Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ականջդ կանչի, Բրայզա»

Մայիս 04,2010 00:00

Թե ի՞նչ հարց կտա իմ թոռնիկն Արամ Հարությունյանի թոռնիկին

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը լուրջ չի վերաբերվում ընդդիմադիր դաշտից հնչող՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարություններին: «Վերջին 20 տարում ընտրություններից անմիջապես հետո սկսում են խոսել արտահերթ ընտրությունների մասին, բայց այդպիսիք եղել են միայն 1998-ին՝ կապված ԼՂՀ հարցի հետ»,- հիշում է մեր զրուցակիցը՝ այսօր արտահերթ ընտրությունների որեւէ նախադրյալ չտեսնելով: Ավելին, կարծում է, որ նման խոսակցությունները քաղաքական ուժերի մի մասը օգտագործում են իրենց էլեկտորատը պահելու համար: Անդրադառնալով որոշ գործիչների կանխատեսումներին՝ կապված ղարաբաղյան հարցում սպասվող աշխուժացումներին եւ հնարավոր հանգուցալուծումներին՝ ճնշումների միջոցով, մեր զրուցակիցն ասում է. «Ականջը կանչի Բրայզայի, միշտ ինքն էր ասում՝ հեսա-հեսա Ղարաբաղի հարցը լուծվելու է: Համոզված եմ՝ այդ հարցը չի լուծվելու տեսանելի ապագայում, ձեր թոռնիկն իմ թոռնիկին այդ հարցը տալու է, այնպես որ… Ի տարբերություն հայ-թուրքական հարաբերությունների, որտեղ գերտերությունների շահերը համընկնում էին, Ղարաբաղի հարցում նման փոխըմբռնում չկա, հետեւաբար լուծումը գտնված չէ»: Այն, որ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններում անընդհատ շաղկապում են հայ-թուրքական հարցը ղարաբաղյան հարցի հետ, անընդհատ նախապայմաններ են առաջադրում, մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս ավելի շատ լսել մեր բարձրաստիճան պաշտոնյաների ասածները եւ դրանք մեկնաբանել՝ հարեւանների հայտարարությունների վրա ժամանակ վատնելու փոխարեն: Նկատեցինք, որ ի տարբերություն մեր հարեւանների, մեր իշխանությունները բավականին սուղ են իրենց հայտարարություններում: Պատասխանը եղավ. «Շատ խոսելը քաղաքական գործչին այդքան էլ բնութագրական չպետք է լինի: Ինչքան շատ են խոսում, այնքան շատ սխալներ են թույլ տալիս»:
Ի դեպ, թուրքական ազգայնական ճակատի ներկայացուցիչները վերջին շրջանում իրենց հայտարարություններով բավականին ինտենսիվորեն ադրբեջանական կողմին հրահրում են Հայաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսելուն: Արամ Հարությունյանը դրանց մի բացատրություն ունի. «Քարոզչական նպատակ են հետապնդում: Այլ ելք չունենալուց է, երբ մարդիկ վիճում են եւ փաստարկների բացակայության պատճառով սկսում են իրար հայհոյել՝ նման մի իրավիճակ էլ այստեղ է: Բայց համոզված եմ, որ 21-րդ դարում պատերազմն այդքան հեշտ չի սկսվում»: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կասեցված վիճակից էլ՝ մեր զրուցակիցը կարծում է, որ առավել ճիշտ կլիներ, որ հայկական կողմը վավերացներ արձանագրությունները՝ ողջ պատասխանատվությունը թողնելով Թուրքիային: Ամեն դեպքում, կարծում է, որ դիրքային առումով Հայաստանն այս պահին էլ առավելություն ունի, քանի որ տուժողը մենք ենք, քայլ անողն էլ ենք մենք. Թուրքիան հիմա պետք է ցույց տա, թե որքանով է քաղաքակիրթ դարձել: «Եթե շատ սխալներ թույլ չտանք, այս խաղում մենք չենք պարտվելու: Եթե սահմանը բացվի էլ՝ շահելու ենք, հակառակ պարագայում դարձյալ շահած ենք, քանի որ երբեք այսքան չի խոսվել Ցեղասպանության եւ դրա ճանաչման մասին, որքան հիմա: Կարծում եմ՝ ճանաչման ձեւերից մեկն էլ հենց դրա մասին խոսելն է, քանի որ, բացի Թուրքիայից, ոչ ոք չի հերքել այդ փաստը. բոլորն ասում են՝ «քաղաքական նպատակներից ելնելով», «մեր պետության շահերից ելնելով»: Բայց հարցը մեր եւ Թուրքիայի միջեւ պետք է լուծվի»,- համոզված է նա: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել