ՀՀ իշխանությունները փորձում են Հայաստանում վերականգնել ռուսական դպրոցները, իսկ հայ մտավորականները բերանները ջուր են առել:
Հայաստանի Հանրապետության անկախության 19-ամյա պատմության ընթացքում ՀՀ իշխանությունները մի քանի առանցքային կամ շրջադարձային հատուկենտ որոշումներ են կայացրել, որոնք բացառիկ նշանակություն են ունեցել մեր պետականության ամրապնդման եւ ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից: Հայաստանի համար ռազմավարական նշանակության այդօրինակ որոշումներից մեկը կայացվել էր դեռ 1993թ.-ին, երբ ՀՀ այն ժամանակվա իշխանությունները, անկախ պետության կառավարությանը հատուկ խիզախություն դրսեւորելով, դեմ գնացին ռուսական մեծապետական նկրտումներին եւ օրենսդրությամբ արգելեցին երկրում ռուսալեզու հանրակրթական դպրոցների գոյությունը: 1993-ից ի վեր Հայաստանում գործում են մեկ-երկու ռուսալեզու հանրակրթական դպրոցներ, որոնք նախատեսված են բացառապես ՀՀ-ում ապրող այլազգի երեխաների համար: Ու քանի որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում եւ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակներում Հայաստանը ընդունված է համարել Ռուսաստանի «ֆորպոստը», ուստի՝ Հայաստանի այդ կարգավիճակն ամրագրելու համար հայաստանյան, իրենց իբր ազգային համարող, իշխանությունները որոշել են վերականգնել ԽՍՀՄ-ում եղած «բարի» ավանդույթը եւ Հայաստանում վերաբացել ռուսաց լեզվով դասավանդվող հանրակրթական դպրոցները: Իհարկե, այն նախաձեռնության մեջ, որով հանդես է եկել նաեւ ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունը՝ ի դեմս իրեն խիստ ազգային գործիչ համարող Արմեն Աշոտյանի, հստակ շեշտված չէ, որ Հայաստանում վերաբացվելու են հատկապես ռուսերենով ուսուցանվող հանրակրթական դպրոցներ, բայց հո մեր հասարակությունը հասկանում է, թե ՀՀ իշխանության սլաքն ուր է ուղղված:
Այս՝ առավել քան վտանգավոր նախաձեռնությունը գտնվում է նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ուշադրության կենտրոնում: ՀԱԿ-ի կրթության եւ գիտության հանձնախմբի համակարգող, ի դեպ, ռուսական կրթություն ունեցող արեւելագետ, ԵՊՀ դասախոս եւ գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Կարաբեկյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հանձնախումբը քննարկել է խնդրո առարկա նախաձեռնությունն ու դրա վերաբերյալ համապատասխան մի քանի առաջարկներ է ներկայացրել Կոնգրեսին, որոնք չի բացառվում, որ հայտարարության կամ գիտության եւ կրթության ոլորտում բարեփոխումների ռազմավարական քաղաքականության մշակված ծրագրի տեսքով մոտ ապագայում ներկայացվեն նաեւ հայ հասարակությանը: Ինչ վերաբերում է կոնկրետ խնդրին, ապա Ս. Կարաբեկյանն ասաց. «Սա այն խնդիրներից է, որի առնչությամբ նույնիսկ դժվար է կարծիք հայտնել: Երբ հարցը շատ ակնհայտ եւ ակներեւ է, դրան մասնագիտական գնահատական տալը դառնում է շատ բարդ գործ, առավել եւս, քանի որ քննարկման մակարդակը չի ապահովվում: Այս հարցի շուրջ քննարկում կազմակերպելը նույնն է, ինչ գիտական որեւէ հարցի շուրջ բանավիճես գիտության շրջանակներից դուրս գտնվող մարդու հետ: Այստեղ հասկացությունների շփոթ, նենգափոխում կա: Շատերն ասում են, թե ռուսական կրթություն ստանալը ընդլայնում է անհատի մտահորիզոնը, նրա համար բացում է լայն հնարավորություններ՝ ոչ միայն լեզվական մտածողության տեսանկյունից, այլեւ, այսպես կոչված, միջմշակութային հաղորդակցության, այլ մշակույթների նկատմամբ հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու տեսանկյունից: Ես հարցնում եմ՝ իսկ ինչո՞ւ ռուսերենը, իսկ միգուցե անգլերե՞նը: Բոլոր դեպքերում այդ խնդիրը միանշանակ ճիշտ է, բայց դա բոլորովին առնչություն չունի այն հարցի հետ, որի մասին մենք խոսում ենք: Դա կարելի է անել որեւէ օտար լեզվի ուսուցումը հանրակրթական դպրոցում բարձր մակարդակի եւ նոր մեթոդներով դասավանդելու, բարձրագույն կրթական աստիճանում այլալեզու կրթական ծրագրեր ներմուծելու միջոցով»,- արձանագրեց Կարաբեկյանը: Նրա կարծիքով, միանշանակ է, որ գոնե հանրակրթության մակարդակում, եթե խոսքը գնում է լեզուների իմացության խորացման եւ ընդհանուր ինտեգրման մասին՝ նկատի ունենալով նաեւ հետագայում մասնագիտական շարժունությունը, անձի պատրաստված լինելը եւ նրա կրթության հնարավորությունները ապահովելը, ապա այստեղ որեւէ խնդիր լինել չի կարող: Բայց դրա համար խնդրի լուծումը տեղափոխել այնպիսի դաշտ, որը վերաբերում է ազգային դպրոցի համակարգի մասնատմանը՝ դրանից բխող բոլոր տեսակի ակնհայտ բացասական հետեւանքներով հանդերձ, թույլ տալ չի կարելի: «Հայաստանի համար, ըստ իս, սկզբունքային պետք է լինի այն, որ հիմնական ուսումնական պլանում ներառված առարկաները միանշանակորեն պետք է դասավանդվեն բացառապես մայրենի լեզվով, եւ դա ինքնանպատակ չէ: Կարծում եմ, հասկանալի է, որ երբ մարդը բացում է դասագիրք, որը կոչվում է օրինակ՝ «ռոդնայա րեչ», իր լեզվամտածողությունը ձեւավորվում է այդ լեզվով արտահայտվող մշակութային կատեգորիաներով, նա ինքը հայտնվում է կոնկրետ տվյալ ազգային-մշակութային դաշտում: Եվ իր հետագա կայացումը, անկախ մասնագիտական կողմնորոշումից, իր ամբողջ կյանքում պայմանավորվում է այդ հիմնորոշ մշակութային, քաղաքակրթական, ազգային կատեգորիաների կրողը հանդիսանալու հանգամանքով»,- ասաց մեր զրուցակիցը՝ մանրամասնելով, որ օրենսդրական այդ նախաձեռնությամբ մեր կառավարությունը, ըստ էության, խրախուսում է մեր երկրում այլալեզու մշակութային միջավայրի եւ մտածողության տարածքի ստեղծումը: «Այլ բան է, որ անհրաժեշտ է մի հայեցակարգ մշակել՝ դրանում ներգրավելով նաեւ որոշակի ֆինանսական եւ մեթոդական միջոցներ՝ խթանելու համար առնվազն երկու օտար լեզվի, այդ թվում՝ ռուսերենի եւ անգլերենի խորը իմացությունը, ինչը ակնհայտ անհրաժեշտություն է: Բայց օտար լեզուների դասավանդման համակարգ, որպես այդպիսին, Հայաստանում չկա, մեղմ ասած, այն արդեն հնացած է, ուստի այստեղ պետք է լուծումներ գտնել: Մյուս կողմից՝ նախագծում գրված է, որ օտարալեզու հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնվել միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ կամ մասնակցությամբ: Ասել է թե՝ ոլորտը կարգավորվելու է ոչ թե օրենքով, այլ ըստ քաղաքական անհրաժեշտության կամ պատեհության»:
Մյուս կողմից՝ Ս. Կարաբեկյանը, ընդդիմանալով ԳԿ նախարարության նախաձեռնությանը, շեշտեց, որ մեր հանրակրթական դպրոցներում օտար լեզուների ուսուցման համար ավելի լավ պայմաններ ստեղծելու փոխարեն՝ օտարալեզու դպրոցներ հիմնելով եւ հայտարարելով, թե՝ դա կխթանի շարունակական կրթությունը, միջազգային ինտեգրացիային, մտահորիզոնի ընդլայնմանը, ըստ էության, խրախուսվում է, որ հայ երեխաները ձգտեն հաճախել այլալեզու դպրոցներ, եւ ոչ թե այն պատճառով, որ երեխան կամ նրա ծնողը չեն ուզում մայրենիով սովորել, այլ որովհետեւ էս գլխից իրենց ներշնչել են, որ օտար լեզվով սովորելը եւ դրա իմացությունը հետագայում իր համար նաեւ աշխատատեղի որոշակի շուկա գտնելու կամ հետագա կրթությունն ապահովելու ճանապարհ է: Այսինքն՝ պետությունն ինքն է պարարտ հող ստեղծում երկրից արտահոսքի համար՝ միաժամանակ փաստելով, որ հայոց լեզվով սովորելն անհեռանկարային է: «Սա, մեղմ ասած, նույնիսկ մեկնաբանությունների կարիք չունի: Այս դեպքում պետությունն ինքն է հարվածում իր ազգային ինքնությանը, խաթարում ազգային, մշակութային պատկերացումները»,- հայտարարեց Ս. Կարաբեկյանը: Մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր խնդիրն այն է, թե՝ ռուսական դպրոցներ բացելու համար կա՞ն արդյոք բավարար չափով պատրաստված, որակյալ կադրեր, ֆինանսական ի՞նչ եւ որքա՞ն միջոցներ են ծախսվելու ռուսական դպրոցների համար դասագրքեր ձեռք բերելու վրա եւ ամենակարեւորը՝ դրանք լինելու են Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի պետական հանրակրթական հաստատությունների համար մշակված ծրագրերին համապատասխան: Իսկ Ս. Կարաբեկյանը միանշանակ համարեց, որ սա մեր պետականության համար ռազմավարական նշանակության խնդիր է, ու դրա շուրջ լուրջ եւ լայնածավալ քննարկումներ չծավալելը, տարբեր ձեւաչափերով դրա կենսագործման համար քաղաքացիական պատնեշներ չձեւավորելը մեծագույն սխալ կլինի: