Լրահոս
Օրվա լրահոսը

Անորակ միջադիրները՝ սեռական հիվանդությունների պատճառ

Մայիս 01,2010 00:00

Ինչպե՞ս կարող են այս դեպքում տուժած սպառողները պաշտպանել իրենց իրավունքները

«Ոչ բամբակյա, քիմիական նյութերից պատրաստված միջադիրները եւ տակդիրները առաջացնում են տեղային գրգռվածություն, ալերգիկ ռեակցիաներ, դրանք կարող են դառնալ արտաքին սեռական օրգանների մի շարք բորբոքային պրոցեսների պատճառ»,- ասում է գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Նելլի Աբգարյանը: Բորբոքային պրոցեսներն իրենց հերթին հանգեցնում են տարբեր տեսակի հիվանդությունների՝ ընդհուպ մինչեւ չբերության, հղիության կրելախախտի, ձվարանների ֆունկցիայի խանգարման: Այս ամենից խուսափելու համար, առաջին իսկ ախտանիշները զգալուց հետո, եթե օգտագործումից անմիջապես հետո առաջանում է քոր, մրմռոցի զգացում, սեռական ուղիներից արտադրություն, մանր ցանի առաջացում՝ անհրաժեշտ է դիմել բժշկի: Տիկին Աբգարյանը նշում է, որ տարին մի քանի անգամ այսպիսի ախտանիշներով հիվանդներ են ունենում: Բացի այդ, շատ են լինում հատկապես երեխաների տակդիրների հետ կապված բողոքները: «Մեր խնդիրն այն է, որ մեր քաղաքացիները ամենածայրահեղ դեպքում են միայն դիմում բժշկին, եւ դա հանգեցնում է հիվանդության բարդացման: Իսկ այս ամենից ընդհանրապես խուսափելու համար ցանկալի է, որ միջադիրները եւ տակդիրները լինեն բամբակյա»,- ասում է գինեկոլոգը:
 Սինթետիկ ներքնազգեստները, ստրինգները նույնպես բորբոքային, սնկային պրոցեսների առաջացման պատճառ կարող են դառնալ: «Սինթետիկ ներքնազգեստները չեն կլանում արտազատվող ոչ մի նյութ, օրինակ՝ քրտինքը, որը տաքացնող հատկություն ունի, իսկ այդ պայմաններում մանրէները ավելի հեշտ են դառնում ախտածին»,- ասում է տիկին Աբգարյանը: Նա նշում է, որ ստրինգ պետք է հագնել տարին մեկ-երկու անգամ՝ անհրաժեշտության դեպքում:
Ինչպես մեզ տեղեկացրեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը, այս դեպքերում սպառողը իր իրավունքները պաշտպանելու համար, առաջին հերթին, պետք է կարողանա ապացուցել, որ վնաս է կրել: Առողջապահական որոշակի ծառայություններից նա պետք է ունենա տեղեկանքներ, փաստաթղթեր: Երբ կապացուցվի, որ վնասի պատճառը այս կամ այն իրի օգտագործումն է, արդեն քաղաքացին կարող է դիմել պետական կառավարման լիազոր մարմին, այն տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունն է, որը տեսչական ստուգման իրավունք ունի: Պարոն Եղոյանը ավելացրեց նաեւ, որ նշված ապրանքները առանց սերտիֆիկատի իրավունք չունեին վաճառվել: Պետք է ճշտվի՝ դրանք սերտիֆիկատ ունե՞ն թե՝ ոչ, եթե ունեն, բայց վտանգավոր են, ապա սերտիֆիկատ տրամադրող մարմինը ինքն էլ պետք է պատասխան տա կեղծ սերտիֆիկատ տրամադրելու համար: «Ցավոք, այսօր Հայաստանում տեսչական ստուգումը սահմանափակված է մինչեւ 70 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողների դեպքում, եւ դրա պատճառով մաքսանենգ ճանապարհով անորակ ապրանքների ներմուծումը Հայաստան՝ չի բացառվում: Այս ամենից հետո՝ տեսչության տրամադրած թղթի հիման վրա, տուժած կողմը կարող է դիմել դատարան եւ փոխհատուցում ստանալ»,- ասում է պարոն Եղոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել