Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱՇԸ ՄՆՈՒՄ ԷՐ ՀԱՐՍԻՆ

Մայիս 01,2010 00:00

Դուռ բռնելու արարողությունը խոր արմատներ ունի

Նարինեն ու Գրիգորը ամուսնացան հինգ տարի առաջ: Գրիգորը Նյու Յորքից էր եկել, իսկ Նարինեն Երեւանում էր ապրում: Նրանց հարսանեկան արարողությունն անցավ առանց հայկական ավանդական ծիսակատարությունների: «Գրիգորն ուզեց եվրոպական ձեւով նշենք, էդպես էլ եղավ, նա հարսին եկեղեցում էր սպասում, պսակադրությունից հետո միանգամից գնացինք ռեստորան, ավանդական լավաշի, մեղրի, ափսե կոտրելու արարողություններ չեղան: Հիմա իրենք Ամերիկայում են ապրում ու երկու բալիկ ունեն»,- պատմում է Նարինեի քույրը՝ Անի Հարությունյանը: Մեր օրերում դեռեւս լինում են հարսանիքներ, որոնց ժամանակ պահպանվում են հայկական արարողությունները, բայց դրանք շատ դեպքերում կատարվում են մեխանիկորեն ու քչերն են ծանոթ դրանց բուն իմաստին:
Ի՞նչ նշանակություն ունի հայկական հարսանիքների ավանդական ծեսը: Այս հարցով ուսանողության շրջանում փոքրիկ հարցում անցկացրի, որին մասնակցեց 40 հոգի: Նրանցից ընդամենը 6-ն էր ամբողջությամբ ծանոթ այդ սովորույթներին, 20-ը մասամբ գիտեր դրանց նշանակությունը (ընդ որում՝ նրանք միայն մեղրի նշանակությունը գիտեին), իսկ մնացած 14-ը բացարձակ անտեղյակ էր:
Հայաստանում հարսանիքները սովորաբար անց էին կացվում աշնանը, երբ դաշտային աշխատանքներն ավարտվում էին, ու ժողովուրդը սարերից իջնում էր գյուղ: Հարսանիքից երկու- երեք օր առաջ սկսվում էր հաց թխելու հանդիսավոր արարողությունը: «Ալյուր մաղելու, գրտնակելու, հացը թխելու իրավունք ունեին փորձառու, ամուսին, զավակներ ունեցող հաջողակ կանայք: Ջահել աղջիկներն էլ կողքից երգով ու պարով օգնում էին նրանց»,- ասում է ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Լիլյա Վարդանյանը: Հետո եզ մորթելու արարողությունն էր սկսվում: Դհոլ-զուռնայով, երգով ու պարով մորթում էին եզին՝ հարսանիքի մսացուին: «Մինչեւ մորթելը եզին գցում էին գետնին, վզից արյուն էին վերցնում, էդ արյունով մարդկանց մաշկի վրա խաչ էին անում, հետո քավորը ոտքը դնում էր եզի վրա, վերցնում էր կողպեքը, թաթախում էր արյան մեջ ու փակում, որ հետո՝ առագաստի գիշերը էդ կողպեքը բացվեր»,- ասում է տիկին Վարդանյանը: Հարսանիքի առավոտը տան կտուրից «Սահարի» էին նվագում, սա նշանակում էր, որ այդ տանը հարսանիք կա: Փեսան մակարների (ազապ տղաների) խումբ էր ընտրում մակարբաշու (ազապ բաշու) գլխավորությամբ: «Էս տղաները ամբողջ ճանապարհին թիկնապահի պես երգ ու պարով, կրակելով (կրակում էին չարը խափանելու համար), հարս ու փեսային շրջապատած գնում էին»,- պատմում է տիկին Լիլյան: Տղայի տանը՝ դռան առաջ, հարսի ու փեսայի ուսերին սկեսուրը կամ նրան փոխարինող տան կինը լավաշ է գցում, սա պտղաբերություն է նշանակում, հետո մեղր է տալիս, որ զույգերը միմյանց հետ քաղցր լինեն ու ափսեներ է դնում նրանց ոտքերի տակ, որոնք կոտրելու ժամանակ չարը խափանվում է: Դուռ բռնելու արարողությունը (երբ հարսին իր տնից հանում են, նրա եղբայրը դրսից մեծ դանակը խրելով դռան մեջ՝ փակում է ճանապարհը ու փող պահանջում քավորից) եւս խոր արմատներ ունի: «Եթե հարսը ուրիշ գյուղից էր լինում՝ մյուս գյուղը պետք է գումար տար դուռը բռնած հարսի եղբորը: Լինում էր, որ ճանապարհն էլ էին փակում»,- ասում է Լիլյա Վարդանյանը: Նորապսակները հարսանիքի վերջում էին պարում: Հարսին քավորկինն էր պարի հրավիրում ու երբ հարսն ու փեսան պարում էին քավորի ու քավորկնոջ հետ, հարսի գլխին փող էին շաղ տալիս (շաբաշ), եւ այդ գումարը մնում էր հարսին:
Այսօր այս սովորույթներից մի քանիսին ավելացել են նոր եվրոպական սովորույթներ ու ստացվել է՝ 21-րդ դարի հայկական հարսանիք: Ըստ Լիլյա Վարդանյանի, շատ վատ է, որ եվրոպական սովորույթները մտել են մեր հարսանիքների մեջ: «Ծաղկեփունջ են շպրտում՝ դա դեռ ոչինչ, բայց որ փեսան էդ բազմության առջեւ հարսի ոտքից հանում է ժապավենը ու նետում, ինչքանո՞վ է դա մեր հասարակության մտածելակերպին բնորոշ»,- ասում է տիկին Լիլյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել