Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիներ՝ սխալ բուժման պատճառով

Մայիս 01,2010 00:00

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Արմինեի լվացքի մեքենան փչացավ ու նա ստիպված սկսեց լվացքը ձեռքով անել:

«Հ ին սովետական լվացքի մեքենա էր, մի կերպ աշխատում էր, ինձ յոլա էր տանում, բայց մի օր, չգիտեմ ինչու, լվացքի կեսից կանգնեց ու էլ չաշխատեց: Վարպետն էլ ասեց, որ շատ է մաշվել, էլ չեմ կարող սարքել»,- ասում է Արմինեն:
Արմինեն 29 տարեկան է, ունի երեք երեխա, որոնցից մեկը նորածին է, եւ, բնականաբար, ավելացել է հաճախակի շփումը տարբեր լվացքի փոշիների հետ: «Երբ փչացավ լվացքի մեքենան, իսկ նորը գնելու հնարավորություն չունեինք, անցա ձեռքով լվացքին: Այդ ժամանակ սկսեցի լվացքս անել այն փոշիներով, որոնք անընդհատ հեռուստատեսությամբ գովազդում են: Մտածում էի, եթե գովազդում են, ուրեմն լավը կլինի: Ի՞նչ իմանայի, որ էս օրն եմ ընկնելու»,- ասում է Արմինեն:
Սկզբում Արմինեի աջ ձեռքի ցուցամատը սկսեց թեփոտվել: Արմինեն դրան ուշադրություն չդարձրեց՝ մտածելով, որ սովորական թեփոտվածություն է եւ շուտով կանցնի: Բայց ընդամենը մեկ ամիս հետո նրա աջ ձեռքն ամբողջությամբ թեփոտվեց ու սկսեց ճաքել: «Մտածեցի՝ սովորական բան է ու եթե ձեռքի կրեմներ քսեմ, ապա կանցնի: Բայց դրանից հետո մյուս ձեռքս էլ սկսեց թեփոտվել ու ճաքել ու երեւի կրեմներից սկսեց ձեռքերիս վերքեր առաջանալ»,- ասում է Արմինեն:
Երբ Արմինեի ձեռքերի վիճակը շատ վատացավ, նա ստիպված դիմեց մաշկաբանի: Ակզբում բժիշկները մտածեցին, թե դա սովորական քոս է: «Բժիշկը սկզբում ինձ սրսկվելու դեղեր նշանակեց, որովհետեւ ձեռքերիս վրա շատ վերքեր կային ու նա խուսափեց որեւէ քսուք նշանակել: Ասում էր, որ վախենում է քսուք նշանակել, քանի որ կարող է դրանից վերքերը ավելի խորանան»,- ասում է Արմինեն:
Ուղիղ հինգ ամիս բժիշկները մտածում էին (այդ 5 ամիսների ընթացքում Արմինեն երեք բժշկի մոտ է եղել), որ Արմինեի ձեռքերը քոսից են նման վիճակի հասել ու բուժումը տարվում էր քոսի դեմ: Բայց Արմինեի ձեռքերի վիճակը գնալով ոչ թե լավանում էր, այլ ավելի ու ավելի էր վատանում: Մի օր էլ Արմենին (Արմինեի ամուսինը) ընկերը խորհուրդ տվեց կնոջը տանել իր ծանոթ մաշկաբանի մոտ: Այդ ժամանակ նոր պարզվեց, որ Արմինեի ձեռքերը ոչ թե քոսից են նման վիճակի հասել, այլ լվացքի փոշուց: «Երբ ամուսնուս ընկերոջ խորհուրդ տված մաշկաբանի մոտ գնացինք, նա նայեց ձեռքերիս ու հարցրեց՝ «Ձեռքո՞վ ես լվացք անում»: Նա մի քանի անալիզներից հետո սկսեց բուժումը»,- ասում է Արմինեն:
Բուժման ընթացքում պարզվում է, որ լվացքի փոշիները, որոնցով Արմինեն անում էր իր լվացքը, խառնվելով իրար՝ այնպիսի նյութեր են առաջացրել, որ շատ վտանգավոր են մաշկի համար: Արմինեն էլ ալերգիկ մաշկ է ունեցել, դա էլ նպաստել է, որ այդ նյութերը նման երեւույթներ  առաջացնեն: «Ճիշտ է, հիմա ձեռքերս քիչ-քիչ բուժվում են, բայց սպիները մնալու են՝ սխալ բուժման պատճառով»,- ասում է Արմինեն:
Այժմ Արմինեին արգելել են ցանկացած ձեւի շփումը որեւէ օճառի կամ լվացքի փոշու հետ: Իսկ որպեսզի կանայք չհայտնվեն Արմինեի վիճակում, անհրաժեշտ է, որ լվացքի փոշիների տուփերի վրա նշված լինի այն փաստը, որ տվյալ լվացքի փոշին չի կարելի օգտագործել այն անձանց, ովքեր ունեն բարձր զգայունության մաշկ: Բայց այս զգուշացումը հիգիենիկ միջոցների տուփերի վրա հազվադեպ կարելի է գտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել