Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողեց երկու աչք՝ լաց լինելու համար»

Մայիս 01,2010 00:00

\"\"«Խոպանչիները»՝ ռուս շամիրամների գերի

Կապուտաչյա, թխամաշկ, բոյը՝ 1,78, Թալինի շրջանի Մաստարա գյուղի Արամին գյուղի բնակիչներն անվանում են «Արա Գեղեցիկ»: Գյուղի կանանցից շատերն էին գրեթե ամեն օր սուրճի պատրվակով այցելում Քնար մորաքրոջ՝ Արամի մայրիկի տուն՝ գովելու իրենց աղջիկներին: Մինչդեռ տղան արդեն իր աչքի տակ ուներ պահած իր «Նվարդին»՝ Սեդային: Բնականաբար, ինչպես գյուղի աղջիկները, այնպես էլ Սեդան անտարբեր չկարողացավ մնալ գեղեցկադեմ տղայի հանդեպ: Շուտով նրանք արդեն ընկերություն էին անում, 4 ամիս հետո նշանվեցին, 2 ամիս հետո էլ՝ ամուսնացան:
«Ընդամենը հասցրեցի երջանիկ մեկ տարի անցկացնել Արայի հետ: Գյուղում գործ չկար, Արան էլ մի օր ասաց, որ պետք է մեկնի Ռուսաստան՝ ընկերոջ մոտ աշխատելու: Ինչ արած՝ ուզեի, թե չուզեի: Արան գնաց ու այդ գնալն էր, որ գնաց՝ այլեւս չվերադարձավ»,-պատմում է կինը:
«Երբ մի օր զանգեց ու ասաց, որ էլ չի գալու, որ իրեն չսպասենք ու իր վրա հույս չդնենք՝ ավելացնելով, որ ինքը այնտեղ ամուսնանում է, Սեդաս արդեն 3 ամսական հղի էր, խեղճ երեխեն այդ ապրումներից վիժեց: Չնայած գիտեր՝ մարդը էլ չի գալու, ինչ գործ էլ աներ՝ գուլպա գործեր, լվացք փռեր՝ աչքը միշտ էն ճամփին էր, որով էն աննամուսը գնաց, նույնիսկ կով կթելիս մատներն իրենց գործը կանեին, իսկ ինքը կովի փորատակով կնայեր ու կլացեր»,- պատմում է տիկին Քնարը:
Շուտով Սեդայի վիճակը ավելի վատացավ: «Սարսափում էր ամեն ինչից, վախենում էր մենակ քնել: Ասի՝ բալես, արի իմ կողքը քնի, գալիս պառկում էր, բայց ամբողջ գիշեր աչք չէր կպցնում, իսկ թե մի պահ աչքը կպներ՝ վեր էր թռնում, արցունքն աչքին ասում՝ մամ, երազիս երեխես էր եկել, ասում էր՝ պապան ձեզ տնից լարելու ա: Ինչ անեի՝ չգիտեի: Մի տղամարդ էլ չկար, իմ մարդը մահացած, Սեդայիս պապան էլ: Սեդայի մամայի՝ Լուսիկի հետ մի օր գնացինք մեր հարեւան վախ բռնող Անժիկին բերեցինք, որ երեխի վախը բռնի, էն էլ ի՞նչ բռնել, երեխես էդ կախարդին տեսավ՝ վախը ավելի խորացավ»,- ասում է տիկին Քնարը:
Այդ բոլոր դժբախտությունների հետ մեկտեղ, աղջկա չարաբաստիկ երազն էլ կատարվեց: «1,5 տարի նույն վիճակն էր, մածուն, պանիր էի ծախում, ես ու Սեդաս յոլա էինք գնում: Մի օր էլ տենանք էդ աննամուսը եկել, հիմա էլ տունն է ուզում ձեռներիցս առնի: Ոնց որ սիրտը քարացած լիներ, մերն եմ՝ ոչ ինձ նայեց, ոչ կնգան: Ասեց՝ ծախելու եմ տները, ու ծախեց, առանց սիրտը ցավալու մեզ դուրս շպրտեց: Ես ու Սեդաս մնացինք դուրսը, ուր գնայինք, երկու կովերին էլ վերցրեցի՝ գնացինք Լուսիկի տուն»,- պատմում է տիկին Քնարը:
Այսօր գյուղում Արամին ոչ ոք այլեւս հիշել չի ցանկանում եւ շատ կանայք էլ այդ դեպքերից հետո ուրախ են, որ իրենց աղջիկներին Արամին հարս չտվեցին:
Չնայած տեղի ունեցած դժբախտություններին՝ այսօր երեք կանայք միասին ապրում են հաշտ, օրվա հացի գումարը արդար քրտինքով վաստակում ու Սեդային ամուսնացնելու ծրագրեր կազմում: Բայց Սեդայի սիրտը կոտրված է: Սեդան գրեթե միշտ արցունքն աչքերին է, չի կարողանում մոռանալ տեղի ունեցածը եւ չնայած ամուսնու արարքներին՝ թաքուն շարունակում է սիրել նրան, ինչպես տիկին Քնարն է ասում, երբեմն լսում է, թե ինչպես է գիշերը Սեդան բարձրաձայն խոսում. «Ինչի տենց բան արեցիր, Արամ ջան, ինչի իմ բալին ինձանից խլեցիր, ինչի մեր տունը ծախեցիր, բան չթողեցիր, մենակ երկու աչքս թողեցիր՝ լացելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել