Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ՍԿՍԵԼՈՒ Է ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

Մայիս 04,2010 00:00

Եթե, իհարկե, ՀՌԱՀ-ն էլի խոչընդոտներ չհարուցի՝ պատճառաբանելով հեռարձակման արտոնագրի բացակայությունը

\"\"

Մայիսի 15-ից «Ա1+»-ի կայքէջում կսկսվի փորձնական հեռարձակում, իսկ հուլիսի 1-ից՝ արդեն մշտական հեռարձակում: «Առավոտի» հարցին, թե դա լինելո՞ւ է այնպես, ինչպես մինչեւ 2002թ. ապրիլին եթերազրկումը, այսինքն՝ արդեն ինտերնետո՞ւմ իրական ժամանակում իրար կհաջորդեն «Այբ-ֆե»-ի լուրերը եւ հեռուստաընկերության այլ հաղորդումները, «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց. «Ոչ: Մենք քչից ենք սկսելու՝ միանգամից ամբողջական հեռարձակում չենք ապահովելու: Դա լինելու է հաղորդումների շարան՝ իրար հետեւից մատուցվող: Իհարկե՝ այդ շարանը գնալով երկարելու է: Սկզբնական շրջանում կլինեն միայն տեղեկատվական հաղորդումների թողարկումներ՝ երեւի օրը 4 անգամ: Իսկ զարգացումները՝ ապագայում»: Նաեւ հավելեց՝ «Ինտերնետային կապի որակը բավականին սահմանափակում է գործունեություն ծավալելու մեր հնարավորությունը: Բայց մայիսի 15-ից մենք արդեն սկսելու ենք լուրջ փորձարկումներ, որ կարողանանք կազմակերպել մեր աշխատանքները՝ ըստ ինտերնետի հնարավորությունների»:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն առայժմ ձեռնպահ մնաց «Ա1+»-ի այս նախաձեռնությունը մեկնաբանելուց: Սակայն հիշեցնենք՝ անցած տարվա նոյեմբերին «Ա1+»-ը ցանկություն էր հայտնել մասնակցել «Բջջային հեռուստատեսություն» ծրագրին, ըստ որի՝ հեռուստահաղորդումները կարելի է դիտել անմիջապես հեռախոսից, եւ մերժում ստացել՝ պատճառաբանությամբ, թե չունեն հեռարձակման արտոնագիր: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն այդ ժամանակ մեր հարցին՝ չէ՞ որ արտոնագիրը տրամադրվում է հեռուստահեռարձակման համար նախատեսված կոնկրետ կապուղու համար եւ չի կարող վերաբերել հեռարձակման ընդհանրապես բոլոր այլ ձեւերին՝ ասել էր. «Հեռուստահեռարձակումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես գործունեության ձեւ, եւ ըստ էության՝ հեռուստահեռարձակող համարվում են օրենսդրությամբ արտոնագրված ընկերությունները»:
Այս դիրքորոշումը նկատի ունենալով՝ այժմ հետաքրքրվեցինք, թե արդյոք մտահոգություն չունե՞ն, որ ՀՌԱՀ-ը կարող է փորձել խնդիրներ հարուցել: «Փառք Աստծո, այդ ոլորտը ՀՌԱՀ-ի ենթակայության ներքո չէ,- պատասխանեց «Ա1+»-ի գլխավոր պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը:- Ցանկացած մարդ կարող է իր վեբ-տեսախցիկը միացնել եւ օնլայն հեռարձակում իրականացնել ինտերնետով: Եվ բազմաթիվ մարդիկ վաղո՜ւց այդպես էլ վարվում են՝ ինտերնետում ցուցադրում են իրենց սենյակը (ինչպես անում է, օրինակ, «Ռադիոլուրը».- Ա. Ի.), փողոցը եւ այլն»: Այս օրինակների կապակցությամբ Մեսրոպ Մովսեսյանը կեսկատակ հետաքրքրվեց. «Երեւի այդ բոլոր կայքերի սեփականատերերը մասնակցել են մրցույթի եւ արտոնագի՞ր ունեն»:
Սուսաննա Օհանջանյանը նաեւ հիշեցրեց. «Վերջիվերջո՝ սա մեզ համար նորություն չէ, մենք նման փորձ ունենք: Ասենք, 2009-ին ավագանու ընտրությունների ժամանակ արել ենք ուղիղ աուդիոհեռարձակումներ: Բոլոր թեկնածուները եկել են, եւ մենք բանավեճեր ենք հեռարձակել»:
Ակնհայտ է, թե որն է այժմ ինտերնետային առավել ամբողջական հեռարձակում սկսելու նպատակը: Հուլիսի 20-ին կհայտարարվի հեռուստակապուղիների համար արտոնագրման մրցույթ, որը կանցկացվի արդեն 2011-ի հունվարին: Հայտնի է, որ նման մրցույթներում առավելությունը տրվում է գործող հեռուստաընկերություններին: 8 տարի զրկված լինելով հեռուստաեթերից՝ «Ա1+»-ը եղած հնարավորությունների սահմաններում շարունակել է գործել իբրեւ հեռուստաընկերություն՝ պատրաստելով ռեպորտաժներ, տեղադրելով դրանք իր կայքում եւ youtube-ում, նկարահանելով ֆիլմեր: Եվ ի դեպ՝ այս ամենի համար շահելով բազմաթիվ մրցանակներ: Այս ամենը հիմնազուրկ կդարձնի այն փաստարկը, թե «Ա1+»-ն այլեւս հեռուստաարտադրանք չի տալիս: Ամփոփելով մեր զրույցը՝ Մեսրոպ Մովսեսյանը նշեց. «Վերջին 3 տարվա ընթացքում «Ա1+»-ը գրեթե ամեն օր է իրականացրել ուղիղ հեռարձակումներ: Զարմանալի կլինի, եթե ՀՌԱՀ-ի կողմից հակազդեցություն լինի միայն այն դեպքում, երբ մենք արդեն հայտարարել ենք, որ մասնակցելու ենք մրցույթի: Բայց դա իրենց խնդիրն է, եթե փորձեն խոչընդոտներ հարուցել այն գործընթացում, որը մենք ուզում ենք նախաձեռնել: Ես գտնում եմ, որ Հայաստանի գործող օրենսդրության որեւէ դրույթ չի կարող արգելք հանդիսանալ այս դեպքում, երբ մենք ցանկանում ենք սկսել ինտերնետային հեռարձակում: Դրա համար չկա որեւէ արտոնագրի կարիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել