Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ 1915Թ.

Մայիս 01,2010 00:00

Թոքաթի գավառ եւ Սանջակ (Եվդոկիա) 

Թոկատ, Եվդոկիա, Թոգաթ, Թոգատ, Թոկադ, Թոկաթ, Թոքաթ, Թոքատ, Իթոկե, Իտոկե, Տոկաթ, Տոկատ- գավառ (գավառակ) պատմական Փոքր Հայքում, Սեբաստիայի նահանգում, նրա հյուսիսային կողմում (այժմ՝ նույնանուն նահանգ Թուրքիայում): Զբաղեցնում էր Իրիս գետի հովիտը եւ հյուսիսից սահմանակից էր Տրապիզոնի նահանգին, արեւելքից՝ Շապին Գարահիսարի, հարավից՝ Սեբաստիայի եւ Անկարայի, արեւմուտքից՝ Ամասիայի գավառներին: 19-րդ դ. վերջերին գավառն  ուներ շուրջ 200 000 բնակիչ, որից 40 000-ը՝ հայեր:  Թոկատը Հայաստանի հինգ խոշոր եկեղեցական թեմերից մեկն էր, որ ենթարկվում էր Էջմիածնին: 1910-12 թվականներին այստեղ հրատարակվել է «Իրիս» ամսաթերթը:
Թոքաթի գավառում 1915 թ. նախօրյակին հաշվվում էր ավելի քան 25 բնակավայր՝ գյուղեր ու քաղաքներ, որոնցում հայերի թիվը, ըստ «Յուշամատեան Մեծ եղեռնի»-ի վիճակագրության՝ 70 000-ից ավելի էր:  Հայերն այստեղ ունեին  28 եկեղեցի եւ երկու վանք, գործում էր նաեւ 14 հայկական դպրոց, որոնցում աշակերտների թիվը հասնում էր 3175-ի:  Թոքաթի կենտրոնում ապրում էր 22 733 հայ, իսկ նրան հարակից 17 անուն գյուղերում՝ մոտ 6500 հայ:  Այս փոքրիկ գյուղական բնակավայրերը ընկած էին   Թոզանլու Սու եւ Ղազովայի հովիտ կոչվող   տարածքում:
Ըստ alevilerbirligi.com կայքի՝ Թոքաթի հայկական գյուղերն են.
Էդիզ՝ 200 հայ, Գեսարե՝ 100 հայ, Սոնգյուր՝ 160 հայ, Վարազ՝ 90 հայ, Չերչի՝ 220 հայ, Բիսքյուրջուք՝ 550 հայ, Չիֆթլիք՝  326 հայ, Բազառքյոյ՝ 130 հայ, Քուրջի՝ 80 հայ, Բոլուս՝ 300 հայ, Յարթմեշ՝ 400 հայ, Քերվանսարայ՝ 350 հայ, Թահթաբաղ՝ 262, Գեդաղազ՝ 308 հայ, Քրիքորես՝ 600, Բիզերի՝ 280 հայ:
Մեծ եղեռնի ժամանակ Թոքաթի հայերի զգալի մասը սրի քաշվեց, իսկ փրկվածները ցրիվ եկան տարբեր երկրներ: «1960- ական թվականներին այստեղ դեռ շարունակում էին ապրել հատուկենտ հայեր: Բայց այսօր նրանց հետքերն իսպառ կորել է: Հայկական եկեղեցիները, տներն ու կալվածքները քանդվել են, վերացել, մի շարք հայեր ինքնությունը պահպանելու համար ընդունել են մահմեդականություն՝ զավակներին դաստիարակել որպես  մահմեդական, բայց բոլորն էլ գիտեն իրենց հայ լինելը եւ  գաղտնի շարունակում էին պահպանել հայությունը»,- գրում է «Թարաֆը»: «Շատ բարդ խնդիր է մեր առջեւ կանգնած,- անկեղծանում է թոքաթցի  Հ. Մյոսոն,- ամուսնություն, սա ամենադժվար հարցն է: Մեր աղջիկները շատ պատվարժան  են ու համեստ, դրա համար էլ թուրքերն անմիջապես նրանց տանում են իրենց տղաներին, բայց մեր տղաներն էլ մնում են առանց հարսնացուի, որովհետեւ մահմեդականների օրենքը արգելում է  քրիստոնյաների հետ ամուսնացնել մահմեդական աղջկան, ճիշտ է, մենք հանդես ենք գալիս իբրեւ մահմեդական, բայց դե շատերը գիտեն, որ դա այդպես չէ, իսկ համայնքի ներսից մենք չենք կարող ընտրել հարսնացուներ, որովհետեւ մեր պապերն էլ ասում են, որ յոթ սերունդ չանցած ազգականների ամուսնությունը հարամ է (սրբապիղծ): Այդ իսկ պատճառով աղջիկները կամաց-կամաց ձուլվում են, իսկ տղաներն էլ թողնում են տունն ու հեռանում»:  Տեղի հայերի վիճակը սարսափելի ծանր է:  Դրան գումարվում են նաեւ բարձիթողի մատնված եկեղեցին, հայկական գերեզմանոցի անմխիթար վիճակը, որը, Մուհարեմ Էրքանի վկայությամբ՝  ուղղակի խայտառակություն է. «Այստեղ ամեն օր ոսկի են փնտրում, գարշանք, խաչքար ու մարդկային ոսկոր խառնված է իրար ու ցրիվ եկած արեւի տակ»:
Սա է երբեմնի շեն ու շքեղ Թոքաթի ներկայիս տեսքը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել