Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի քիչ ազգայնականությո՞ւն

Մայիս 04,2010 00:00

«Այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ լուծել ղարաբաղյան հակամարտությունը»,- երեկ ասուլիում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

«Մենք պետք է մեր տեսակետը փոխենք, մի քիչ մեր հայկականությունից դուրս գանք, ոչ թե իրենք պետք է անընդհատ մեզ սպառնան, ու մենք իրենց բացատրենք, այլ Հայաստանը պետք է կոնկրետ սպառնալիքներ ստեղծի»,- հայտարարել է Լեւոն Շիրինյանը՝ փաստելով, որ տարածքների վերադարձի մասին խոսակցությունն անգամ ինքն անթույլատրելի է համարում։ Բանավեճի մասնակից թուրքագետ Արտակ Շաքարյանն էլ հակառակվել է։ Ըստ նրա, վերջին 20 տարում հայկական կողմը դրական իմիջ է ստեղծել միջազգային հանրության մոտ՝ ցույց տալով, որ ինքը կողմ է խաղաղ բանակցություններին. «Բավական քաղաքական կապիտալ է ծախսվել նման դրական իմիջ ստեղծելու համար, որն ավելի դրական եւ ավելի քաղաքակիրթ երկրի պատկեր է ստեղծում, ինչով մենք դրականորեն տարբերվում ենք թե Թուրքիայից, թե Ադրբեջանից: Մի քիչ ազգայնական շեշտադրումները կփչացնեն մեր երկարաժամկետ ռազմավարական պլանը»։
Միջազգային հանրության առաջ Հայաստանի կշիռը բարձրացնելու համար Շաքարյանը խորհուրդ է տվել չկռվել պատի դեմ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, այլ Իրանի եւ Վրաստանի հետ համագործակցելով՝ մեծացնել երկրի հեղինակությունը: Ամեն դեպքում նաեւ նկատել է. «Վրաստանի հետ հարաբերությունները փչացնելը վերին աստիճանի ձեռնտու չէ Հայաստանի համար, սակայն պետք է հիշենք, որ այնտեղ կա Ջավախքի խնդիր, կան հայկական մշակույթի եւ եկեղեցիների խնդիրները, իսկ Վրաստանը տեսականորեն մեր միակ ուղին է արտաքին աշխարհ, ինչը Թբիլիսին բավական լավ չարաշահում է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հայ եւ վրաց ժողովուրդները հակամարտության չհասնեն»: Նրա ընդդիմախոս Լեւոն Շիրինյանն էլ խորհուրդ է տվել չգերագնահատել Վրաստանի կարեւորությունը. «Հայաստանի քաղաքականությունը պետք է Վրաստանի հարցում մի քիչ ավելի կոնկրետանա։ Հայաստանը մի քիչ շատ է գերագնահատում Վրաստանին՝ ճանապարհի առումով։ Վրաստանի հարցում պետք է շատ ավելի ընդգծված քաղաքական դիրքորոշում դրսեւորել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել