Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԵՏ

Մայիս 04,2010 00:00

ՀՀ քաղաքական գործիչները մեկնաբանում են Թուրքիայի ԱԳ նախարարի եւ վարչապետի հայտարարությունները

Թուրքիայի ԱԳ նախարարը եւ վարչապետը վերջին օրերին հանդես եկան նույն հայտարարություններով՝ կբացենք հայ-թուրքական սահմանը, միայն թե նախ թող հայ-ադրբեջանական սահմանը բացվի: «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ փոփոխվող աշխարհը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան կցանկանար բացել Հայաստանի հետ սահմանը, քանի որ ուզում է իր հարեւանի հետ հարաբերություններ հաստատել. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացելը բավարար չէ: Մենք ցանկանում ենք բացել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը»,- ասել է Դավութօղլուն:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք ժողովրդին հղած ուղերձում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ Վաշինգտոնում Հայաստանի նախագահի հետ հանդիպումներին՝ շեշտել է, որ նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ինքը հայտարարել է, որ Անկարան անկեղծ ջանքեր է գործադրում երկու երկրների հարաբերությունների կարգավորման եւ Ցյուրիխում ստորագրված արձանագրություններն իրագործելու համար՝ նման անկեղծություն սպասելով նաեւ Հայաստանից. «Մենք ընդունում ենք առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոնցեպցիան, սակայն մինչ այդ նշում, որ առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծման՝ տարածաշրջանում խաղաղության ապահովումն անհնար է»:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ Թուրքիայի ղեկավարների այդ մոտեցումները նորություն չեն. «Թե մինչեւ արձանագրությունների ստորագրումը եւ թե դրանից հետո նրանք այդ մասին խոսել են: Նրանց ասածը աքսիոմատիկ ճշմարտություն է, որովհետեւ տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատվել այն պարագայում, եթե չլինեն հակամարտություններ, չլինեն փակ սահմաններ: Այստեղ խնդիրը պետք է դիտարկել այլ հարթության մեջ, թե՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարո՞ղ է խթան հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար: Ես խորապես համոզված եմ, որ Թուրքիայի իշխանությունների փիլիսոփայությունը հենց այդ հարցում է սխալ: Նախ պետք է կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները: Որովհետեւ սա խթան կհանդիսանա ԼՂ խնդրի ավելի արագ կարգավորման համար: Կարծում եմ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Թուրքիան կարող է ավելի օբյեկտիվ դիրքորոշում ունենալ»:
Օրերս «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Թուրքիան դուրս մղվի Մինսկի խմբից: Սուրեն Սուրենյանցից «Առավոտը» հետաքրքրվեց՝ Հայաստանն այսօր նման ռեսուրսներ ունի՞, կկարողանա՞ հասնել հաջողության: Մեր զրուցակիցը նկատեց՝ քանի դեռ Հայաստանն օրակարգում է պահում Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու հարցը, նման դիրքորոշումը ուղղակի կհակասի պաշտոնական Երեւանի կողմից իրականացվող քաղաքականությանը:
Ազգային ժողովի ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանը կարծում է, որ Թուրքիան միտումնավոր տարբեր պատճառաբանություններ է բերում ձգձգելու համար արձանագրությունների վավերացման գործընթացը. «Վերջին զավեշտը նրանց կողմից այն է, որ ասում են՝ չէ, մենք նախապայման չենք դնում, Ադրբեջանն է դնում, իսկ ամենավերջինն այն է, երբ ասում են՝ իհարկե, նախապայմաններ չունենք, այլ ուզում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանը բացվի, ընդհանուր տարածաշրջանային համատեքստում ենք նայում այդ հարցերին: Այս ամենը նշանակում է, որ այդ երկիրը շարունակում է խոսել նույն նախապայմանների լեզվով, բայց դիվանագիտական այլ լեզվով, որովհետեւ ամբողջ աշխարհը անընդունելի համարեց իրենց նախապայմանների լեզուն»: Ըստ Սամվել Նիկոյանի, այն, ինչ անում են թուրքերն այսօր, «ծիծաղելի քարոզչական հնարք է, որովհետեւ աշխարհում որեւէ մեկը դա լուրջ չի ընդունում: Մենք այդ հարցի կապակցությամբ հստակ ենք ասել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի հետ կապելը վնասում է երկու խնդիրներին էլ: Իրենց խնդիրը հայ-թուրքական սահմանը բացելն է, եւ իրենք կարող են բացել, գնդակը իրենց դաշտում է»:
Մենք հետաքրքրվեցինք, թե ստեղծված իրավիճակում, երբ Թուրքիան իր կողմից փակված սահմանը ոչ միայն չի բացում, այլեւ դեռ փորձում է խառնվել նաեւ այլ գործընթացների մեջ՝ Ղարաբաղի հարցը դարձնելով իր կողմից քննարկելի, ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետությունը:
 Ըստ ԱԺ փոխնախագահի, մեր երկրի անելիքը պետք է լինի այն, որ բոլոր միջազգային հարաբերություններում շարունակի հստակորեն ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցի վիժեցումը թուրքական կողմից է, եւ Հայաստանը որեւէ խնդիր չունի. «Ուղղակիորեն միջազգային հանրության տեսակետը հարգելով՝ ստորագրությունը ետ չենք վերցրել: Եթե թուրքական կողմը շարունակի նույն ոգով, ապա մենք կարող ենք նաեւ ետ վերցնել մեր ստորագրությունը: Ես կարծում եմ՝ մենք այս քննարկումներն ինչքան շուտ դադարեցնենք, այնքան լավ կլինի: Մենք սառեցրել ենք, բայց ի՞նչ է նշանակում՝ սառեցրել ենք, եթե Թուրքիայի կողմից հնչող բոլոր կարծիքները քննարկում ենք: Դա նշանակում է, որ այնքան էլ չենք սառեցրել»:
Սամվել Նիկոյանը կարծում է՝ չարժե «էներգիա եւ ռեսուրս ծախսել Թուրքիային Մինսկի խմբից հանելու համար, որովհետեւ ինքը խմբի անդամ է, ուղղակիորեն պետք է թույլ չտալ, որ փորձի համանախագահ երկիր դառնալ: Դա անհնար է, եւ նույնիսկ անիմաստ է դրա մասին մտածել»: Ըստ Սամվել Նիկոյանի, կա մի հարց, որը բոլոր տեսակի քննարկումներից դուրս է. դա Ղարաբաղի անկախության հարցն է. «Տարածաշրջանային քաղաքականության մեջ բոլոր խաղացողները, մանավանդ՝ խոշորները, իրենց ներդրումն ու իրենց ազդեցությունն ունեն, բայց խնդիրն այն է, որ մեզ համար հարցեր կան, որոնք քննարկելի չեն եւ որեւէ պետության կամ գերտերությունների բանակցային բազարների ընթացքում կարգավորվող չեն: Այդ հարցերից է Ղարաբաղի անկախությունը: Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ վերջ: Կարեւոր չի, թե ուրիշներն ինչ են ուզում, կարեւորն այն է, թե մենք այդ հարցում ինչ ենք ուզում եւ ինչի ենք ձգտում»,- ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել