20 տարի առաջ 4-ամյա Վանկան ծիտիկի փոխարեն իր զարմիկի վրա կրակեց
45-ամյա Զավեն Կարապետյանը ամեն տարի ապրիլի 7-ին իր ձեռքով փաթեթավորած 7 վարդ է նվիրում կնոջը՝ ասելով, որ եթե ոտքը առողջ լիներ, ավելի շատ կաշխատեր ու ավելի ճոխ նվերներ կգներ: Իսկ ոտքի հետ կապված պատմությունը տեղի ունեցավ 20 տարի առաջ: «Առավոտյան 8-ին, երբ էլ քունս չէր տանում, որոշեցի հորս որսորդական հրացանով մեկ-երկու ծիտ խփեմ, խորովեմ՝ ուտեմ, որ օրս հետաքրքիր սկսվի»,- հիշում է Զավենը: Ծիտ խփելու թեժ պահին հանկարծ հայտնվում է Զավենի 4-ամյա զարմիկը՝ Վանյան, ու սկսում է խնդրել, որ գոնե ծիտիկներից մեկին էլ ինքը կրակի, բայց Զավենը մերժում է: Նա, փոքրիկին հրացան վստահելը «ապուշություն» համարելով, նրան մի այլ գործ է առաջարկում. «Ասեցի՝ Վան, գնա էն ծիտիկներին բեր: Էդ պահին հրացանը դրել էի ոտքիս վրա ու մինչ պտտվել, ծտերի տեղն էի ցույց տալիս, երեխեն կրակեց ու վախից սկզբում գոռաց՝ ես էլ ծիտիկ խփեցի, հետո էլ սկսեց վանկարկել՝ Վանկան կրակեց, Զավենի ոտը տրաքեց: Հետագայում այս արտահայտությունը Վանյան կրկնում էր ամեն անգամ՝ ինձ հանդիպելիս»,- պատմում է Զավենը: Փամփուշտը աջ ոտքի մի կողմից մտել, մյուսից դուրս էր եկել: Զավենը բավական արյուն էր կորցրել մինչ հիվանդանոց հասնելը եւ պատճառը բնավ էլ հիվանդանոցի հեռու լինելը կամ էլ մեքենա չլինելը չէր. «Դե, մտածում էինք՝ անօրինական որսորդական զենքից 4 տարեկան երեխան կրակել էր, չէինք կարող ցանկացած բժշկի մոտ գնալ՝ ոստիկանության ձեռքը կընկնեինք, պատմություններ կլինեին: Շատ ծանր վիճակում ծանոթ բժշկի մոտ գնացինք»,- հիշում է Զավենը: Արյունահոսությունը 1 ժամ անց դադարեցնելուց հետո, Զավենին ներքին կարգով վիրահատում են: Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն է ընկնում, առողջությունը գնալով վերականգնվում է: Վիրահատությունից 3 ամիս անց նա արդեն կարողանում է առանց փայտի քայլել, հաջորդ տարի ամուսնանում ու զույգ երեխաներ է ունենում: Մի խոսքով՝ ոտքի պատմության մասին շուտով բոլորը մոռանում են: Բայց՝ «Կրակելուց 3 տարի անց աջ ոտքիս մեջ սուր ցավեր զգացի, բժիշկ կանչեցինք ու ինձ տեղափոխեցին հիվանդանոց: Պարզվեց, որ ներսից վերքը լավ չէր կպել ու ծանրաբեռնվածության հետեւանքով բորբոքային պրոցես էր սկսվել»,- պատմում է Զավենը:
Նա բազմիցս բուժումներ է ստանում տարբեր հիվանդանոցներում, բայց վերջնական արդյունքը այդպես էլ չի գոհացնում: «Բուժվելուց հետո ցավերն անցնում են ու ինձ միշտ թվում էր, որ վերջ՝ լավացա, բայց հենց մի քիչ շատ էի քայլում, ծանրաբեռնում էի, էլի նույն պատմությունն էր լինում: Բժիշկներն առաջարկում էին մի որոշ ժամանակ սայլակով տեղաշարժվել, բայց ես չհամաձայնեցի»,- ասում է մեր հերոսը:
Քանի որ Զավենին երկար կանգնել չի թույլատրվում, նա իր համար նստակյաց աշխատանք է գտել՝ տանը զբաղվում է ոսկերչությամբ: «Չեմ դժգոհում, սենց էլ մնանք՝ վատ չի, կարեւորը, որ ուրիշի հույսին չեմ ապրում: Ես իմ գլխի տերն եմ՝ ուսանող էլ եմ պահում, իմ բուժման ծախսերն էլ եմ կարողանում հոգալ, փառք Աստծո, մենակ առողջություն լինի, մնացածը կստեղծեմ»,- ասում է Զավենը:
Փոքրիկ Վանյան այսօր արդեն 23-ամյա երիտասարդ է եւ էլ վաղուց չի կրկնում իր սիրած արտահայտությունը: Հիմա նա միշտ իր զարմիկի կողքին է, փորձում է հնարավոր ամեն ինչով օգնել իր «խփած ծիտիկին» ու երբեմն էլ կատակում է. «Պատկերացնո՞ւմ եք՝ ինձ 4 տարեկանում բանտ տանեին»: