Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 01,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ իններորդ

ՄԵԾ ՈՒ ՓՈՔՐ ՔԹԵՐ

Եվ Նինան մատուցողին ասաց՝ «շատ խոսեցինք. ձեզ երեւի գործից կտրում ենք», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «շատ ճիշտ նկատեցիք» եւ ինձ նայելով ավելացրեց՝ «սուրճերը հիմա կբերեմ», եւ երբ գնաց, Նինան ժպտալով ասաց՝ «շա՜տ մազալու ջհուդիկ էր, չէ՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հաստատ չես կարա ասես» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «Սոկոլովի ու Սանյայի պես սաղին ջհուդ ես ասում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդքան մեծ քիթ մենակ ջհուդներն ունեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մեկ էլ՝ հնդեվրոպացիք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «շատ հնարավոր ա՝ հնդեվրոպացի լինի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր չի», եւ ես հարցրի՝ «ինչի՞ հնարավոր չի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «հնդեվրոպացիք էդքան բարեկիրթ չեն», եւ ես ասացի՝ «որ մի քիչ երկար են Մոսկվայում ապրում, բարեկիրթ են դառնում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «դու որ հազար տարի էլ Մոսկվայում ապրես, բարեկիրթ չես դառնա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կամաց-կամաց դառնում եմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «չտեսա՞ր՝ ինձ ոնց էի զսպում», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ո՞նց էիր զսպում», եւ ես ասացի՝ «էդ մեծաքթի հետ հատուկ սիրալիր էիր խոսում, որ խանդեմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «քո քիթն էլ պակաս չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դու որ էդ մատուցողի տարիքին հասնես, քո քիթն ավելի մեծ կլինի» եւ մի քիչ էլ մտածեց ու հռհռալով ասաց՝ «ես լսել եմ, որ տարիքի հետ մարդկանց քթերը մեծանում են», եւ ես ժպտալով ասացի՝ «հույս չունենաս, թե մի օր քիթդ կմեծանա. ըտենց կուռնոս էլ մնալու ես», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «դու լավ կանես՝ քո Բրիկսինայի քթի մասին մտածես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «Տանյան որ մեծանա՝ շատ կշահի», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ո՞նց կշահի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «տարիքի հետ՝ մարդկանց բոյն ահագին նստում ա. Տանյան որ մեծանա՝ միջահասակ աղջիկ կդառնա», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «աղջի՞կ, թե՞ ջադու» եւ մի քիչ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «ինքը հիմա էլ փոքր չի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի քեզնից մի հինգ տարով մեծ կլինի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի քիչ ես ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Տանյայի հետ շատ լավ էիր. ինչի՞ ես էսօր իրա դեմ էսքան չարացած», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «քո պատճառով բոլորի հետ հարաբերություններս փչանալու են», եւ ես ժպտալով ասացի՝ «քո պատճառով էլ իմ ու էս մատուցողի հարաբերություններն են փչանալու», եւ Նինան ձայնը ցածրացնելով ասաց՝ «կամաց. գալիս ա», եւ երբ մատուցողը մատուցարանով մոտեցավ, Նինան մատուցողին ժպտալով ասաց՝ «էսքան շո՞ւտ», եւ մատուցողը օղին, սուրճերն ու մնացած բաները սեղանին դնելով ասաց՝ «փորձում ենք մեր պարտականությունները հնարավորինս բարեխղճորեն կատարել», եւ Նինան ժպտալով մատուցողին ասաց՝ «երջանիկ կլինեի, եթե ձեր բանաստեղծություններից գոնե մի քառատող արտասանեիք», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե իսկական պոեզիա եք ուզում լսել, պիտի ոչ թե ռեստորան իջնեիք, այլ պիտի բարձրանայիք մեծ դահլիճ» եւ ժամացույցին նայելով ավելացրեց՝ «հինգ րոպեից հեղինակային երեկոն սկսվում է», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ հեղինակային երեկոն», եւ մատուցողը հիացմունքով պատասխանեց ու ասաց՝ «Ալեքսանդր Պետրովիչ Մեժիրովի», եւ Նինան տհաճությամբ նայեց մեր սեղանին ու խեղճացած ասաց՝ «արդեն ուշ է. արդեն պատվիրել ենք», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես կարող եմ ձեր պատվերը չեղյալ համարել. սուրճերի համար կվճարեք ու՝ վերջ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «օղին էլ դեռ չեմ բաց արել», եւ մինչ Նինան կմտածեր՝ ինչ ասեր, ես մատուցողին ասացի՝ «եթե կարելի է՝ օղին բաց արեք», եւ մատուցողը շշի գլխիկը պտտելով ասաց՝ «որոշողը դուք եք» եւ ժպտալով ավելացրեց՝ «տավարի ֆիլեն ամենաուշը քսանհինգ րոպեից պատրաստ կլինի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «մենք շտապելու տեղ չունենք», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «իսկ մենք ունենք» եւ ժամացույցին նայելով ավելացրեց՝ «ամենաուշը ժամուկեսից բանկետի սեղանը պիտի պատրաստ լինի», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ բանկետի սեղան», եւ մատուցողն ասաց՝ «հեղինակային երեկոյից հետո Պետրովիչը բանկետ է տալու», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ Պետրովիչ», եւ մատուցողը պատասխանեց ու ասաց՝ «Ալեքսանդր Պետրովիչ Մեժիրովը», եւ էդ պահին Եվտուշենկոն ու սեղանակիցները տեղներից վեր կացան ու արագ քայլերով ռեստորանից դուրս եկան, եւ Նինան մատուցողին ասաց՝ «Եվտուշենկոն գնաց», եւ մատուցողն ասաց՝ «բնական է, որ պիտի գնար» եւ ժպտալով ավելացրեց՝ «հեղինակային երեկոն Եվգենի Ալեքսանդրովիչն է բացելու» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «միշտ իրար հետ են բիլիարդ խաղում», եւ ես ասացի՝ «ես էլ եմ Ալեքսանդր Պետրովիչի հետ բիլիարդ խաղացել», եւ մատուցողը զարմացած հարցրեց՝ «որտե՞ղ եք խաղացել», եւ ես ասացի՝ «իր ամառանոցում», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «զարմանալի է», եւ ես հարցրի՝ «ի՞նչն է զարմանալի», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «զարմանալի է, որ բիլիարդի պարտնյորներ եք, բայց իր հեղինակային երեկոյին չեք մասնակցում», եւ ես Նինային նայելով՝ մատուցողին ասացի՝ «հարգելի պատճառ ունեմ», եւ մատուցողը Նինային նայելով՝ ինձ ասաց՝ «հասկանալի է», եւ ես ասացի՝ «համ էլ՝ հրավիրատոմսը տանն եմ մոռացել», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առանց հրավիրատոմսի դժվար թե ներս թողնեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ասում են՝ ասեղ գցելու տեղ չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ասում են՝ նույնիսկ հրավիրատոմսերով մարդիկ են դրսում մնացել», եւ Նինան հարցրեց՝ «ո՞վ է ասում», եւ մատուցողն ինքնագոհ պատասխանեց ու ասաց՝ «Եվգենի Ալեքսանդրովիչը», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «Եվգենի Ալեքսանդրովիչն էստեղ նստած էր. ինքն ի՞նչ գիտի», եւ մատուցողն ասաց՝ «իրենք ընդամենը քսան րոպեով մտան՝ սուրճ խմեցին» եւ ժպտալով ավելացրեց՝ «Եվգենի Ալեքսանդրովիչն ասաց, որ յոթին արդեն դահլիճում ազատ տեղ չկար», եւ Նինան հարցրեց՝ «երեկոն ե՞րբ է սկսվելու», եւ մատուցողը պատասխանեց ու ասաց՝ «ութին» եւ ժամացույցին նայելով ավելացրեց՝ «արդեն սկսվեց», եւ Նինան ասաց՝ «Պետրովիչի պոեզիայի երկրպագուները դժվար թե էդ դահլիճում տեղավորվեին», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բնականաբար» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իմիջիայլոց, Պետրովիչը ձեր խոնարհ ծառային էլ էր հրավիրատոմս տվել», եւ Նինան հարցրեց՝ «բա դո՞ւք ինչու չեք գնացել», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «ես էլ պատճառ ունեմ», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ պատճառ», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «միանգամայն հարգելի» եւ ժպտալով ավելացրեց՝ «բանկետի ողջ պատասխանատվությունը ձեր խոնարհ ծառայի վրա է» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ է, երկու օգնական ունեմ, բայց հիմնական պատասխանատվությունն ինձ վրա է», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, ձեզ գործից կտրում ենք», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ հնարավոր չի գործից կտրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մինչ ձեզ հետ էսպես զրուցում եմ, իմ գործն առաջ է գնում», եւ Նինան զարմացած հարցրեց «ո՞նց է առաջ գնում», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «մինչ ձեզ հետ էսպես հաճելիորեն զրուցում եմ, ձեր ֆիլեն խոհանոցում եփվում է» եւ ժպտալով ավելացրեց՝ «ձեր ֆիլեն ճիշտ ժամանակին ձեր սեղանին կլինի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «մենք չենք շտապում», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դուք կարող եք չշտապել, բայց ես չշտապելու իրավունք չունեմ», եւ Նինան ժպտալով մատուցողին ասաց՝ «ձեզանից անչափ շնորհակալ ենք», եւ մատուցողը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար եք շնորհակալ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ջերմ վերաբերմունքի համար», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձեզ պես հաճելի զրուցակիցներ ամեն օր չեն պատահում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինձ թվում է՝ դուք բոլորի հանդեպ եք հարգալից», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հարգալից, բայց՝ ոչ ջերմ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ես ձեզ այլ կերպ չեմ պատկերացնում», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կլիենտից էլ է շատ բան կախված» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե ձեզ պես հաճելի զրուցակիցներ հաճախակի պատահեն, մեր տաղտուկ ու միօրինակ կյանքն էլ բովանդակություն կստանա», եւ Նինան ժպտալով մատուցողին ասաց՝ «իսկական բանաստեղծի պես եք խոսում», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «ես իմ գործի մեջ եմ փորձում պրոֆեսիոնալ լինել», եւ Նինան ժպտալով ասաց՝ «դուք ձեր գործի մեջ իսկական բանաստեղծ եք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե էս ոգով շարունակեք, կլիենտների պակաս չեք ունենա», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «արդեն տասնհինգ տարի է՝ էս ոգով եմ շարունակում, գեղեցկուհի» եւ ժպտալով ինձ հարցրեց՝ «հո չե՞ք խանդում, երիտասարդ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչի՞ պիտի խանդեմ», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «որ ձեր ընկերուհուն գեղեցկուհի եմ անվանում», եւ ես ժպտալով ասացի՝ «դուք ընդամենը իրերն իրենց անունով եք կոչում», եւ Նինան ժպտալով բացականչեց՝ «վերջապես համրը խոսե՜ց» եւ ժպտալով մատուցողին ասաց՝ «տեսնո՞ւմ եք. Արմենն ինձ իր է համարում», եւ մատուցողը Նինային հարցրեց՝ «երիտասարդի անունն Արմե՞ն է», եւ Նինան ծիծաղելով հարցրեց՝ «չի երեւո՞ւմ», եւ մատուցողն ինձ հարցրեց՝ «հա՞յ եք», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «չի երեւո՞ւմ», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «մորական կողմից տատիկս էլ էր կիսով հայ», եւ Նինան ժպտալով մատուցողին ասաց՝ «փաստորեն, Արմենն ու դուք հայրենակիցներ եք», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որոշ չափով», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «մենակ թե՝ չսկսեք ձեր լեզվով խոսել», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «ավա՜ղ. այդ հինավուրց լեզվին չեմ տիրապետում», եւ Նինան ժպտալով մատուցողին ասաց՝ «անհարմար է. դուք կանգնած եք, մենք՝ նստած. միգուցե մեզ հետ նստեք», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «դա աշխատանքային էթիկայի խախտում կհամարվի, գեղեցկուհի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես ինքս եմ երիտասարդ գործընկերներիս խորհուրդ տալիս նման բան չանել», եւ ես իմ ու Նինայի բաժակները լցնելով՝ մատուցողին ասացի՝ «միգուցե մեզ հետ մի բաժակ խմեիք», եւ մատուցողը ներողամտորեն ժպտալով ինձ ասաց՝ «ինչպես արդեն ասացի՝ կլիենտների հետ նստելն աշխատանքային էթիկայի խախտում է» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իսկ կանգնած խմելու սովորություն ընդհանրապես չունեմ, Առմեն դժան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «առավել եւս՝ աշխատանքի վայրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես ինքս եմ երիտասարդ գործընկերներիս հորդորում նման դրսեւորումներից զերծ մնալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «վարորդների լեզվով ասած՝ ռույլի վրա չենք խմում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «շատ տառապալից աշխատանք է», եւ մատուցողը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, խմելու վայրում եք աշխատում, բայց խմելու իրավունք չունեք», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճակատագիր է», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «շա՜տ դաժան ճակատագիր է», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «ես իմ ճակատագրից առանձնապես դժգոհ չեմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, ով ուզում է խմելը թարգել, պիտի մատուցող աշխատի», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «ոչ բոլորին է հաջողվում զերծ մնալ գայթակղություններից», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ձեզ հաջողվում է», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «օրումեջ է հաջողվում», եւ Նինան հարցրեց՝ «այսինքն», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «Աստծո կամոք՝ օրումեջ ենք աշխատում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «օրումեջ հնարավորություն ենք ունենում տրվել զանազան գայթակղությունների», եւ Նինան ժպտալով ասաց՝ «շատ հետաքրքիր անձնավորություն եք», եւ մատուցողը Նինային ժպտալով ասաց՝ «շնորհակալ եմ հաճոյախոսության համար, գեղեցկուհի» եւ խորամանկ ժպտալով ինձ հարցրեց՝ «հո չե՞ս խանդում, Առմեն դժան», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ համար պիտի խանդեմ», եւ մատուցողը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «իրերն իրենց անունով կոչելու համար», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ խանդում, զեմլյակ ջան», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «չնչին տոկոսով եմ հայ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երեւի տասնհինգ տոկոսով», եւ Նինան ծիծաղելով ինձ ասաց՝ «ութսունհինգ տոկոսով խանդելու իրավունք ունես», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ չմանրանանք», եւ մատուցողը ժամացույցին նայելով ասաց՝ «ես վազեմ ձեր ֆիլեների հետեւից», եւ Նինան ժպտալով ասաց՝ «մենք չենք շտապում», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «ես շտապում եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ձեր ֆիլեներից պրծնեմ, որ միտքս ու հոգիս ազատ լինեն բանկետի համար» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինչքան հանգստացանք՝ բավական է», եւ Նինան ժպտալով մատուցողին ասաց՝ «աշխատանքն ու հանգիստը լավ էլ զուգակցում եք», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե աշխատանքդ սրտովդ է, աշխատանքից դուրս քեզ ավելի անհանգիստ ես զգում», եւ Նինան ժպտալով մատուցողին ասաց՝ «իսկական փիլիսոփա եք», եւ մատուցողը Նինային ժպտալով ասաց՝ «իմ տարիքում փիլիսոփա լինելն ուղղակի անհրաժեշտություն է, գեղեցկուհի» եւ խորամանկ ժպտալով ինձ ասաց՝ «ես փախա, Առմեն դժան», եւ Նինան ժպտալով մատուցողին ասաց՝ «Արմենը չի խանդում», եւ մատուցողը մի քիչ մտածեց եւ Նինային ժպտալով ասաց՝ «որեւէ մեկը որեւէ մեկի փոխարեն չի կարող որեւէ բան երաշխավորել», եւ ես ժպտալով մատուցողին ասացի՝ «հայերն օտարության մեջ իրար չեն խանդում», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե օտարության մեջ իրար չեն խանդում, այլ՝ օտարների պատճառով իրար չեն խանդում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով մատուցողին ասաց՝ «ընդամենը տասնհինգ տոկոսով եք հայ, բայց հայերի անունից եք խոսում», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես մատուցողների՛ անունից եմ խոսում», եւ Նինան մատուցողին հարցրեց՝ «ուզում եք ասել՝ ես ու Արմենն օտա՞ր ենք իրար», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուզում եմ ասել՝ բոլո՛ր ազգերն են իրար օտար» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ցավոք սրտի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անձամբ ձեր առումով որեւէ բան ասել չեմ կարող, որովհետեւ չգիտեմ՝ դուք ինչ ազգի ներկայացուցիչ եք, գեղեցկուհի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «միգուցե դուք էլ եք հայ», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «հայերն էսքան շեկ չեն լինում», եւ մատուցողը ներողամտորեն ժպտալով Նինային ասաց՝ «երեւի տեղյակ չեք, որ հայերը նախկինում լավ էլ շեկ են եղել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հիմնականում շեկ են եղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ նայելով ասաց՝ «մոտավորապես Առմեն դժանի պես», եւ ես ժպտալով ասացի՝ «Նինան չի հավատում, որ հայերը հնդեվրոպացի են», եւ մատուցողը հիացմունքով նայեց Նինային ու ժպտալով հարցրեց՝ «Նինա՞ն» եւ հիացմունքով բացականչեց՝ «հիասքա՜նչ անուն է», եւ Նինան կարմրելով ասաց՝ «շատ սովորական անուն է», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «Նինայի մասին այն ֆիլմում շատ ճշգրիտ էր ասված», եւ Նինան հարցրեց՝ «ո՞ր ֆիլմում», եւ մատուցողը տեղում ձգվելով ձիգ կանգնեց եւ արտասանեց՝ «կոմերիտուհի, գերազանցիկուհի եւ, վերջապես, գեղեցկուհի», եւ Նինան կարմրելով ասաց՝ «ես ոչ կոմերիտուհի եմ, ոչ էլ՝ գերազանցիկուհի», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «իմ կարծիքով՝ կարեւորը երրորդ բաղադրիչն է՝ գեղեցկուհին», եւ Նինան ավելի կարմրելով ասաց՝ «չափազանցնում եք», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «ես երբեք չափազանցությունների մեջ չեմ ընկնում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, ես էլ եմ կովկասի գերուհի» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ կովկասցո՛ւ գերուհի», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «գերությունն իր մեջ երբեմն նաեւ հաճելի պահեր է պարունակում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ամեն ինչ կախված է նրանից, թե՝ ով է տերը եւ ով է գերին» եւ մի քիչ էլ մտածեց եւ ժպտալով Նինային հարցրեց՝ «դուք ձեր գերությունից դժգո՞հ եք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դեռ չեմ հասցրել», եւ մատուցողը ժպտալով հարցրեց՝ «դեռ չե՞ք հասցրել ձանձրանալ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «դեռ չեմ հասցրել գերի դառնալ», եւ մատուցողը ժպտալով Նինային ասաց՝ «դեռ կհասցնեք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Աստված չանի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես գերության մեջ մի ժամ էլ չեմ դիմանա», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրա համար էլ կովկասցիները հազվադեպ են ռուսների ու եվրոպացիների հետ ամուսնանում», եւ Նինան ժպտալով մատուցողին հարցրեց՝ «իսկ հնդեվրոպացիների՞ մասին ինչ կարծիքի եք», եւ մատուցողը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ հնդեվրոպացի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «Արմենն ասում է, որ հայերը հնդեվրոպացիներ են», եւ մատուցողը զարմացած ինձ նայեց, հետո մի քիչ մտածեց ու ժպտալով Նինային ասաց՝ «ինչ որ չգիտեմ՝ չգիտեմ, Նինըչկա», եւ Նինան ժպտալով մատուցողին ասաց՝ «դուք մեր անուններն արդեն գիտեք, բայց ձեր անունը չեք ասել», եւ մատուցողը ժպտալով Նինային ասաց՝ «բայց դուք չեք էլ հարցրել», եւ Նինան ժպտալով մատուցողին ասաց՝ «հիմա հարցնում ենք», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «պատիվ ունեմ. անունս Սամսոն է», եւ Նինան փռթկացնելով հարցրեց՝ «Սամսո՞ն», եւ մատուցողը զարմացած հարցրեց՝ «իսկ ի՞նչ կա ծիծաղելի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ հետաքրքիր անուն է», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բոլոր անուններն էլ որոշակի հետաքրքրություն են պարունակում», եւ Նինան ժպտալով մատուցողին հարցրեց՝ «հայկակա՞ն անուն է», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չեմ ճշտել» եւ մի քիչ էլ մտածեց եւ ժամացույցին նայելով ավելացրեց՝ «եթե ազատ ժամանակ ունենամ, անվանս ծագումնաբանությունն անպայման կճշտեմ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ձեր անունը ձեր արտաքինին շատ է համապատասխանում», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չգիտեմ՝ ինչը նկատի ունեք, բայց ձեզ կարող եմ հավաստիացնել, որ երբ ծնողներս այս անունն ինձ շնորհեցին, ես միանգամայն այլ արտաքինի տեր էի» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «երեխա ժամանակվա լուսանկարներիս բոլորովին նման չեմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես մի գրքում կարդացել եմ, որ մարդը տարիների ընթացքում նմանվում է իր անվանը», եւ Սամսոնը զարմացած հարցրեց՝ «այդ ո՞ր գրքում է այդպիսի բան գրված», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիտական՝ հոգեբանական գիրք էր», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քսան տարի կլինի՝ որեւէ գիրք մինչեւ վերջ չեմ կարդացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ գիտական» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մինչեւ երեսունս ինչ կարդացել եմ՝ էդ է», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց մինչեւ երեսունը երեւի շատ եք կարդացել», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չափավոր», եւ Նինան ժպտալով ասաց՝ «բայց շատ կարդացած եք երեւում», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւորը շատ կարդալը չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարեւորը կարդացածը հասկանալն է», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «դուք ոչ միայն ձեր կարդացածն եք հասկացել, այլեւ՝ կյանքը», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես իմ չափավոր ընդունակությունների համար Բարձրյալին մշտապես երախտապարտ եմ, գեղեցկուհի Նինա» եւ ինձ նայելով ժպտաց ու ասաց՝ «ես փախա, Առմեն դժան» եւ ժամացույցին նայելով բացականչեց՝ «ա՜խ, այս անողոք ժամանակը», եւ երբ Սամսոնը գնաց, Նինան ժպտալով ասաց՝ «էնքան խոսեց, որ մոռացանք սուրճերը խմել», եւ ես ժպտալով ասացի՝ «դու էլ պակաս չէիր բլբլում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «շա՜տ մազալու ջհուդիկ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատ հետաքրքիր տիպ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իրանք անհետաքրքիր չեն լինում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց շատ էր խոսում», եւ ես ժպտալով ասացի՝ «խոսելու հարցում Սամսոնից առանձնապես հետ չէիր մնում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նույնիսկ համրերն էին շատ խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «համրերը ոչ միայն խոսում էին, այլեւ ստեր էին փչում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ ստեր», եւ Նինան ժպտալով ասաց՝ «Մեժիրովի երեկոյի հրավիրատոմսի մասին», եւ ես ասացի՝ «էդ հրավիրատոմսի մասին լրիվ ճիշտ եմ ասել», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ես ճիշտ ասել», եւ ես ասացի՝ «Մեժիրովը մի շաբաթ առաջ ա ինձ էդ հրավիրատոմսը տվել», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «հաստա՞տ», եւ ես ասացի՝ «գրասեղանիս վրա՝ լուսամփոփի տակ էի էդ հրավիրատոմսը դրել. որ գնանք հանրակացարան, ցույց կտամ», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ հետդ չվերցրիր», եւ ես ասացի՝ «էդ երեկոյի մասին լրիվ մոռացել էի» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «էս քանի օր ա՝ գլուխս կորցրել եմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե չմոռանայիր, հիմա էդ հեղինակային երեկոյին կգնայիր», եւ ես ասացի՝ «միասին կգնայինք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Մեժիրովն ինձ չի հրավիրել», եւ ես ասացի՝ «էդ հրավիրատոմսի վրա գրված էր՝ երկու հոգու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել