Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԻԼԻՋԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԻԱԿ ԽՆԴԻՐԸ ՍՈՂԱՆՔՆԵՐՆ ԵՆ»

Մայիս 01,2010 00:00

Վստահ է Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը

– Պարոն Սանթրոսյան, վերջերս փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մի շարք նախարարների հետ ժամանել էր Տավուշի մարզի սողանքային գոտիներ: Ի՞նչ ծրագրեր են մշակվել Տավուշը եւ մասնավորապես Դիլիջանը սողանքներից փրկելու համար:
– Կարծում եմ, որ Դիլիջանի հիմնական խնդիրը սողանքներն են, եւ անգամ այս պահին չենք կարող ասել, թե ի՞նչ ծավալի եւ գումարի աշխատանքներ են անհրաժեշտ սողանքների դեմն առնելու համար: Այնուամենայնիվ, ասեմ, որ դեռեւս խորհրդային տարիներին սողանքների դեմն առնելու համար քաղաքում կառուցվել են ջրահեռացման շուրջ 2 կիլոմետրանոց թունելներ, որոնք մինչ այժմ չեն շահագործվել: Այս խնդրի հետ կապված՝ բազմիցս դիմել էինք կառավարություն: Վերջերս փոխվարչապետը 3 այլ նախարարների հետ եկան-ծանոթացան քաղաքի հիմնական սողանքային խնդիրներին: Փոխվարչապետի հանձնարարականը եղավ կոնկրետ. երկու շաբաթվա ընթացքում ուսումնասիրել եւ հասկանալ՝ ի՞նչ կարգի գումարների մասին է խոսքը լինելու: Այցից հետո ես եղել եմ քաղաքաշինության նախարարությունում: Արդեն ստեղծվել է հանձնախումբ:
– Սկսվե՞լ են ուսումնասիրությունները:
– Այո, սկսվել են: Ուսումնասիրությամբ հիմնականում զբաղվում է քաղաքաշինության նախարարության համապատասխան հանձնաժողովը: Այսպիսի հանձնաժողով մենք ունեինք դեռ 2008 թվականին, սակայն ճգնաժամի պատճառով մի փոքր հետաձգվեցին աշխատանքները եւ այս վերջին ահազանգից հետո, շնորհիվ փոխվարչապետի, կրկին սկսվեց:
– Իսկ Դիլիջանի քաղաքապետարանը հակասողանքային ծրագրերի համար քաղաքի բյուջեից հատկացումներ անո՞ւմ է:
– Քաղաքի բյուջեով հակասողանքային ծրագրեր հիմնականում իրականացրել ենք հենապատեր կառուցելու միջոցով: Ունեցել ենք նաեւ չնախատեսված դեպքեր, երբ փլվել է մի մեծ հենապատ, որը սպառնում էր քաղաքը երկու մասի բաժանել: Շատ արագ փորձել ենք այդ աշխատանքները կատարել: Չնայած համոզված եմ, որ մեր կառուցած հենապատերը կպահեն երեսուն-քառասուն տարի, սակայն սա վերջնական լուծում չէ. ավելի շատ կոսմետիկ է:
– Իսկ սողանքից տուժած բնակիչներին քաղաքապետարանի կողմից օգնություն լինո՞ւմ է:
– Սողանքից տուժած բնակիչներ մենք ունեցել ենք դեռ խորհրդային տարիներին, մասնավորապես՝ Ռոտոնդո թաղամասը, որ այժմ ամենամեծ ակտիվացած սողանքային գոտին է: Այդ թաղամասի բնակիչներին դեռ խորհրդային տարիներին փոխհատուցվել են բնակարաններ: Իմ ղեկավարած ժամանակաշրջանում նման խնդիր չենք ունեցել, քանի որ դեռ այն ժամանակ այդ խնդիրը փակված է եղել:
– Խոսեցիք Ռոտոնդո թաղամասի մասին, որը ժամանակին շատ հայտնի մշակութային կենտրոն է եղել՝ իր ամֆիթատրոնով, սակայն այժմ գտնվում է անմխիթար վիճակում: Դիլիջանցիները կարո՞ղ են հուսալ, որ երբեւէ կվերականգնվի նախկին Ռոտոնդոն:
– Ցավոք, դեռեւս 2002-2003 թվականներին՝ մինչ իմ քաղաքապետ ընտրվելը, Ռոտոնդոն օտարվել է: Մենք ստիպված եղանք նմանատիպ ամֆիթատրոն կառուցել այդ թաղամասի ներքեւում, որի բացումը կլինի այս տարվա գարնանը:
– Իսկ արդեն օտարված Ռոտոնդոյի մասին որեւէ տեղեկություն ունեք, թե ի՞նչ է արվելու այնտեղ: – Չեմ կարող ասել: Իմ կարծիքով, որեւէ բան չի արվելու, քանի որ մինչեւ այսօր ոչինչ չի արվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել