Սակայն ոչ բոլոր սպառողները դրա մասին գիտեն
«Վաճառված ապրանքը հետ չի ընդունվում». այս զգուշացումը մենք կարդում ենք շատ խանութների ցուցափեղկերին: Տեղյա՞կ են, արդյոք, սպառողները, որ ոչ մի խանութ իրավունք չունի վաճառված անորակ ապրանքը հետ չվերցնել: «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, եւ եթե վաճառողը դրա թերությունների մասին նախապես չի տեղեկացրել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել՝ ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ տվյալ խանութի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում, գնման գնի համաչափ իջեցում, նմանօրինակ ապրանքով փոխարինում, առուվաճառքի պայմանագրի լուծում: Սպառողը իրավունք ունի նաեւ պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետեւանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում:
Ինչպես նշում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը, Հայաստանում այս հարցերի վերահսկողությունը ոչ մի պետական, կառավարման մարմնի հսկողության տակ դրված չէ: Այս դեպքում սպառողին մնում է միայն դիմել դատարան: Սակայն, ըստ նրա, սպառողները չեն վստահում դատարաններին եւ այդ պատճառով էլ չեն դիմում: «Դատարաններում կոռուպցիան շատ է, դատական գործը բարդեցված ընթացակարգ ունի, հասարակությունը մտածում է, որ դատարան դիմելը վատ բան է: Նախ մենք պետք է փոխենք մեր ժողովրդի հոգեկերտվածքը»,- ասում է պարոն Եղոյանը: Շատ հաճախ սպառողները չեն դիմում դատարան, որովհետեւ դատարանին վճարվող տուրքերը շատ են: Եթե սպառողը գնել է 4000 դրամի ապրանք եւ դատարանին այդ գործը քննելու համար 5000 դրամ տուրք պետք է տա, պարզ է, որ տվյալ սպառողը դատարան չի դիմի: «Մենք առաջարկել ենք հայեցակարգ, որ պետությունը սպառողներին տուրքերից ազատի, դատարանում մշակվի արագացված քննակարգ եւ որ ստեղծվի մի պետական կառավարման մարմին, որը կկատարի կոորդինացում՝ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում»,- ասում է Աբգար Եղոյանը: Այս հայեցակարգի նախագիծն ընդունվել է, բայց հայեցակարգն չի հաստատվել կառավարության կողմից:
Պարոն Եղոյանը կարծում է, որ սպառողների մեծ մասը չգիտի իր իրավունքները, չգիտի, որ իր իրավունքները խախտվում են: Կազմակերպությունը փորձում է բուկլետներ տպագրելով եւ սպառողներին բաժանելով, լրագրողների միջոցով, մամուլի ասուլիսներ հրավիրելով իրազեկել հանրությանը իր իրավունքների մասին, բայց դա բավարար չէ: «Սպառողը իրազեկված չէ, քանի որ պետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ, մեզ չի օգնում: Պետք է պետությունը ռեսուրսներ տրամադրի: Մենք սոցիալական գովազդ ենք նկարում, հեռուստաընկերությունները մեզնից գումար են պահանջում՝ եթերով ցույց տալու համար՝ դա դիտարկելով որպես կոմերցիոն գովազդ»,- ասում է հ/կ նախագահը: