Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՀԻՇԵՑ ՄԻԱՅՆ ՍՐԲԱԶԱՆԸ

Մայիս 04,2010 00:00

Ի տարբերություն Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ մարզի այլ կարկառուն պաշտոնյաների, Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ երեկ լրագրողներին շնորհավորեց միայն Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Վերջինս հանդիպելով մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ասաց. «Մեր մաղթանքն է, որ մեր երկրում մամուլը լինի ազատ, բայց ազատ չի նշանակում լինել անպարկեշտ, ազատությունը անպարկեշտության հետ են շփոթում ոմանք, բայց փառք Աստծո, Գյումրիում էդ բանը չկա, ես չեմ կարող դժգոհել էդ իմաստով, Գյումրիում դեռ որեւէ անպարկեշտ բան չեմ տեսել ես կամ գուցե սուբյեկտիվ եմ մոտենում էդ իմաստով: Կարծում եմ՝ Գյումրիում մամուլը եւ ավելի ազատ է, եւ ավելի պարկեշտ է: Կցանկանայի, որ Երեւանում էլ ունենային եւ այդ ազատությունը, եւ այդ պարկեշտությունը, որովհետեւ անպարկեշտության հասնող ազատություն կա, որն ազատություն չէ»: Սրբազանը նաեւ նկատեց, որ երեւանյան լրատվամիջոցները երբեմն քննադատելիս ցավը չեն տեսնում: «Չարախնդում են, կարծես ուրախանում են, որ մեր պետությունը այսինչ թերությունը ունի, ուրախանում են, որ իշխանությունների մեջ այսինչ երեւույթը կա, չարախնդություն կա, դա ճիշտ չէ, չարախնդությունը արդեն ազատություն չէ, նշանակում է՝ դու կաշկանդված ես արդեն, դու սուբյեկտիվ ես այդ իմաստով, դու ուզում ես այդպես լինի, որ գրելու նյութ ունենաս, թեմա ունենաս, կարծես թե դա քո կրակի փայտն է, ուզում ես անպայման այդ փայտը լինի, որ միշտ կրակդ բորբոքված լինի»: Հիշեցնենք, որ Սրբազանը խոսքի ազատության ջատագովներից է. նա նեղ պահին համարձակորեն կանգնեց հալածվող «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կողքին ու բացարձակապես չվախեցավ իր հասցեին հնչող ավելորդ քննադատություններից ու ճնշումներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել