Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐԻԼԻ 24-Ը՝ ՆԱԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ՕՐ

Մայիս 01,2010 00:00

Ոչ բոլորն են հասկանում օրվա խորհուրդը

Ամեն տարի ապրիլի 24-ին մարդիկ Ծիծեռնակաբերդ են բարձրանում՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, աղոթելու նրանց հոգու հանգստության համար: Որպես կանոն՝ Ծիծեռնակաբերդ բարձրանալու ճանապարհին մարդիկ տխուր, հնարավորինս լուռ են լինում: Այսպես վարվում են շատ շատերը, բայց ոչ բոլորը: «Կան մարդիկ, ովքեր Ծիծեռնակաբերդ են գնում ուղղակի գնալու համար: Երիտասարդները, օրինակ, Ծիծեռնակաբերդը «աղջիկ կպցնելու» վայր են դարձնում եւ առօրեական հաճոյախոսություններն ու ռեպլիկները իրենց հետ բերում են մի տեղ, որը կառուցվել է զոհված՝ մոտ 1 500 000 մարդկանց հիշատակը հավերժացնելու համար»,- բողոքում է 25-ամյա Արեւիկ Սողոմոնյանը: Ոմանք էլ այս օրն ու մարդկանց հոծ բազմությունն օգտագործում են հային հատուկ բիզնես նպատակներով: Ավանդական արեւածաղկի սերմերին այստեղ միանում են որոշ քաղցրավենիքներ, պաղպաղակ, հյութեր եւ նույնիսկ ամենաանհավատալին՝ բիժուտերիա՝ շուրջը խմբված տասնյակ դեռահաս աղջիկներով, ովքեր, մեկը մյուսին հարցնելով, փորձում են ականջօղի ճիշտ ընտրություն կատարել: Բայց օրվա թիվ մեկ բիզնեսը ծաղկի վաճառքն է: «Եկեք, եկեք, ինչի՞ եք հեռու գնում, ընտիր ծաղիկները դեմներդ են, էժանով էս մարալներիս տարեք, համ դուք կպրծնեք, համ էլ մենք»,- բղավում է համալիրի դիմացի մայթին կանգնած ծաղկավաճառ կինը: Իսկ «էժան մարալները» իրականում սովորական գնի կրկնակին արժեն, կակաչը՝ 100 դրամ, մեխակը՝ 150: Ծաղկավաճառները մաթեմատիկական այս բարդ հաշվարկի բացատրությունը միանշանակ ունեն. «Ամոթ է, որ սուգ օրով սենց բան եմ ասում, բայց ուրիշ ճար չունենք, ապրուստի գումար ենք հայթայթում: Տարվա մեջ մի քանի օր ենք առեւտուր անում ու ապրիլի 24-ը այդ «առիթներից» մեկն է»,- ասում է տիկին Ամալյան: Քիչ հեռու կանգնած ալեխառն մազերով տղամարդն էլ ավելացնում է. «Բա ի՞նչ անենք, այ աղջիկ ջան, սոված մեռնե՞նք, հենա արդեն պարզ գիտենք, որ տակ ենք տալու, ուզում են էս 2 կոպեկից էլ զրկեն, չե՞ք տեսնում՝ «Բրաբիոնը» առավոտից ձրի ծաղիկ է բաժանում: Էլ ո՞վ պիտի մեր ծաղիկների վրա նայի, ստիպված եկողին կրկնակիով ենք վաճառում, որ գոնե մեր փողը հանենք»:
 Նմանատիպ բացատրություն ունեն նաեւ արեւածաղկի սերմ վաճառող կանայք ու տատիկները: Բավական է՝ հանկարծ այդ սերմ վաճառողներից 2 քայլ հեռավորության վրա կանգնես՝ մի փոքր հանգստանալու, իսկույն կլսես. «Բալա ջան, մի քիչ հեռու կանգնիր, անցնող-դարձողը չի տեսնում ապրանքս, նույնիսկ կեսն էլ չեմ վաճառել, ախր ոստիկանն առավոտ շուտ 1000 դրամ հարկ է վերցրել էս 2 կիլո արեւածաղկի համար, եկել ծախում եմ, որ չգնամ մուրացկանություն անեմ»:
Ծիծեռնակաբերդի ոչ սովորական այցելուների մյուս խումբն էլ սպառողներն են, ովքեր կամա թե ակամա դառնում են աղտոտողներ: Նրանք ձեռքներին եղած արեւածաղկի սերմերը, հյութի շշերը գետնին են գցում: Նույնիսկ ծաղիկներն են գետնին հայտնվում՝ անմար կրակի շուրջը հայտնվելու փոխարեն, բայց այս երեւույթի արդարացումը եւս գտնվում է. «Բավական երկար ճանապարհ ենք ոտքով անցնում, դրա համար էլ սեմուշկա ենք գնում, որ ճանապարհին զբաղվենք»,- ասում է մի երիտասարդ ու շարունակում ձեռքի եղածը գետնին թափել, իսկ խնդրանքիս. «Աղբամանները շատ են, գոնե այնտեղ թափիր»,- հետեւում է հաջորդ արդարացումը. «Նենց եք ասում, ոնց որ բոլորը գետնին չեն թափում ու հետո, քուրիկ ջան, գնա գործիդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել