն օր գովազդվում էր հեռուստաեթերով ու ստիպում հազարավոր մարդկանց «ՀԴՄացավով» տառապել: Ամբողջ հայ ազգը, իրեն դնելով բարեխիղճ սպառողի տեղ, հավատում էր այդ կարգախոսին ու խանութների վաճառողների հետ պարբերաբար կռիվների մեջ ընկնում՝ պարտադրելով իր գնած անգամ 1 տուփ լուցկու, ծամոնի ու «սանտավիկի» համար ՀԴՄ կտրոն տրամադրել:
Իհարկե, շատ շուտով այդ բարեխիղճ սպառողները մեծ հիասթափություն ապրեցին, որովհետեւ հասկացան, որ իրականում ո՛չ պետությունն է շահում, ո՛չ էլ իրենք: Չնայած չշահած կտրոնների դիմաց վճարվող մի քանի կոպեկը մարդկանց քթից էր դուրս գալիս, որովհետեւ ամիսներով հարկային տեսչությունների պատերի տակ հերթ էին կանգնում, քաշքշուկների մեջ ընկնում ու հետո ամենաանկապ պատճառաբանությամբ մերժվում էին, կառավարությունը որոշեց կոտրել մարդկանց մեջ ՀԴՄ կտրոն հավաքելու այդ բուռն ցանկությունը եւ հանուն ինչ-որ տնտեսվարողների ստվերից դուրս բերելու՝ այդ մի քանի հազար դրամն էլ չվճարել քաղաքացիներին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության նիստում ներկայացնելով, որ 2010-ի հունվարի 1-ից Հայաստանում գործելու է բոնուսների վճարման նոր կարգ, եւ մարդիկ ստանալու են ոչ թե ֆիքսված կլոր գումար, այլ  իրենց կատարած գնումների արժեքի ընդամենը 1 տոկոսը, հայտարարեց, որ իրենք լուծել են նաեւ բոնուսների վճարման քաշքշուկների հետ կապված ցավոտ հարցը, մարդիկ այլեւս ժամերով հերթ չեն կանգնի հարկային տեսչություններում, նրանց բոնուսները կվճարվեն Հայաստանում գործող բանկերի բոլոր մասնաճյուղերում: Սակայն այսօր, երբ արդեն ավարտվել է առաջին եռամսյակը եւ սկսվել է բոնուսների վճարման նոր գործընթացը, պարզվում է, որ Հայաստանում գործող 22 բանկերից ընդամենը 3 բանկ են ներգրավվել այդ պարգեւավճարները տրամադրելու գործում՝ «Արարատբանկը», «Հայբիզնեսբանկը» եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը»: Ըստ սահմանված կարգի, մարդիկ առաջին եռամսյակի ավարտից հետո մինչեւ երկրորդ եռամսյակի ավարտը, տվյալ դեպքում՝ մինչեւ հունիսի 30-ը, կարող են բոնուսների համար դիմել ու վճարվել: Սակայն դեռ նոր-նոր պետք է սկսեն պարգեւավճարները տալ՝ արդեն նշված բանկերում բոնուս ստանալու համար քաղաքացիներին չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ արդեն տեղ չունեն եւ չեն կարող սպասարկել: Իսկապես, «Հայբիզնեսբանկից»  էլ «Առավոտին» պարզաբանեցին, որ իրենց գլխամասում բոնուս ստացողներին չեն ընդունում, իսկ մասնաճյուղերում հերթը մինչեւ փողոցի վերջը զբաղեցնում է. «Մեր աշխատողները ժամանակի խնդիր ունեն, չեն հասցնում սպասարկել»: «Արարատբանկի» նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը նույնպես տեղեկացրեց, որ իսկապես, իրենց սպասարկման «լիմիտը», այսպես ասած՝ սպառվել է. «Օրվա մեջ սպասարկման քանակ կա, դա հաշվի առնելով՝ նոր մարդկանց չեն էլ հերթագրում: Մինչեւ հունիսի վերջին աշխատանքային օրվա համար մարդիկ արդեն հերթագրված են: Հազիվ այդ մարդկանց սպասարկեն, այդ պատճառով էլ այլեւս չեն սպասարկում»: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» մասնաճյուղերում նույնպես հսկայական հերթեր են գոյանում, եւ աշխատակիցները չեն հասցնում սպասարկել:
Ստացվում է, որ բոնուսների վճարման կարգը փոխելու այդ ամբողջ պատմությունը միայն մի խնդիր էր լուծում՝ քաղաքացիներին հնարավորինս հետ վարժեցնելու ՀԴՄ չշահած կտրոն հավաքելու այդ վնասակար սովորությունից եւ հիասթափեցնելու թե՛ վճարվող չնչին գումարներից, թե՛ դրանց հասնելու տառապագին փորձերից: Պարզ է, որ արդեն տարեվերջին մեր պետությունը բոնուսների վճարման խնդիր ուներ, եւ պետբյուջեի միջոցներով չէին կարողանում այդքան մեծ գումարներ հատկացնել՝ տոպրակներով կտրոններ ներկայացնող քաղաքացիներին սպասարկելու համար: Այդ էր պատճառը, որ 2009-ի 4-րդ եռամսյակին վարչապետի որոշմամբ սառեցվեց բոնուսների տրամադրումը՝ այն պատճառաբանությամբ, իբրեւ թե նախապատրաստական լուրջ աշխատանքներ են ուզում տանեն, որ քաղաքացիներին  պարգեւավճարների տրամադրման ավելի հեշտացված  նոր մեթոդներ ու ճանապարհներ գտնեն: Արդյունքում՝ գտան մի ճանապարհ, որով նրանք, ովքեր արագացված տեմպերով կհասցնեին առաջին մի քանի օրում դիմել բանկեր՝ բոնուս ստանան, մյուսներն իրենց կտրոնների հետ թող վարվեն՝ ինչպես ուզում են. կուզեն՝ կտրոններով խորոված անեն, կուզեն՝ թափեն աղբարկղը, կուզեն՝ թող նվիրեն հարկայինին:
Հաշվի առնելով, որ քիչ-քիչ չափաբաժնով կառավարությունը սկզբում նվազեցրեց բոնուսի չափը, հետո սահմանափակումներ մտցրեց հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների մեջ՝ արգելելով ներկայացնել կապի բնագավառում միջնորդական գործունեությունից եւ կրթության ոլորտից ստացված կտրոնները՝ ակնհայտ է դառնում, որ մեր իշխանությունները պայքարում են ոչ թե ստվերի դեմ, այլ բոնուսների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել